Բացատրական Աստվածաշունչ
Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
9-15. Դու մերկացրեցիր Քո աղեղը՝ ցեղերին տրված խոստման համաձայն։ Դու հոսանքներով ճեղքեցիր երկիրը։ [9] Տեսնելով Քեզ՝ լեռները դողացին, ջրերը հորդեցին. անդունդն արձակեց իր ձայնը և վեր բարձրացրեց իր ձեռքերը: Արևն ու լուսինը կանգ առան իրենց տեղում՝ Քո թռչող նետերի լույսի առաջ, Քո շողարձակող նիզակների փայլի առաջ։ Դու բարկությամբ քայլում ես երկրի վրա և զայրույթով ոտնակոխ անում ազգերին։ Դու ելնում ես Քո ժողովրդի փրկության համար, Քո օծյալի փրկության համար։ Դու ջախջախում ես անօրենի տան գլուխը՝ մերկացնելով այն հիմքից մինչև վերև։ Դու խոցեցիր նրա առաջնորդների գլուխը հենց իրենց նիզակներով, երբ նրանք մրրիկի պես սուրացին՝ ջախջախելու ինձ, ցնծության մեջ էին, կարծես գաղտնի մտադիր էին կուլ տալ աղքատին։ Դու Քո ձիերով ճանապարհ հարթեցիր ծովի միջով՝ մեծ ջրերի անդունդներով։
(Սինոդական թարգ․)
Այս բաժնի ընդհանուր իմաստը պարզ է. ինչպես երևում է 12−րդ համարից, այստեղ պատասխան է տրվում այն հարցին (8-րդ համար), թե որն է բնության փառահեղ ու կործանարար երևույթների նշանակությունը և հիմքը, որոնք ուղեկցում են Աստծու հայտնությանն աշխարհում: Աստծու բարկությունն ուղղված է ոչ թե ծովի և գետերի, այլ մարդկանց դեմ՝ իրենց անօրենությամբ Աստծուն բարկացրած հենց քաղդեացիների և նրանց նման ազգերի հանդեպ: Սակայն մանրամասների ընկալումը դժվարանում է եբրայերեն և հունարեն տեքստերի տարբերության պատճառով: Առանց երկու տեքստերի մանրամասն համեմատության և հաշտեցման՝ սահմանափակվում ենք սույն բաժնում մարգարեի խոսքի բովանդակության հակիրճ վերլուծությամբ և բացատրությամբ:
9−11−րդ համարները, դատելով այստեղ բովանդակվող պատկերներից, հիշեցնում են Մովսեսի օրոք Կարմիր ծովով հրեաների հրաշագործ անցման (9−րդ համար, Ելք 14:21), Նավեան Հեսուի ժամանակ նախքան Պաղեստինի գրավումը Հորդանան գետն անցնելու (Հես. 3։16), ինչպես նաև նույն ժամանակ արեգակի կանգ առնելու հրաշալի պատմությունները (11-րդ համար, Հես. 10:13): Այս հիշեցումը նպատակ ունի մարգարեին լսողների կամ ընթերցողների մեջ վերականգնել Աստծու անսահման զորության գիտակցությունը, ինչպես նաև Տեր Աստծու անհաղթելի զորությունը այն ազգերի դեմ պայքարում, որոնք թշնամաբար են տրամադրված ընտրյալ ժողովրդի և տարբեր ժամանակներում նրա միջից ելած աստվածային ճշմարտության ազդարարների հանդեպ (12-րդ համար): «Եվ Քո կողմից ուղարկված քարոզիչների դեմ ազգերի ապստամբության ժամանակ Դու,- ասում է մարգարեն,- այնուամենայնիվ կմնաս երկայնամիտ՝ ունենալով անասելի զորություն և բոլոր տեսակի պատժիչ միջոցների առատություն, թեև մեկ մկրտությամբ կարող ես կործանել ամբողջ երկիրն իր բնակիչներով» (Երանելի Թեոդորիտոս. «Ամբակում մարգարեի գրքի մեկնություն», Ս. Պոսադ, 1907 թ., էջ 36-37): Վերջապես, 13−րդ համարում հստակ և որոշակի ցույց է տրվում ամբողջ աստվածհայտնության նպատակը՝ Աստծու օծյալի կամ օծյալների փրկությունը: «Օծյալ» (եբր.