Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եւ ստիպեց, որ ես հրամայեմ իմ առաջ բերել բաբելացի բոլոր իմաստուններին, որպէսզի երազի մեկնութիւնը յայտնեն ինձ:
Մյուս կողմից՝ դա նաև մոգերին դատապարտելու համար է արվում, որպեսզի նրանք այլևս չասեն. «Թող արքան ասի երազը իր ծառաներին, և մենք կհայտնենք նրա մեկնությունը» (Դան. 2:7)։ Նրանց մեղադրում են այն բանի համար, որ չեն կարողանում անել ո՛չ մեկը և ո՛չ էլ մյուսը: Նրանք կրկին չեն կարողանում ասել. «Այն բանը, որ թագավորն է հարցնում, ծանր բան է, և բացի աստվածներից, որոնք մարմնավորների մեջ չեն բնակվում, չկա ոչ մեկը, որ այն հայտնի թագավորին» (Դան. 2:11)։ Դրանով թագավորը համոզվում է, որ Դանիելը նախկինում ևս ըստ մարդկային իմաստության չէր խոսում. համոզվում է, որ նախկինում ևս իմաստունները ոչ մի առողջ բան չէին ասում, ինչպես ինքն անձամբ խոստովանեց, սակայն նրանց դատապարտող չկար: Եվ երբ, ի դեմս Դանիելի, նրանց համար Հուդայի (այստեղ այս անունն օգտագործվում է «Հերա ժողովրդի» իմաստով) կողմից հանդիմանություն հայտնվեց, նրանք այլևս չհամարձակվեցին ձևացնել: Այսպիսով՝ Աստծո ներշնչմամբ նրանք կրկին հրավիրվում են: Զարմանալի է այն, թե ինչու թագավորը, նման հարցերում Դանիելի ուժը փորձած լինելով, բոլորից առաջ նրան չկանչեց: Աստված Ինքն այնպես կազմակերպեց, որ Դանիելի հաղթանակը լինի նրանց պարտությունից հետո:
Ա. Լոպուխին
«Եվ ես հրամայեցի, որ ինձ մոտ բերեն Բաբելոնի բոլոր իմաստուններին, որպեսզի նրանք ինձ ասեին երազի նշանակությունը»։ (Սինոդական թարգ․) [3]
Իմաստունների կողմից ավելի վաղ դրսևորված անկարողությունը (Դան. 2:1–11), սակայն, Նաբուգոդոնոսորին չի խոչընդոտում, որպեսզի երազի բացատրության համար դիմի նրանց: Նրանք չեն կարողանում բացահայտել երազը (Դան. 2:8–11), սակայն դրա բովանդակությունն իմանալու դեպքում (Դան. 2:4, 7) չեն հրաժարվում այն բացատրելուց։ Սա նկատի ունենալով էլ թագավորը դիմում է նրանց օգնությանը:
-------------------------------
[3](Էջմիածին թարգ․) եւ ստիպեց, որ ես հրամայեմ իմ առաջ բերել բաբելացի բոլոր իմաստուններին, որպէսզի երազի մեկնութիւնը յայտնեն ինձ:
(Արարատ թարգ․ 4։6) Եվ ես հրամայեցի, որ իմ առաջ բերեն Բաբելոնի բոլոր իմաստուններին, որպեսզի ինձ իմացնեն երազի մեկնությունը։
(Գրաբար) Եւ տուաւ հրաման յինէն ածել առաջի իմ զամենայն իմաստունս Բաբելացւոց, զի զմեկնութիւն երազոյն ցուցցեն ինձ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: