Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 5:2

Մաղաքիա արք. Օրմանյան

2-18․ Եւ Երուսաղէմում, Ոչխարների աւազանի մօտ մի տեղ կար, որ եբրայերէն անուանւում էր Բեթհեզդա՝ հինգ սրահներով,  որոնց մէջ պառկած էր մի մեծ բազմութիւն հիւանդների, կոյրերի, կաղերի եւ գօսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնուելուն: Եւ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր աւազանը եւ ջրերը խառնում. եւ ով ջրերի խառնուելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկւում էր՝ հիւանդութիւնից նշան անգամ չպահելով: Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիւանդ էր: Երբ Յիսուս տեսաւ, որ նա պառկած ընկած է, եւ իմացաւ, որ դա շատ ժամանակից ի վեր էր, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջ լինել»: Հիւանդը պատասխանեց նրան. «Տէ՛ր, ոչ ոք չունեմ, որ, երբ ջրերը խառնուեն, ինձ աւազանի մէջ իջեցնի. եւ մինչ ես դանդաղում եմ, մէկ ուրիշն ինձնից աւելի առաջ է իջնում»: Յիսուս նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»: Եւ մարդը առողջացաւ, վեր կացաւ, վերցրեց իր մահիճը եւ ման էր գալիս. եւ այն օրը շաբաթ էր: Հրեաները բժշկուած մարդուն ասացին. «Շաբաթ օր է եւ օրինաւոր չէ, որ վերցնես մահիճդ»:  Նա նրանց ասաց. «Նա, որ ինձ բժշկեց, նա՛ ինձ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»:  Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ շրջի՛ր»: Իսկ բժշկուածը չէր իմանում, թէ ո՛վ է նա, որովհետեւ Յիսուս այդտեղից ամբոխի պատճառով հեռացել էր: Այնուհետեւ Յիսուս նրան գտաւ տաճարում ու ասաց նրան. «Ահաւասիկ առողջացար, այլեւս մի՛ մեղանչիր, որպէսզի մի աւելի չար բան չպատահի քեզ»: Մարդը գնաց եւ հրեաներին պատմեց, թէ՝ Յիսուս էր, որ ինձ բժշկեց: Եւ հրեաները Յիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները: Սակայն Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես եւս գործում եմ»: Դրա համար հրեաները առաւել եւս ուզում էին նրան սպանել, որովհետեւ ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաեւ Աստծուն կոչում էր իր Հայրը եւ իր անձը Աստծուն հաւասար էր դասում:
   
    Պրոբատիկեի ավազանը գտնվում էր Երուսաղեմում՝ տաճարի հյուսիսային կողմում։ Բավականին ընդարձակ մի ջրամբար էր, որի շուրջը հինգ սրահներ կային։ Պրոբատիկե անունը հունարեն է և թարգմանվում է ոչխարային կամ խաշնային, որովհետև այդ ավազանը ծառայում էր զոհվելիք ոչխարների թե՛ խմելու և թե՛ լվացվելուն ու սրբվելուն։ Հրեաները այդ ավազանը իրենց լեզվով կոչում էին Բեթհեզդա, որ թարգմանվում է Տուն ողորմության, որովհետև այդ ավազանի ջրով հիվանդներ էին բժշկվում, և հայտնվում էր աստվածային ողորմությունը։ Այստեղ ավելորդ չենք համարում ուշադրություն դարձնել, որ մեր թարգմանությունը «Եւ էր յԵրուսաղէմ ի Պրոբատիկէ աւազանին, որ կոչէր եբրայցերէն Բեթհեզադ՝ հինգ սրահ» պետք չէ այնպես ընկալել, իբրև թե հինգ սրահ խոսքը Բեթհեզդա բառի թարգմանությունն է։ Այլ պետք է հասկանալ. «Եւ էր հինգ սրահ յԵրուսաղէմ ի Պրոբատիկէ աւազանին, որ կոչէր Եբրայեցերէն Բեթհեզադ»։
    Պրոբատիկեի ջրերի բժշկարար լինելը պատահական մի դեպքի հետ էր կապված։ Ավազանի ջրերը մերթ ընդ մերթ խառնվում էին առանց որոշակի և պարբերական օր և ժամ ունենալու, այլ ըստ ժամանակին, որը նշանակում է, թե Աստուծո ուզած ժամանակ։ Եվ ջրերի խառնվելու ժամանակ ով որ առաջինն էր ջուրը նետվում, ինչ ախտ էլ ունենար, անմիջապես կատարելապես բժշկվում էր, առանց հիվանդության հետքը մնալու։ Հրեաների համոզմունքն այն էր, թե Աստուծո կողմից հատկապես մի հրեշտակ էր ուղարկվում ջրերը շարժելու, և ստացած բժշկությունն էլ հրաշքով էր լինում։ Որովհետև ջրերի խառնվելու ժամանակը անորոշ էր և բոլորովին անակնկալ կերպով էր կատարվում՝ ամեն տեսակ հիվանդներ, կաղեր, կույրեր, գոսացյալներ, անդամալույծներ, Պրոբատիկեի հինգ սրահների մոտ խռնված սպասում էին՝ ջրերի խառնվելը առաջինը տեսնելու և առաջինը ջրի մեջ նետվելու ակնկալությամբ։
    Ոմանք ցանկացան Պրոբատիկեի ջրերի խառնվելը ամբողջությամբ բնական պատճառի վերագրել և հանքային ջրերի մերթ ընդ մերթ եռալու և պղպջակներ հանելու երևույթով բացատրել։ Առ այս նպաստավոր գտան այն, որ շատ հունական օրինակներ, ինչպես նաև բազմաթիվ հայ ձեռագրեր, այդ երևույթին պատկանող տողերը չեն պարունակում և զանց են առնում հետևյալ խոսքերը. «Որ ակն ունէին ջրոցն յուզելոյ։ Եւ հրեշտակ Տեառն ըստ ժամանակի իջանէր յաւազանն եւ յուզեր զջուրսն, եւ որ նախ ի շարժումն ջուրցն իջանէր՝ բժշկէր՝ ոչ ունելով նշան հիւանդութեան»։ Իսկ Ավետարանի խոսքերը այսպես են. «Յորս անկեալ դնէր բազմաթիւ յոյժ հիւանդաց, կուրաց, կաղաց, գօսացելոց։ Եւ անդ էր այր մի» և այլն։
    Մենք ավելորդ ենք նկատում հետազոտել, թե բնագրում պակաս տողերը զեղչվա՞ծ են, թե ավելացված բնագրի վրա, որովհետև այդ տողերը հանելով էլ եղելությունը և կարծիքը ստորև հիշատակվում են անդամալույծի բերանով. «Տէր, ոչ զոք ունիմ, թէ յորժամ ջուրքն յուզիցին, արկցէ զիս յաւազանն»։ Իսկ ավետարանիչը, որ պարզապես մի եղելություն և տարածված կարծիք է հիշատակում, մի պարզ պատմություն պատմող է՝ տեսածն ու լսածը հայտնող և ոչ երբեք իրողության ստույգությունը կամ իսկությունը երաշխավորող։ Հիսուս Զատկի առիթով գտնվելով Երուսաղեմում, գալիս է Պրոբատիկեի ավազանի կողմերը և դիտում խռնված հիվանդներին։ Իր ուշադրությունը գրավում է մի անդամալույծ մարդ, որ երեսունութ տարիներից ի վեր մնում էր հինգ սրահների մեջ Պրոբատիկեի ջրով բժշկվելու ակնկալությամբ։ Անշուշտ, Հիսուս տեսնելով, ողորմալից հայացք գցեց նրա վրա և մոտենալով պարզ կերպով հարցրեց. «Ուզո՞ւմ ես առողջանալ»։ Հիվանդի միտքը սևեռված էր Պրոբատիկեի ջրերի խառնվելու վրա և նա պատասխանում է. «Ինչպե՞ս չեմ ուզում, բայց ի՞նչ անեմ, որ ես չեմ կարողանում շարժվել ու ավազան նետվել։ Ոչ մեկին չունեմ, որ ինձ բարձրացնի ու ավազանի մեջ գցի։ Եվ մինչ ես դանդաղորեն շարժվում եմ, արագ շարժվող կամ մարդ ունեցող մեկ ուրիշ հիվանդ ինձանից առաջ է անցնում և բժշկվում, իսկ ես մնում եմ»։ Անշուշտ, անդամալույծը այս խոսքերին ավելացրեց նաև, թե «Բայց դու չե՞ս կարող արդյոք առանց այս ջրերի էլ բժշկել ինձ»։ Հիսուս հավատի այս հայտարարությունը անհրաժեշտաբար պահանջում էր և միայն այդ պայմանով կատարում հրաշալի բժշկությունները։ Անդամալույծի խոսքերը շարժեցին Նրա գութը և բժշկության հրաման արձակեց.«Ելի՛ր, վերցրո՛ւ մահիճդ ու գնա՛»։ Անդամալույծը իսկույն ոտքի կանգնեց, վերցրեց մահիճն ու սկսեց ուրախ, զվարթ շրջել և մոտակայքում գտնվողներին իր ուրախությունը ավետել՝ դեռևս իր տուն գնալու ճանապարհը չբռնած։
