Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
6-8․ Բայց մի՞թե բոլորը նրա մասին առակ ու ծաղրական երգ չեն հյուսի՝ ասելով ․ «Վա՜յ նրան, ով անչափ հարստանում է նրանով, ինչն իրենը չէ, մինչև ե՞րբ, և ծանրաբեռնում է իրեն գրավներով»: [6] Մի՞թե հանկարծակի չեն ելնի նրանք, ովքեր պիտի տանջեն քեզ, և մի՞թե քո դեմ դուրս չեն գա ավազակները, և դու չես դառնա նրանց ավարը։ Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, այնպես էլ քեզ պիտի կողոպտեն մյուս բոլոր ազգերը՝ մարդկային արյուն թափելու, երկրի, քաղաքի ու նրա բոլոր բնակիչների կործանման համար։ (Սինոդական թարգ․)
Առաջին «վայը» վերաբերում է թշնամի ազգին, որը, ինչպես 5−րդ համարում, մարմնավորված է մեկ մարդու կերպարով: Նա մեղադրվում է իր անսահման ընչաքաղցության համար, որի պատճառով նա անգթորեն կողոպտել է բազմաթիվ ազգեր ու քաղաքներ։ Նա իրեն չափազանց ծանրաբեռնել է «գրավներով» կամ «գերիներով» (եբր.՝ «աբտիտ», տե՛ս 6-րդ համար): Վերջին խրթին արտահայտությունը ռաբբիներն ու ասորերեն թարգմանությունն ընկալել են որպես բաղադրյալ բառ՝ կազմված «աբ» (ամպ, թանձրություն) և «տիտ» (ցեխ, տիղմ) արմատներից, այսինքն՝ «ցեխի կույտ»: Նման ընկալման մասին տեղեկանում ենք հրեա ուսուցիչներից և Հերոնիմոսից: «Ուշադրությո՛ւն դարձրեք այն բանին,− ասում է նա,− թե նա որքան նրբորեն է կուտակված հարստությունը «ցեխի կույտ» կոչում (Երանելի Հերոնիմոս. «Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր», Կիև, 1898, էջ 162): Պատիժը լիովին կհամապատասխանի Բաբելոնի ոճրագործությանը․ նրա կողմից կողոպտված ազգերը վրեժխնդրությամբ ու տոկոսներով հետ կպահանջեն իրենց բարիքները (տե՛ս 7-րդ համար), իսկ նա նրանց համար ամբողջությամբ կողոպուտի բաժին կդառնա (7-8-րդ համարներ, Ես. 33:1):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Արդարեւ, սրանք, այս բոլորը նրա մասին պատմութիւններ չե՞ն յօրինի. նրան կը մտցնեն երգերի մէջ եւ կ՚ասեն. «Վա՜յ նրան, ով իւրացնում է այն, ինչ իրենը չէ. մինչեւ ե՞րբ նա այդքան շատ պիտի ծանրացնի իր տանջօղակները,
(Արարատ թարգ․) Մի՞թե սրանք բոլորը նրա դեմ առակ չեն պատմելու և ծաղրական հանելուկներ նրա դեմ չե՞ն ասելու. «Վա՜յ իրենը չեղածը շատացնողին. մինչև ե՞րբ. և իր վրա ծանր գրավներ բեռնողին»։
(Գրաբար) Ոչ ապաքէն զայս ամենայն առակ՝ զնմանէ առակեսցեն. եւ զնա արկցեն յերգ եւ ասասցեն. Վայ որ յաճախէ անձին իւրում՝ որ ոչ իւր իցէ. եւ մինչեւ ցե՞րբ ծանրացուցանէ զանուր իւր ծանրութեամբ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: