Զաքարիայի մարգարեության մեկնություն 8։7

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)

7-8․ «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա ես փրկելու եմ Իմ ժողովրդին արևելքի երկրից և արևի մայր մտնելու երկրից»»։ «Բերելու եմ նրանց, ու նրանք սկսելու են բնակվել Երուսաղեմում ու լինելու են Իմ ժողովուրդը, իսկ Ես նրանց համար լինելու եմ ճշմարտության և արդարության Աստվածը»:
   
   Հնում Աստված փրկեց Իսրայելի սերունդներին՝ պատերազմի պատճառով ցրվածներին, նրանց հավաքելով Երուսաղեմում և բնակվելով նրանց մեջ ա՛յն ժամանակ, երբ նրանք վերականգնեցին աստվածային տաճարը, ու կրկին հնարավորություն ստացան օրենքով սահմանված զոհաբերություններով հաշտվելու Աստծու հետ, աղոթքներ մատուցելու և տոնակատարություններ նշելու։ Բայց հանուն արդարության պետք է ասել, որ «Նա Իր ժողովրդին փրկելու է արևելքից և արևմուտքից» վերագրումը վայել է միայն Էմմանուելին, Որը ձայն տվեց ողջ տիեզերքին՝ ըստ հավատի որսալով երկրի ծայրերում ապրողներին և ազգերի ամբողջ բազմությանը (ժողովին) հավաքելով ճշմարիտ, սուրբ և փառավոր քաղաքում, որն Աստծո կենդանի Եկեղեցին է՝ երկնային Երուսաղեմը։ Իսկ ահա ա՛յն, որ Աստված նաև բնակվե՛ց նրանց մեջ, ապա դա ինչպե՞ս կարելի է կասկածի առարկա դարձնել. չէ՞ որ Նա եղավ մեզ նման՝ մարմնով «ապրեց մարդկանց հետ» (հմմտ․ Բար. 3:38)։ Աստված այդ մասին մեզ կանխագուշակեց նաև մեկ այլ մարգարեի միջոցով՝ ասելով. «Քաջալերվի՛ր, Սիո՛ն, թող չթուլանան քո ձեռքերը: Հզորը՝ Տեր Աստված, քո մեջ է և կփրկի քեզ, ուրախություն կբերի քեզ, կնորոգի քեզ իր սիրով» (Սոփ. 3:16-17)։ Բայց Աստված մեզ հետ է մնում նաև, քանի որ Նա մեզ որբ չթողեց, այլ Իր փոխարեն ուղարկեց Մխիթարչին և Նրա միջոցով մնում է Իրեն սիրողների հետ (տե՛ս Հովհ. 14:16-18), ինչի մասին Ինքն իսկ վկայում է՝ ասելով. «Ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20)։ Այսպիսով, Աստծու ժողովուրդը դարձան նրանք, ովքեր ժամանակին ժողովուրդ չէին և քարերին էին երկրպագում, բայց նողկալով իրենց հին և անմաքուր մոլորությունից՝ խոստովանեցին․ «Մենք ճանաչեցինք Նրան որպես Աստված, և այն էլ՝ ճշմարտությամբ ու արդարությամբ, քանի որ մենք կապված չենք պատկերներին ու ստվերներին, ինչպես տառին հավատարիմները, այլ, մեր մտքում ու սրտում ընդունելով ավետարանական քարոզության լույսը, ճշմարիտ ծառայություն ենք մատուցում և, անխախտորեն հավատարիմ լինելով Տիրոջը հաճելի արդարությանը, մենք երկրպագություն ենք կատարում հոգով։ Քանի որ «Հոգի է Աստված, - ինչպես ասում է Ինքը՝ Որդին, - և Նրա երկրպագուները պետք է հոգով և ճշմարտությամբ երկրպագեն» (Հովհ. 4:24
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա Ես պիտի փրկեմ Իմ ժողովրդին արևելքի երկրից և արևմուտքի երկրից»», (Սինոդական թարգ․) [7]
   
Տե՛ս Զաքարիայի մարգարեության մեկնություն գլուխ 8:4
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ահա ես պիտի փրկեմ իմ ժողովրդին արեւելեան երկրից եւ արեւմտեան երկրից,
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Զորքերի Տերը. Ես ահա իմ ժողովրդին ազատելու եմ արևելյան երկրից և արևմտյան երկրից
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր ամենակալ. Ահաւասիկ ես փրկեմ զժողովուրդ իմ յերկրէ արեւելից՝ եւ յերկրէ արեւմտից.