՝ «մաշիախ») անվան տակ՝ ըստ աստվածաշնչյան գործածության, ինչպես շատ այլ տեղերում, այստեղ ևս կարելի է հասկանալ Հուդայի թագավորին, քանի որ հրեա թագավորները, որպես Աստծու կողմից կարգվածներ, սովորաբար կոչվում էին այդ անունով (Ա Թագ. 2:10, 35, 12:3, 5, 16:6, 24:7, 11, 26:9, 11, Սաղմ. 2:2, 17:51, 19:7, Ողբ 4:20 և այլն): Բայց քանի որ Հուդայի վերջին թագավորներն իրենց աստվածապետական կոչմանն անարժան մարդիկ էին, ուստի այդ պատվավոր և սուրբ անվան ներքո ավելի բնական է հասկանալ Աստծու ողջ ժողովրդին, ընդ որում՝ ավելի շատ իր գաղափարական իմաստով, քան կոնկրետ իրականության մեջ:
Քննարկվող՝ «Օծյալ» տերմինի նման լայն իմաստն ընդհանուր առմամբ հայտնի էր Հին Կտակարանին, որտեղ բացի թագավորներից՝ «օծյալ» էին կոչվում նաև նահապետները՝ հրեա ժողովրդի նախահայրերը (Սաղմ. 104:15), ապա քահանայապետները (Ղևտ. 4:3, 5, 16), իսկ ավելի ուշ և միայն մեկ տեղում՝ Պարսից Կյուրոս թագավորը (Ես. 45։1): Ամբողջ հրեա ժողովրդի վերաբերյալ, ըստ երևույթին, այս անունը գործածվում է Սաղմ. 88:39, 52 համարներում (հմմտ. Սաղմ. 83։10), ինչպես նաև, հավանաբար, այս քննարկվող հատվածում: Վերջապես, մարգարեական մտահայեցողության հեռանկարում Մաշիախ (Մեսիա, Քրիստոս) անունով մեկ անգամ չէ, որ նկատի է առնվում գալիք Քրիստոս Փրկիչը (Սաղմ. 2:2, Հովհ. 1:41, 4:25), ինչպես նաև Նրա բոլոր հետևորդները, որպես Նրա օծությանը մասնակից: Այս իմաստով երանելի Թեոդորիտոսը 13−րդ համարի առնչությամբ նշում է. «Մարգարեն օծյալներ է անվանում կոչման արժանացածներին, հավատքով քարոզը ընդունողներին և աստվածային Հոգու շնորհին արժանացածներին» (նույն տեղում, էջ 37):
13−րդ համարի երկրորդ կեսն արտահայտում է Աստծու նախախնամության հովանավորության գաղափարը Իր ընտրյալների հանդեպ՝ նրանց չար թշնամիների, ամենայն հավանականությամբ քաղդեացիների պատժի միջոցով: Աստծու ժողովրդի թշնամիների և նրանց ստրկացնողների հանդեպ Տիրոջ պատժի անխուսափելիության գաղափարը գերիշխում է նաև հաջորդ՝ 14-րդ և 15-րդ համարներում: Երանելի Թեոդորիտոսը 14−րդ համարի իմաստը հետևյալ կերպ է շարադրում. «Երբ Քո զորությունը հայտնի դառնա բոլոր մարդկանց, այնժամ բարձրագույն իշխանությամբ օժտվածները կպատվեն այնպիսի սարսափով, որ ոչ թե հանդգնությամբ, այլ գաղտնի և ծածուկ կսկսեն արտահայտել իրենց հակառակությունը, այնպես որ իրավամբ նրանք կնմանեցվեն մուրացկանի, որը չի համարձակվում բացահայտ ուտել, այլ ծամում է այն՝ առանց բերանը բացելու» (նույն տեղում, էջ 37): 15−րդ համարի բովանդակությունը մոտ է 8−րդ համարի երկրորդը կեսին:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Շատ ձիգ կը լարես քո աղեղը իշխանութեան դէմ, - ասում է Տէրը, - երկիրը գետերով պատռուեց:
(Արարատ թարգ․) Բոլորովին մերկացավ քո աղեղը՝ ցեղերին տված քո երդումների և խոսքի համեմատ (Սելա). գետերով ճեղքեցիր երկիրը։
(Գրաբար) Լարելով լարեսցես զաղեղն քո ի վերայ իշխանութեան, ասէ Տէր, գետոց պատառեցաւ երկիր.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: