Ա. Պ. Լոպուխին (†1904)
Դրա համար էլ Տեր Աստված այսպես է ասում. «Ահա թշնամին. նա շրջապատել է ամբողջ երկիրը: Նա պիտի վերացնի քո զորությունը, ու քո պալատները պիտի կողոպտվեն»: (Սինոդական թարգ․)[11]
Մարգարեն այստեղ հայտնում է գործած հանցանքների համար Սամարիային սպասվող պատժի մասին: «Ահա թշնամին. նա շրջապատել է ամբողջ երկիրը». սա ենթադրելի (մոտավորապես, ոչ ճշգրիտ) թարգմանություն է: Եբրայերեն «zaar useviv haarez»−ը անհասկանալի արտահայտություն է: Յոթանասնիցում «zar»−ը (ռուսերեն՝ «թշնամի») հասկացվել է Տյուրոս հատուկ անվան իմաստով ու ամբողջ հատվածը վերագրվել է Տյուրոսին, ինչպես որ դա առկա է նաև սլավոներենում. «Տյուրո՛ս, քո շուրջը գտնվող երկիրը ամայի է դառնալու»: Թարգումում, Թեոդոտիոնի ու Սյումմաքոսի, ինչպես նաև որոշ նոր մեկնիչների մոտ «zur» արտահայտությունը հասկացվում է «նեղություն» (Թարգում՝ «ака»), «արիություն» (Թեոդոտիոն. fortitudo), «շրջափակում» (Սյումմաքոս՝ πολιορκία), «աղետ» (Հիտցիգ) իմաստներով: Մեր տեքստում առկա «և շուրջը» արտահայտությանը եբրայերեն տեքստում համապատասխանում է «useviv» բառը: Սակայն «seviv»−ն առանց «i» մասնիկի ոչ մի տեղ չի կիրառվում որպես նախածանց, բացի այդ սիրիական տեքստում «seviv» արտահայտության փոխարեն բայ է դրված: Այդ իսկ պատճառով ժամանակակից մեկնիչները (Նովակ, Գոոնակեր) ոչ առանց հիմնավորման ենթադրում են, որ նախնական տեքստում ընթերցվել է «jesovev» (շրջապատելու է), կամ էլ ինչպես ընթերցվում է Ես. 23։16, Ա Թագ. 7։16, Սաղմ. 49։7,15 համարներում` «անցնելու է» (Գոոնակեր): Այս պարագայում ամբողջ արտահայտությունը կստանա բացականչական իմաստ. «Թշնամին շրջապատում է երկիրը»: Այստեղ մարգարեն, անկասկած, խոսում է ասորիների մասին: «Նա պիտի վերացնի քո զորությունը» (ussecha)։ «ussecha» արտահայտության ներքո մարգարեն, հավանաբար, նկատի ունի պարիսպներն ու աշտարակները, որոնք պաշտպանում էին Սամարիան: «Քո պալատները» արտահայտության փոխարեն Յոթանասնիցում առկա է «χωραι σου» («քո երկրները»): Յոթանասնիցում եբրայերեն «armon» («պալատներ») արտահայտությունը տարբեր կերպ է թարգմանվում․ Ամոս 1։3 համարի համատեքստի համապատասխան թարգմանվում է «θεμέλιον» (բառացի՝«հիմքերը»), իսկ Երեմ. 17։27−ում՝ «αμποδον, ατρον»:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Դրա համար այսպէս է ասում Տէրը Տիւրոսին. «Այն երկիրը, որ քո շուրջն է, կ՚աւերուի, կը խորտակուի քո ամբողջ զօրութիւնը, եւ կը յափշտակուեն քո գաւառները»:
(Արարատ թարգ․) Սրա համար Տեր Աստված այսպես է ասում. «Թշնամի՜ն պատել է երկրի շուրջը։ Նա քեզնից պիտի խլի քո ուժը, և քո ամրոցները պիտի կողոպտվեն»։
(Գրաբար) Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Տէր Աստուած ցՏիւրոս. Երկի՛րդ որ շուրջ զքև՛ է՝ աւերեսցի. և խորտակեսցի ի քէն ամենայն զօրութիւն քո, և յափշտակեսցի՛ն գաւառք քո։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: