Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 7։33

Սուրբ Եփրեմ Ասորի

Եւ Յիսուս, նրան ամբոխից մի կողմ տանելով, իր մատները դրեց նրա ականջների մէջ եւ այնտեղ թքեց, ապա բռնեց նրա լեզուից.

 

  Աստծո աննյութական զորությունը իջնում ​​և հագնում է Նրա այն անդամների վրա, որոնց կարելի է դիպչել, որպեսզի ձգտողները կարողանան մոտենալ դրան: Նրան՝ որպես  մարդու  դիպչելով՝ կարելի է ճանաչել նաև Նրա Աստվածությունը: Ուստի խուլ ու համրին Նա բժշկեց իր մարմնի մատների միջոցով, երբ դրանք մոտեցրեց նրա ականջներին և շոշափեց լեզուն: Շոշափելի մատների միջոցով անշոշափելի Աստվածությունը դիպավ խուլ ու համրին և արձակեց նրա լեզվի կապանքներն ու բացեց ականջների փակ դարպասները: Որովհետև Նա՝ մարմնի արարիչը, եկավ խուլ ու համրի մոտ և Իր մեղմ ձայնով բացեց  նրա ականջները, որոնք այդքան ժամանակ անզգա էին: Նույն կերպ էլ վարվեց նրա՝ փակ և նախկինում որևէ բառ արտաբերելու կարողություն չունեցող շուրթերի հետ, քանզի դրանք փառք տվեցին Նրան, Ով պտղավորեց իրենց անպտղությունը և այդքան առատ պտուղներ տվեց: Ադամին, առանց լեզու սովորեցնելու, խոսքի պարգև Տվողն այժմ էլ համրին է դժվարությամբ յուրացվող լեզուները հեշտությամբ խոսելու կարողություն տալիս (տե՛ս Ծննդոց 1։27- 28, 2։20):

 

 

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ Յիսուս, նրան ամբոխից մի կողմ տանելով, իր մատները դրեց նրա ականջների մէջ եւ այնտեղ թքեց, ապա բռնեց նրա լեզուից.

 

  Նա նրան մի կողմ է տանում, քանի որ փառասեր չէր։ Իրեն խոնարհեցնում է և շատերի առաջ հրաշքներ գործել չի ցանկանում, եթե դա չի պահանջում հանդիսատեսը:

  «Թքելով՝ դիպչում է նրա լեզվին» որպես նշան այն բանի, որ Նրա Սուրբ մարմնի բոլոր մասերը աստվածային և սուրբ են, այնպես որ նույնիսկ թքելն է լեզվի կապերն արձակում: Ցանկացած պարագայում թքելը ավելցուկ է (հյութերի), բայց Տիրոջ մեջ ամեն ինչ հրաշալի և աստվածային է:

 

Ա. Լոպուխին

Եւ Յիսուս, նրան ամբոխից մի կողմ տանելով, իր մատները դրեց նրա ականջների մէջ եւ այնտեղ թքեց, ապա բռնեց նրա լեզուից. (Սինոդական թարգմ․) [33]

        

  Խնդրողները կարծում էին, որ Քրիստոս հիվանդին կբժշկի սովորական ձևով, այսինքն՝ նրա վրա Իր ձեռքերը դնելով։ Սակայն այս դեպքում Տերը բուժման այլ տարբերակ է կիրառում: Հիվանդի ուշադրությունը Իր վրա կենտրոնացնել, նրա մոտ Իր զորության հանդեպ որոշակի հավատ արթնացնել ցանկանալով՝ Տերը, առաջին հերթին, նրան առանձնացնում է ժողովրդից, այսպես ասած՝ մոտեցնում է Իրեն: Հետո Նա այնպիսի գործողություններ է կատարում, որոնք պետք է հիվանդին հասկացնեին, որ Քրիստոս ինչ−որ իմաստով բժիշկ է: Այսպիսով՝ Նա Իր մատները դնում է հիվանդի ականջների մեջ՝ կարծես ընդարձակելով դրանք, ապա թքում է Իր մատների վրա, ինչպես երբեմն հնագույն ժամանակներում անում էին բժիշկները (Կոռնելիուս Տացիտ,  «Պատմություն» IV. 81), և դրանցով բռնում է հիվանդի լեզուն՝ երկուսի միջոցով էլ ցույց տալով հիվանդին բուժելու իր մտադրությունը:
---------------------------------------
[33] (Էջմիածին թարգմ․) Եւ Յիսուս նրան ամբոխից մի կողմ տանելով՝ իր մատները դրեց նրա ականջների մէջ եւ այնտեղ թքեց. ապա բռնեց նրա լեզուից.
(Արարատ թարգմ․) Հիսուսը նրան ժողովրդից հեռու՝ մի առանձին տեղ տարավ, իր մատները նրա ականջների մեջ դրեց և, թքելով, դիպավ նրա լեզվին։
(Գրաբար) Եւ առեալ զնա մեկուսի՛ յամբոխէ անտի, ա՛րկ զմատունս իւր ընդ ականջս նորա՝ եւ եթո՛ւք անդր. եւ կալա՛ւ զլեզուէ նորա.