Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 83

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԵԱՆ ԵՐԳ
   
1․ Այսուհետեւ՝ հնձանների մասին. սաղմոս Կորխի որդիներին
2․ Որքա՜ն հաճելի է քո յարկի տակ, զօրութիւնների՛ Տէր. իմ հոգին քո գաւիթն է ցանկանում ու փափագում:
3․ Սիրտս ու մարմինս ցնծում են կենդանի Աստուծով.
4․ քանզի ճնճղուկը գտաւ տունն իր, տատրակն իր բոյնը, որտեղ ձագեր պիտի դնի. [իսկ ես գտա] քո սեղանը, զօրութիւնների՛ Տէր, թագաւո՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ:
5․ Երանի բոլոր նրանց, ովքեր բնակւում են Տիրոջ տանը, նրանք յաւիտեանս յաւիտենից պիտի օրհնեն քեզ:
6․ Երանի այն մարդուն, որի օգնութիւնը քեզնից է, եւ որը մտքում դրեց ելնել
7․ տրտմութեան հովտից այն վայրը, ուր ուխտ արեց: Նա օրհնութիւն պիտի մատուցի օրէնսդրին:
8․ Զօրութիւնից զօրութիւն պիտի ընթանայ, եւ Աստուած պիտի երեւայ Սիոնում:
9․ Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, լսի՛ր իմ աղօթքը, ակա՛նջ դիր, Յակոբի՛ Աստուած:
10․ Դու ապաւէն ես մեր. տե՛ս, Աստուա՛ծ, ու նայի՛ր քո օծեալի երեսին,
11․ քանզի ինձ համար քո գաւթում լինելու մէկ օրը հազար օր արժէ: Ես նախընտրեցի [լինել Աստծու տան դռների մոտ], քան մեղաւորների յարկի տակ բնակուել:
12․ Ողորմութիւն ու ճշմարտութիւն է սիրում Տէր Աստուածը մեր, որը շնորհք ու փառք պիտի տայ:
13․ Տէրն իր ողորմութիւնը չի զլանայ նրանց, ովքեր անմեղութեամբ են ընթանում: Զօրութիւնների՛ Տէր Աստուած, երանելի է այն մարդը, ով յոյսը քեզ վրայ է դրել: