Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:45

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որպեսզի լինեք ձեր երկնավոր Հոր որդիները, որովհետև Նա հրամայում է իր արեգակին ծագել և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա»։
   
   Քանի որ այս պատվիրանը մեծ է և պահանջում է խիզախ հոգի և մեծ սխրանք, ուստի Փրկիչը խոստանում է այնպիսի վարձատրություն, որը Նա չի շաղկապել նախորդ պատվիրաններից որևէ մեկի հետ։ Հիսուս այստեղ խոստանում է ո´չ թե երկիրը, ինչպես խոստացել էր հեզերին, ո´չ թե մխիթարություն և ողորմություն, ինչպես սգացողներին և ողորմածներին, այլ` Երկնքի արքայությունը, այլ ա´յն, որ նրանք նման կլինեն Աստծուն այնքանով, որքանով դա հնարավոր է մարդկանց համար. «Որպեսզի լինեք ձեր երկնավոր Հոր որդիները», - ասում է Նա: Նկատի´ր, որ Քրիստոս ո´չ այստեղ, ո´չ էլ նախկինում Աստծուն չի անվանում Իր Հայրը: Ինչպես օրինակ` այնտեղ, երբ Նա խոսում էր երդումների մասին, Աստծուն անվանում էր «Աստված» և «մեծ Թագավոր», իսկ այստեղ անվանում է «մեր Հայրը»: Հիսուս այդպես է վարվում, քանի որ այս հարցի վերաբերյալ քննարկումը ցանկանում է թողնել պատեհ ժամանակի համար:
   Այնուհետև, բացատրելով, թե ինչում է դրսևորվում Աստծու հետ նմանությունը, Քրիստոս ասում է. «Որովհետև Նա հրամայում է իր արեգակին ծագել և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա», այսինքն՝ Աստված ոչ միայն չի ատում Իրեն վիրավորողներին, այլև բարիք է գործում նրանց: Իհարկե, այստեղ որևէ տեսակի հավասարության մասին խոսք լինել չի կարող, քանի որ ոչ միայն Աստծու գործած բարիքները, այլ նաև Նրա մեծավայել արժանավորությունը գերազանցում է ամեն բան, ինչ հնարավոր է պատկերացնել: Քեզ վիրավորում է քեզ նման մեկը, իսկ Աստծուն՝ ծառան, և այնպիսի´ ծառան, որն այդ նույն Աստծու կողմից անթիվ բարիքների է արժանացել:
   Դու, աղոթելով թշնամուդ համար, նրան բարիք ես գործում խոսքերով, իսկ Աստված բարեգործություն է անում նրան շատ ավելի մեծ և սքանչելի գործերով՝ լուսավորելով նրան արևով և տարվա մեջ որոշակի ժամանակահատված անձրև տեղալով նրա վրա: Եվ այդ ամենի հետ մեկտեղ, այնուամենայնիվ, ես ընդունում եմ Աստծու հետ քո նմանությունը (աստվածահավասարությունը), որքանով դա հնարավոր է մարդու համար: Ուրեմն, մի´ ատիր այն մարդուն, որը քեզ չարիք է պատճառում, քանի որ նրա «միջոցով» դու այդպիսի օրհնություններ ես ձեռք բերում և այդքան մեծ պատվի ես հասնում: Մի´ անիծիր քեզ վիրավորողին, հակառակ դեպքում դու կրելու ես վիրավորանքը, սակայն զրկվելու ես պտղից, կրելու ես վնասը, բայց չես ստանալու վարձատրությունը: Իսկ դա ծայրահեղանմտություն է՝ կրելով ամենադժվարինը` չդիմանալ ամենահեշտին:
   «Բայց ինչպե՞ս է դա հնարավոր», - կասես դու: Դու տեսնում ես, որ Աստված քեզ համար մարդ դարձավ, որ Նա այդքան խոնարհեցրեց Ինքն Իրեն և այդքան տառապեց քեզ համար, ու դու դեռ հարցնո՞ւմ ես ու տարակուսո՞ւմ, թե ինչպես կարող ես ներել քեզ հավասարի կողմից ստացածդ վիրավորանքները: Չե՞ս լսում, թե Նա ինչ է ասում խաչի վրա. «Ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23:34): Չե՞ս լսում, թե ինչ է ասում Պողոսը. «Համբարձվեց երկինք և նստեց Աստծու աջ կողմում. Նա բարեխոսում է մեզ համար» (հմմտ. Հռոմ. 8:34): Չե՞ս տեսնում, որ Քրիստոս խաչելությունից և երկինք համբարձվելուց հետո էլ առաքյալներ ուղարկեց Իրեն սպանած հրեաների մոտ, և Փրկչի առաքյալները հրեաներին անթիվ օրհնություններ բերեցին, սակայն, միևնույն ժամանակ, անթիվ չարիքների ենթարկվեցին նրանց կողմից: Բայց դու չափից շա՞տ ես վիրավորվել: Այդ ի՞նչ տառապանք ես կրել, որ նման լինի քո Տիրոջ տառապանքներին: Չէ՞ որ Տերը, անթիվ բարիքներ գործելուց հետո էլ շղթայակապվեց, հարվածների ենթարկվեց, գանահարվեց, ծառաների թուքին արժանացավ և, վերջապես, մահվան մատնվեց, այն էլ` բոլոր մահերի մեջ ամենանվաստացուցիչ մահվան:
   Եթե դու շատ ես վիրավորվել, ապա հենց այդ իսկ պատճառով էլ պետք է ավելի շատ բարեգործություններ անես, որպեսզի այդպիսով թե´ ինքդ քեզ համար ձեռք բերես ամենափառավոր պսակը, և թե´ եղբորդ էլ ազատես չափազանց դաժան հիվանդությունից: Երբ խելագարությամբ տառապող հիվանդները հարվածներ և վիրավորանքներ են հասցնում իրենց բժիշկներին, վերջիններս հատկապես հենց այդ ժամանակ ավելի շատ են խղճում ու ջանում են բուժել նրանց՝ գիտակցելով, որ նրանց անամոթությունը գալիս է ծանր հիվանդությունից: Նմանապես նաև դու էլ նույն տրամադրվածությունն ունեցիր քո հանդեպ չարամտություն բանեցնողների նկատմամբ և նույն կերպ վարվիր քեզ վիրավորողների հետ, քանի որ նրանք բոլորովին հիվանդ են և ամեն ինչ անում են լիովին ակամա կերպով: Ուրեմն, քո թշնամուն ազատի´ր իր ծանր հպարտությունից, ստիպի´ր նրան հրաժարվել զայրույթից և վանի´ր նրան այդ դաժան դևից՝ բարկությունից: Դիվահարներին տեսնելով՝ մենք արցունք ենք թափում, բայց չենք մտածում նրանց նման դիվահար դառնալ: Նույն կերպ վարվենք նաև բարկացողների հետ, քանի որ նրանք նույնպես նման են դիվահարներին, կամ նույնիսկ նրանցից էլ ավելի դժբախտ են, քանի որ, չնայած դիվահարված են, սակայն դեռևս չեն թռցրել իրենց միտքը: Ահա´ թե ինչու ներելի չէ նրանց զայրացկոտությունը:
   Այսպիսով, մի´ հարձակվիր ընկածի վրա, այլ կարեկցի´ր նրան: Երբ մենք տեսնում ենք, թե ինչպես է մարդը տանջվում լեղուց, տառապում գլխապտույտից և ջանում դուրս փսխել այդ վնասակար խորխը, մենք անմիջապես ձեռք ենք մեկնում, աջակցում ենք տանջվողին և չենք խուսափում նրանից, նույնիսկ եթե կեղտոտենք էլ մեր հագուստը, այլ միայն ջանում ենք ինչ-որ կերպ ազատել նրան նման ծանր վիճակից: Նմանապես վարվենք նաև զայրացկոտների´ հետ, օգնե´նք նրանց, ինչպես լեղին դուրս փսխողներին և տանջվողներին, ու չթողնենք նրանց այնքան ժամանակ, քանի դեռ նրանք դուրս չեն փսխել իրենց միջի ամբողջ դառնությունը: Եվ երբ այդպիսի մարդը հանդարտվի, նա քեզ իր մեծագույն երախտագիտությունը կհայտնի: Այդ ժամանակ նա հստակ կիմանա, թե ինչ ծանր կացությունից ես դու իրեն ազատել: Բայց ես ինչո՞ւ եմ խոսում նրա´ երախտագիտության մասին: Ինքը՝ Աստված, անմիջապես կպսակի քեզ և կպարգևատրի անթիվ օրհնություններով` այն բանի համար, որ դու եղբորդ ազատել ես այդ ծանր հիվանդությունից: Եվ քո այդ եղբայրն էլ քեզ կհարգի որպես իր ղեկավարի և մշտապես պատկառանք կցուցաբերի քո հեզության նկատմամբ: Չե՞ս տեսնում, թե ինչպես են ծննդաբերության ցավերով տանջվող կանայք կծում իրենց կողքին կանգնած կանանց, և, այդուհանդերձ, վերջիններս ցավ չեն զգում: Ավելի ճիշտ կլինի ասել՝ նրանք զգում են ցավը, բայց միայն խիզախորեն դիմանում են՝ կարեկցելով տանջվողներին և ծննդաբերության ցավերով տառապողներին: Դու նույնպես հետևիր նրանց մեծահոգությանը և կանանցից ավելի թույլ մի´ եղիր: Երբ այդ կանայք ծննդաբերեն, - իսկ զայրացկոտներն իրականում ավելի փոքրոգի (վախկոտ) են, քան իրենք՝ կանայք, - այդ ժամանակ նրանք քեզ կճանաչեն որպես տղամարդ:
   Եթե այս պատվիրանները քեզ համար ծանր են թվում, ապա մտածի´ր, որ Քրիստոս հենց դրա համար է եկել, որպեսզի դրանք տնկի մեր սրտերում և որպեսզի մեզ օգտակար դարձնի թե՛ մեր թշնամիների, թե՛ ընկերների համար: Այդ պատճառով էլ Հիսուս մեզ պատվիրում է հոգ տանել թե՛ մեկի, ու թե՛ մյուսի մասին. եղբայրների մասին՝ երբ ասում է. «Եթե դու քո ընծան մատուցելիս լինես» (Մատթ. 5:23), և թշնամիների մասին՝ երբ մեզ պատվիրում է սիրել նրանց և աղոթել նրանց համար: Եվ Քրիստոս մեզ խրախուսում է կատարել սա՝ ոչ միայն ցույց տալով Աստծո բարության օրինակը, այլ նաև հակադարձ օրինակն է բերում. «Որովհետև եթե դուք սիրեք ձեզ սիրողների՛ն, ի՞նչ վարձ կունենաք: Չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում» (Մատթ. 5:46): Նույնն է հաստատում նաև Պողոսը. «Դուք դեռ արյուն թափելուն չեք հասել՝ մեղքի դեմ պայքարելով» (հմմտ. Եբր. 12:4):
   Այսպիսով, եթե դու կատարում ես թշնամիների հանդեպ սիրո պատվիրանը, ապա մնում ես Աստծու հետ, իսկ եթե հրաժարվում ես այդ պատվիրանը կատարելուց, ապա անցնում ես մաքսավորների կողմը: Տեսնո՞ւմ ես, որ այս պատվիրանները դեռ այնքան էլ մեծ չեն, որքան մեծ է մաքսավորների և Աստծու միջև եղած տարբերությունը: Ուրեմն, եկեք չմտածե´նք պատվիրանի դժվարության մասին, այլ պատկերացնենք դրա դիմաց փոխհատուցվող վարձատրությունը և խորհենք, թե ում նման կլինենք, երբ կատարենք այս պատվիրանը, և ում հետ կհամեմատվենք, երբ չկատարենք այն: Փրկիչը մեզ պատվիրում է հաշտվել մեր եղբոր հետ և չհեռանալ նրանից այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջովին չենք վերացրել թշնամանքը: Իսկ երբ Հիսուս խոսում է բոլորի մասին ընդհանրապես, Նա մեզ վրա այդպիսի պարտավորություն չի դնում, այլ միայն պահանջում է այն, ինչ մեզնից է կախված, և այդպիսով թեթևացնում է օրենքի ծանրությունը:
