Անգեի մարգարեության մեկնություն 2։3

Ա. Պ. Լոպուխին (†1904)

3-4. «Ո՞վ է մնացել ձեր մեջ, որը տեսել է այս տունն իր նախկին փառքով. և այժմ ինչպե՞ս եք այն տեսնում։ Մի՞թե ձեր աչքերին այն ասես ոչինչ է»։ [3] «Եվ արդ, զորացի՛ր, ո՛վ Զորաբաբել, - ասում է Տերը, - զորացի՛ր, Հեսո՛ւ, Հոսեդեկի՛ որդի, մե՛ծ քահանայապետ, և զորացի՛ր, երկրի ո՛ղջ ժողովուրդ, - ասում է Տերը, - և գործի՛ անցեք, որովհետև Ես ձեզ հետ եմ, - ասում է Զորությունների Տերը»։ (Սինոդական թարգ․)
   
    Հաջորդիվ նշվում է նաև այն գլխավոր հանգամանքը, որը հատկապես կարող էր նվազեցնել և իրապես էլ նվազեցնում էր երկրորդ տաճարը շինողների նախանձախնդրությունը. դա այս նոր տաճարի պարզությունն ու նույնիսկ աղքատությունն էր Սողոմոնի տաճարի շքեղության համեմատ: Իսկ նման համեմատությունը բնական և անխուսափելի էր Սողոմոնի տաճարը տեսած մարդկանց համար: Կասկածից վեր է, որ նման տարեց հասակի մարդիկ կարող էին ներկա լինել Երուսաղեմի տաճարի վերականգնման աշխատանքներին և լսել Անգե մարգարեի խոսքերը, քանի որ բաբելոնյան գերության յոթանասունամյա ժամանակահատվածը հեշտությամբ կարող էին ապրել [ու դեռ կենդանի լինել] գերությունից առաջ ծնված երեխաները և նույնիսկ պատանիները: Եզրասի առաջին գրքի 3−րդ գլխի 12−րդ համարն ուղղակի հաստատում է, որ երկրորդ տաճարի հիմնարկեքի ժամանակ ներկա էին մարդիկ, որոնք տեսել էին նաև նախկին տաճարը: Սակայն այս հատվածի միջոցով հնարավոր չէ ապացուցել որոշ ուսումնասիրողների այն ենթադրությունը, համաձայն որի Անգե մարգարեն ինքը ևս եղել է այդ տարեց մարդկանցից մեկը:

    Մարգարեն միայն նշում է իր ժամանակակիցների թույլ կամք ունենալու փաստը՝ կապված տաճարի սկսված շինարարության հետ ու աներկյուղ խոսում է երկրորդ տաճարի և առաջինի միջև եղած տարբերության իրականության մասին, որպեսզի հետագայում (7−րդ համարի 2−րդ մաս և 9−րդ համար) հատուկ փայլով հայտնվի երկրորդ տաճարի փառքը, որը պիտի անհամեմատ գերազանցի առաջինին: Իսկ այժմ՝ 4−րդ համարում, նա քաջալերում է ամբողջ ժողովրդին, ինչպես նաև նրա երկու ներկայացուցիչներին ու առաջնորդներին, որպեսզի առանց դադարեցնելու շարունակեն սկսված գործը: Այս քաջալերանքը, ինչպես նախկինը (Անգ. 1:5, 7), հնչում է Զորությունների Տիրոջ անունից, իսկ այդ քաջալերանքի բովանդակությունը շարադրված է 5−9−րդ համարներում:

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ասա Յուդայի ազգից Սաղաթիէլի որդի Զորոբաբէլին, մեծ քահանայ Յոսեդեկի որդի Յեսուին եւ ժողովրդի բոլոր մնացորդներին.
(Արարատ թարգ․2:2) «Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին ու Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետին և ամբողջ մնացորդ ժողովրդին ասա՛.
(Գրաբար) Ասա Զորաբաբէլ որդի Սաղաթիելի յազգէ Յուդայ, եւ ցՅեսու Յովսեդեկեայ քահանայ մեծ, եւ ցամենայն մնացորդս ժողովրդեանն.