Երեմիայի մարգարեության մեկնություն 5:10

Ա․ Լոպուխին

10-11. «Բարձրացե՛ք նրա պատերի վրա և քանդե՛ք, բայց ոչ ամբողջությամբ. ոչնչացրե՛ք նրանց ատամները, որովհետև նրանք Տիրոջը չեն»։ [10] ««Որովհետև Իսրայելի տունը և Հուդայի տունը Ինձ հետ վարվեցին շատ անհավատորեն», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն Եհովայի անունից  Երուսաղեմի պարիսպներին բարձրանալու և դրանք կործանելու, դրանց հպարտորեն բարձրացող աշտարակները ոչնչացնելու  հրավերով դիմում է Հուդայի թշնամիներին։ Այնուամենայնիվ, մարգարեն նկատում է, որ այդ կործանումը վերջ չի դնելու ժողովրդի գոյությանը (դա ամբողջական ոչնչացում չի լինելու)։ Որոշ մեկնաբաններ (Կորնիլլ) «պարիսպների» ներքո հասկանում են խաղողի այգու ցանկապատը, իսկ «ոստերի» ներքո՝ որթատունկի բողբոջները։ Ըստ այդ մեկնաբանության՝ մարգարեն այստեղ խոսում է հրեա ժողովրդի մասին, որը Եսայի մարգարեի մոտ ևս (Ես․ 5:2) ցանկապատով շրջապատված խաղողի այգու պատկերով է նկարագրվում։

   
10-19. «Բարձրացե՛ք նրա պատերի վրա և քանդե՛ք, բայց ոչ ամբողջությամբ. ոչնչացրե՛ք նրանց ատամները, որովհետև նրանք Տիրոջը չեն»։ ««Որովհետև Իսրայելի տունը և Հուդայի տունը Ինձ հետ վարվեցին շատ անհավատորեն», - ասում է Տերը»։ «Նրանք ուրացան Տիրոջը և ասացին. «Նա չկա, և պատուհաս չի գա մեզ վրա, և մենք չենք տեսնելու ո՛չ սուր, ո՛չ սով»»։ «Եվ մարգարեները կդառնան քամի, և Տիրոջ խոսքը նրանց մեջ չէ. թող այդպես լինի նրանց»։ «Դրա համար այսպես է ասում Զորությունների Տեր Աստված. «Այն բանի համար, որ դուք այսպիսի խոսքեր եք ասում, ահա, Ես Իմ խոսքերը քո բերանում կրակ եմ դարձնում, իսկ այս ժողովրդին՝ փայտ, և այս կրակը պիտի լափի նրանց»»։ «Ահա, Ես ձեզ վրա, Իսրայելի տո՛ւն, հեռվից մի ժողովուրդ եմ բերելու, - ասում է Տերը, - մի հզոր ժողովուրդ, հին ժողովուրդ, մի ժողովուրդ, որի լեզուն դու չգիտես և չես հասկանա, թե նա ի՛նչ է խոսում»։ «Նրա կապարճը բաց գերեզմանի պես է. նրանք բոլորը քաջ մարդիկ են»։ «Եվ նրանք պիտի ուտեն քո հունձքը և քո հացը, պիտի ուտեն քո որդիներին ու քո դուստրերին, պիտի ուտեն քո ոչխարներին ու քո եզներին, պիտի ուտեն քո խաղողն ու քո թուզը. սրով պիտի քարուքանդ անեն քո ամրացված քաղաքները, որոնց վրա դու հույս ես դրել»: «Բայց նույնիսկ այդ օրերին էլ, - ասում է Տերը, - ձեզ ամբողջությամբ չեմ ոչնչացնելու»։ «Եվ եթե դուք ասեք. «Ի՞նչ պատճառով է Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն անում մեզ հետ», ապա պատասխանի՛ր. «Քանի որ դուք թողեցիք Ինձ և ձեր երկրում ծառայեցիք օտար աստվածների, ուստի դարձյալ օտար [աստվածների] պիտի ծառայեք ձերը չեղող երկրում»»։

   

   Իր մեղքերի համար հրեա ժողովուրդը, անկասկած, պետք է պատիժ կրի։ Նա այդ մասին ոչ մի միտք չի ընդունում, ծիծաղում է իր համար Աստծո դատաստանը կանխատեսող մարգարեների վրա և դրա համար էլ նվաճվելու է հզորագույն հյուսիսային ժողովրդի կողմից։

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Բարձրացէ՛ք քաղաքի աշտարակների վրայ եւ կործանեցէ՛ք, բայց իսպառ մի՛ աւերէք. թողէ՛ք մնան նրա հիմքերը, որովհետեւ դրանք Տիրոջն են:
(Արարատ թարգ․) «Բարձրացե՛ք նրա խաղողի այգիները և ավերե՛ք, բայց լիովին չոչնչացնեք. վերցրե՛ք նրա ոստերը, որովհետև նրանք Տիրոջը չեն։
(Գրաբար) Ելէք ի մարտկոցս նորա եւ կործանեցէք. բայց վախճան մի առնիցէք։ թողէք զհիմունս նորա՝ զի Տեառն են։