    Օրը շաբաթ էր, երբ Հիսուս Պրոբատիկեի անդամալույծին բժշկեց, և անդամալույծն էլ վերցրեց մահիճն ու ճանապարհ ընկավ։ Օրինապահությանը նախանձահույզ հրեաները, անշուշտ փարիսեցիների խմբից, հրաշալի բժշկության լույսի առջև աչքերը փակելով, շաբաթի հանգստյան խնդիրն են արծարծում և հանդիմանում բժշկված անդամալույծին, թե ինչո՞ւ է շաբաթ օրով անկողինը տեղափոխելու աշխատանք կատարում։ Բժշկվածը արդարանալու համար, իրեն բժշկողի հրամանն է մեջտեղ բերում, անշուշտ, նաև մտածելով, որ հրաշք գործող մարդը օրենքի պահանջածն էլ գիտի։ Հրեաները պնդում են իրենց հարցումը. «Ո՞վ է ուրեմն անկողինդ վերցրու և շրջիր ասողը»։ Զարմանալի՜ չարամտություն. Տեղի չեն տալիս և չեն հարցնում, թե՝ «Ո՞վ է քեզ բժշկողը»։ Բժշկվածը շփոթվում և չի կարողանում պատասխանել։ Չէր կարողացել լավ զննել, թե ով էր բժշկողը։ Հանկարծական բժշկությունը հետաքրքրող բազմություն էր հավաքել իր շուրջը, իսկ Հիսուսն էլ կամացուկ հեռացել էր այնտեղից։ Չգիտենալու հայտարարությամբ խոսքը փակվում է և Պրոբատիկեի ամբոխը ցրվում։ Քիչ հետո բժշկող Հիսուսն ու բժշկված անդամալույծը տաճարում հանդիպում են միմյանց։ Անդամալույծը ճանաչում է Նրան ու մոտենում, իսկ Հիսուս մի քանի խորհուրդներ է տալիս նրան՝ ասելով. «Հիվանդությանդ պատճառը քո մեղքերն էին, զգուշացի՛ր վերստին մեղքի մեջ ընկնելուց, միգուցե ավելի ծանր փորձանքներով պատժվես»։ Մեղքերի և ախտերի փոխադարձ կապվածության մասին խոսեցինք Կափառնայումի անդամալույծի բժշկության առիթով (Մատթ․ 9։2-8), հետևաբար, արդեն խոսված նյութը կրկնելն ավելորդ ենք համարում։
    Բժշկվածը կարծեց բարի գործ է կատարում բժշկողի անունը հռչակելով և անմիջապես վերադառնալով իրեն հարցուփորձ անող հրեաների մոտ հաղորդեց. «Ինձ բժշկողի ով լինելը ստուգեցի՝ Նազովրեցի Հիսուսն է»։ Հրեաները, մանավանդ, նախանձահույզ դպիրներն ու փարիսեցիները, ովքեր արդեն Հիսուսի նկատմամբ ատելությամբ էին բորբոքված, առավել ևս են զայրանում և շաբաթի հանգիստը չհարգելու պատրվակով, մեծ հալածանք են ձեռնարկում Հիսուսի դեմ։ Բայց Հիսուս համարձակորեն պատասխանում է նրանց և շաբաթի հանգստյան մասին իր համոզմունքն ու ուղղությունն է լուսաբանում Աստուծո օրինակով. «Աստված միշտ և անդադար մարդկանց բարության համար է գործում։ Ով մարդկանց բարիքի համար է գործում, Աստուծո գործն է կատարում և այն կարող է միշտ և անդադար գործել։ Օրենքով սահմանված հանգիստը չի կարող աստվածային գործը խափանել։ Ես էլ,- ավելացնում է Հիսուս,- քանի որ մարդկանց բարիքի համար է, միշտ գործում եմ, և օրենքի հանգիստը ինձ չի կարող արգելել։ Աստված իմ Հայրն է, և Ես Աստուծո Որդին եմ, ինչպես որ Նա անդադար գործում է մարդկանց բարության համար, այնպես էլ Ես եմ անդադար գործում մարդկանց բարության համար»։
    Հիսուսի տված պատասխանը փոխանակ հանդարտեցնելու հրեաներին, ավելի ևս զայրացրեց նրանց, որովհետև շաբաթը չհարգելու համարձակության վրա ավելանում էր նաև ինքն իրեն Աստուծո հետ համեմատելու և Աստծուն նմանեցնելու հանդգնությունը։ Եվ սկսում էին ասել, թե պետք է որպես հայհոյիչի քարկոծել և սպանել Հիսուսին։ Բայց, դեռևս այդ մտադրությունը գաղտնի խորհրդածություն էր հրեաների համար, որ ավելի ու ավելի մեծացավ ու զայրալից դարձավ, մինչև որ Զատիկից Զատիկ, ճիշտ երկու տարի հետո գործադրվեց։ Դիտելի է նաև, որ սպանության խորհուրդը միշտ հղացվում, կերպավորվում և կատարելության է հասնում Երուսաղեմում։ Քանի անգամ որ Հիսուս Երուսաղեմ է գալիս, այնքան էլ խորհուրդն է վերանորոգվում, բայց երբ Հիսուս թողնում և հեռանում է, խորհուրդն էլ հետաձգվում է։ Եվ եթե նույնիսկ չի խափանվում, բայց գոնե գործնական հետապնդում էլ չի լինում։ Հաջորդ երկու տարիների մեջ հաճախ առիթ պիտի ունենանք այդ ելևէջը նկատել տալու՝ սպանության խորհուրդը ասպարեզ է ելնում, երբ Հիսուս գալիս է Երուսաղեմ, և խոսքը դադարում է, երբ վերադառնում է Գալիլիա։ Հիսուս, որ Իր տնօրինական ընթացքի լրմանն էր հետևում և սպասում Իր ժամի հասնելուն, չէր վարանում խուսափել վտանգներից և զգուշության միջոցներ կիրառել, մինչև Իր չորրորդ և վերջին Զատկի օրը։