   Ավելի վերևում Քրիստոս ասաց. «Այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին» (Մատթ. 5:12): Իսկ այժմ էլ, ցանկանալով, որ Իր աշակերտները նույն պատճառով չբարկանան իրենց հալածողների վրա, Հիսուս նրանց (Իր աշակերտներին) հրամայում է ոչ միայն հանդուրժողականություն ցուցաբերել իրենց հետ այդպես վարվողների նկատմամբ, այլ նաև` սիրել նրանց: Տեսնո՞ւմ ես, թե Փրկիչն ինչպես է արմատապես վերացնում զայրույթը, մարմնի, հարստության, փառքի և ներկա կյանքի հանդեպ մոլեռանդ կապվածությունը: Հիսուս այդպես էր վարվել դեռևս Իր քարոզչության սկզբնահատվածում, բայց հիմա շատ ավելի հեռուն է գնում:
   Իսկապես որ, հոգով աղքատը, հեզը և սգավորը իրենցից հեռու են վանում զայրույթը, արդարը և ողորմածն իրենց մեջ ոչնչացնում են հարստության հանդեպ կիրքը: Մաքուր սիրտ ունեցողն ազատ է չար ցանկություններից, հալածվողը, վիրավորանքների և զրպարտությունների ենթարկվողն ունակ է դառնում ժամանակավոր բաների նկատմամբ կատարյալ անտարբերություն դրևորելուն և զերծ է մնում ամբարտավանությունից ու սնափառությունից: Այս եղանակով Իր ունկնդրին ազատագրելով հիշյալ բոլոր կապանքներից և պատրաստելով նրան սխրանքներ գործելուն` Քրիստոս կրկին այլաբանորեն և ավելի մեծ զգուշությամբ արմատախիլ է անում նրա սրտից նշված կրքերը՝ սկսելով զայրույթից և ոչնչացնելով այդ կրքի ամբողջ ուժը` ա´յն ժամանակ, երբ ասում է, որ իր եղբոր վրա բարկացողը, նրան «անմիտ» և «հիմար» անվանողն արժանի է պատժի: Քրիստոս արգելում է, որ ընծա մատուցողը մոտենա զոհասեղանին, քանի դեռ չի դադարեցրել իր թշնամությունը, իսկ հակառակորդ ունեցողին էլ պատգամում է նախքան դատի կանգնելը բարեկամանալ թշնամու հետ:
   Այնուհետ Հիսուս դարձյալ խոսում է ցանկասիրության մասին և ասում է, որ ցանկասեր հայացքով նայողն արժանի է պատժի՝ որպես շնացող: Ցանկասեր կնոջ, տղամարդու կամ իր մերձավորներից որևէ մեկի կողմից գայթակղվողը պետք է իրենից հեռացնի (կտրի) այդ բոլոր գայթակղողներին: Օրինական կին ունեցողը երբեք չպետք է նրան հեռացնի իրենից և իր հայացքն ուղղի մեկ ուրիշի վրա: Իր այս խրատներով Փրկիչն արմատախիլ է անում չար կրքասիրության արմատները: Դրանից հետո էլ Հիսուս զսպում է հարստության հանդեպ սերը՝ արգելելով երդվել, ստել և իրեն «պահել» նույնիսկ սեփական մարմինը ծածկող բաճկոնը: Քրիստոս հրամայում է տալ այդ վերնահագուստը և չխնայել նույնիսկ սեփական մարմինը` ծառայելու համար նրան, ով դրա կարիքն ունի (ով պահանջում է այն): Այսպիսով, Հիսուս վերջնականապես վերացնում է հարստության հանդեպ մոլուցքը:
   Վերջապես, այս բոլոր պատվիրանները Փրկիչը զարդարում է ամենագեղեցիկ պսակով՝ ասելով. «Աղոթե՛ք ձեզ վիրավորողների ու ձեզ հալածողների համար» (Մատթ. 5:44): Եվ այդպիսով Քրիստոս Իր աշակերտներին բարձրացնում է իմաստության ամենավերին գագաթնակետին: Ինչպես որ հարվածներին դիմանալն ավելի բարձր սխրանք է, քան հեզ լինելը, վերնաշապիկն ու վերնահագուստը տալն ավելի կարևոր գործ է, քան ողորմած լինելը, վիրավորանքներին դիմանալն ավելի վսեմ առաքինություն է, քան արդար լինելը, հարվածներին դիմանալը և չդիմադրելը, երբ ստիպում են անել անցանկալին, ավելին է, քան խաղաղարար լինելը, - այդպես էլ հալածանքների մեջ հալածողին օրհնելը շատ ավելի կարևոր է, քան հալածվելը: Տեսնո՞ւմ ես, թե Նա ինչպես է քիչ-քիչ մեզ բարձրացնում դեպի երկինք:

   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ:
   

   Որպեսզի ձեր երկնավոր Հոր որ դիները լինեք, Ով Իր արևը ծագեցնում է չարերի ու բարիների վրա և անձրև բերում արդարների ու մեղավորների համար:

   Այս խոսքով կամենում է թեթևացնել նախապես ասած օրենքը, որպեսզի քեզ ծանր չթվա: Թեև իբրև օրինակ ունես հավատքի զորագլուխ ու իրագործիչ Հիսուսին, բայց, ասում է, երկնավոր Հայրը ևս մեծամեծ նախախնամություններ ու զարմանալիքներ է հարաժամ կատարում գործով, որովհետև արևն էլ ծագում ու ամեն տարի ցող է պարգևում և սա անում է ինչպես արժանավորների համար՝ բարիների և արդարների, այդպես էլ՝ անարժանների՝ չարերի ու մեղավորների: Ուստի դու մի՛ զլացիր կատարել ավելի փոքր բաները՝ թշնամիներին սիրել և անիծողներին խոսքով օրհնություն ընծայել, որպեսզի դրանով դառնաք երկնավոր Հոր հարազատ որդիներ, Ով «ձեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար» (հմմտ. Ա Պետ. 1։3): Բայց բարի, արդար, չար ու մեղավոր է կոչում մարդկանց ո՛չ բնությամբ, այլ հոժարությամբ. որովհետև բոլորը բնությամբ չար կամ բարի լինել [չեն կարող], քանի որ բնությունն ընդհանուր տեսակն է բովանդակում, իսկ հոժարությամբ ոմանք այսպիսին են, ոմանք՝ այնպիսին:

   Արևը ծագեցնելու և անձրև բերելու վերաբերյալ ոմանք ասացին, որ դրանք Տիրոջից նյութականորեն մատակարարվող [արևն ու անձրևն] են [տարերքների] հակառակ դասերին: Բայց մենք իմանալին ենք հասկանում՝ Որդու՝ ծննդյամբ առաքումը Հորից աշխարհ և Հոգու բաշխումը՝ ըստ այսմ. «Կծագեցնեմ Ինձնից երկյուղածների վրա արդարության արեգակը» (հմմտ. Մաղ. 4։2), և՝ «Ահա՛ Մարդ, և Ծագում է նրա անունը» (Զաք. 6։12), նաև՝ «Վերջին օրերին Իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա» (հմմտ. Հովել 2։28): Որովհետև սրանց ծավալումը հավասարապես շնորհվեց արդարներին ու մեղավորներին՝ ըստ այսմ. «Չեկա միայն արդարներին կանչելու, այլև մեղավորներին՝ ապաշխարության» (հմմտ. Մատթ. 9։13):

   «Բարի» է կոչում նաև հրեշտակներին և «չար»՝ սատանային, որովհետև նրանց ևս պարգևում է նախախնամության շնորհը. հրեշտակներին, վերին [դասերի] միջոցով մինչև ստորինները, բարետուր շարժմամբ անփոփոխ պահում է բարու մեջ, և չար դևերն էլ Աստծո նախախնամությամբ պահվում-մնում են [հրեշտակային] էությամբ ու բնությամբ: Իսկ «արդար» ու «մեղավոր» է կոչում մարդկանց. ովքեր Օրենքով արդարացան, նրանց «արդար» է կոչում, և ովքեր անձնիշխան կամքով գլորվեցին մեղքերի մեջ, «մեղավոր» է հորջորջում: Արդ՝ սրանց նույնպես բարիք է գործում՝ կա՛մ այստեղ, կա՛մ հանդերձյալում. արդարներին՝ և՛ այստեղ, և՛ այնտեղ՝ ըստ այսմ. «Հարյուրապատիկն այստեղ և մշտնջենավորը՝ հանդերձյալում» (հմմտ. Մարկ. 10։30), իսկ մեղավորներին՝ միայն այստեղ՝ կամ ուրիշների օգտի համար, ինչպես այգու ցանկապատը, կամ հարստությամբ օժտելու և ներելու միջոցով ապաշխարության բերելով, կամ էլ սակավ բարի գործերի փոխարենը հատուցելով, ինչպես [առակի] հարուստին  (Ղուկ. 16։25): Ինչպես ասում է, «ծագեցնում է արևը չարերի ու բարիների վրա և անձրև բերում արդարների ու մեղավորների համար»:

   Նաև՝ «արև» է կոչում նախախնամական տեսչությունը՝ ըստ այսմ. «Ծագեցրո՛ւ ողորմությունը» (Սաղմ. 36։11), իսկ «անձրև»՝ փորձությունը, ինչպես այս [խոսքում]՝ «Անձրևը հեռացավ գնաց» (հմմտ. Երգ 2։11), կամ՝ «Անձրևները թափվեցին» (Մատթ. 7։25): Ուրեմն՝ Աստված սա անում է, որպեսզի չարերին այս կյանքում հոգևոր կամ նյութական բարի գործերի հաղորդակից դարձնի, ինչպես բարիներին: Բարիներին [դրանց հաղորդակից է դարձնում] նրանց արժանվորության կամ դեպի առաքինություն ձգտման պատճառով, որովհետև շտապում են դեպի բարի գործերը՝ աճելով [դրանց մեջ] և առընթեր վարձը տեսնելով. իսկ չարերին՝ Իր առատաձեռնության պատճառով, որպեսզի նաև անպատասխան մնան դատաստանի ժամանակ. կամ էլ բարի պարգևներով [Աստված նրանց] զսպում է, որ ավելի մեծ չարիքներ [չգործեն]: Այսպես էլ փորձությունն են կրում մեղավորները իբրև իրենց հատուցում (ինչպես որ շատերը կրեցին՝ Նոյի ժամանակ ջրհեղեղով, նաև սոդոմացիք, փարավոնը, քանանացիք և այլ շատեր), ինչպես նաև իբրև հանդերձյալ տանջանքների թեթևացում: Նաև որպեսզի չկարծեն, թե ամենևին հատուցում չկա չար գործերին (իսկ բոլորը չէ, որ [պատիժ] են կրում, որպեսզի աշխարհը չսպառվի կամ էլ չկարծեն, թե դատաստանի արդարությունն ամբողջապես այս աշխարհում է կատարվում), [փորձություններ] են կրում նաև արդարները՝ կամ որ առավել մաքրվեն մարմնավոր սակավաթիվ տղմային [անմաքրություններից], ինչպես այն Ղազարոսը  (Ղուկ. 16:19-31), կամ որպեսզի նրանց առաքինությունը հրապարակատես լինի, ինչպես Հոբինն ու Աբրահամինը, կամ որպեսզի չծուլանան կամ հպարտանան, ինչպես Պողոսն ու Պետրոսը: Կամ՝ ի խրատ մեղավորների, որպեսզի [վերջիններս], տեսնելով, որ «[եթե] արդարը հազիվ է փրկվում, ապա մեղավորին ու ամբարիշտի՞ն ինչ կլինի» (Առակ. 11։31), ավելի չար չդառնան, ինչպես ասվեց. «Եթե դալար ծառի հետ է սա պատահում, չորի՞ն ինչ կլինի» (հմմտ. Ղուկ. 23։31): Կամ՝ պատահած փորձությունները մեծ վարձատրության պատճառ են լինում, ինչպես առաքյալներինը, և կամ՝ որպեսզի [Աստված] Իր զորությունը ցույց տա թանձրամիտներին, որ կարո՛ղ էր [նրանց] փրկել. [սա] հայտնի է դառնում, երբ հետո չարիքներից հրաշքով ազատում է: Կամ՝ խրատում է, որ տանջանքներով իրենց զսպեն ավելորդություններից, կամ փորձում է մեր կամքը, թե նեղությունների մեջ կչարանա՞նք, թե հոժարությամբ կհամբերենք վտանգներին: Կամ՝ այստեղ դատվելով խրատվում ենք Տիրոջից, որպեսզի «աշխարհի հետ չդատապարտվենք» (Ա Կոր. 11։32), ինչպես ասում է առաքյալը: Կամ էլ՝ [արդարները] ուրիշների մեղքերի պատճառով են փորձություններ կրում, ինչպես որ մի իմաստուն, մի անհնազանդ երեխա տեսնելով, խփեց դաստիարակին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17