Զաքարիայի մարգարեության մեկնություն 9։13

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Քանզի Ինձ համար Հուդային պիտի ձգեմ որպես աղեղ, և լարեմ աղեղը Եփրեմով, և, ո՛վ Սիոն, պիտի ոտքի հանեմ քո որդիներին՝ ընդդեմ քո որդիների, ո՛վ Հունաստան, և քեզ պիտի դարձնեմ ռազմիկի սուր»։ (Սինոդական թարգ․) [13]
   
   Հեթանոս կեղեքիչների և նրանց կողմից հարստահարվող հրեա գերիների դերերը պիտի փոխվեն: Հուդան ու Եփրեմը Աստծու ձեռքին պիտի դառնան պատերազմական զենքեր՝ հեթանոսների դեմ ուղղված նետ ու աղեղ, իսկ Աստծու ձեռքին նույնիսկ թույլ զենքն է անպարտելի դառնում: Սիոնի որդիները պիտի ելնեն Հունաստանի որդիների դեմ և նրանց դեմ հաղթական պայքար մղեն: Այսպիսով, 13−րդ և հաջորդող համարներում մատնանշվում է աստվածամարտ թագավորությունների դեմ Աստծու ձեռքի գործիք հանդիսացող ընտրյալ ժողովրդի պայքարի անհրաժեշտության մասին։ Այս պայքարն այն բանի համար է, որպեսզի իրականություն դառնա համընդհանուր խաղաղության թագավորության հիմնումը, որի մասին կանխագուշակվում է 10−րդ համարում: Զաք. 9:13−ի մարգարեությունը կարելի է վերագրել Մակաբայեցիների՝ Ասորիքի հույն թագավորների՝ Սելևկյանների դեմ մղած պայքարին, որը հաճախ հաղթական ընթացք է ունեցել:

   Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին այստեղ մեկ այլ բնույթի հաղթանակ է նշմարում. «Սիոնի ո՞ր որդիներ են ելել հելլենների որդիների դեմ, եթե ոչ աստվածային աշակերտները և նրանք, ովքեր հետագայում դարձան եկեղեցիների առաջնորդներ… Նրանք կռվում են հելլենների որդիների և մաքառում մոլորյալների դեմ» (էջ 129): Վերոնշյալի նման ընկալում հանդիպում ենք նաև երանելի Թեոդորիտոսի մոտ:

   Զաքարիայի 9:13−րդ համարի մարգարեությունը կարելի է առնչել Ասորիքի հույն թագավորների (Սելևկյանների) դեմ Մակաբայեցիների մղած կռիվներին (դրանք հաճախ են հաղթական եղել): Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին այստեղ մեկ այլ տեսակի հաղթանակ է նշմարում. «Սիոնի ո՞ր որդիներ են դուրս եկել հելլենիզմի զավակների դեմ, եթե ոչ աստվածային աշակերտները, որոնք հետագայում դարձել են եկեղեցիների առաջնորդներ… Նրանք կռվում են հելլենիզմի որդիների և մաքառում մոլորյալների դեմ» (էջ 129): Վերոնշյալի նման ընկալման հանդիպում ենք նաև Երանելի Թեոդորոսի մոտ:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ես քեզ, ո՛վ Յուդայի երկիր, ինձ համար պիտի լարեմ ինչպէս աղեղ, պիտի լցնեմ նաեւ Եփրեմի երկիրը, իսկ քո որդիներին, ո՛վ Սիոն, ոտքի պիտի հանեմ Յունաստանի դէմ, պիտի յեսանեմ քեզ ինչպէս ռազմիկի պողպատէ սուսեր»:
(Արարատ թարգ․) Որովհետև Հուդան պիտի լարեմ իմ աղեղի նման և Եփրեմը՝ նետի և քո որդիներին, ո՛վ Սիոն, պիտի գրգռեմ քո որդիների դեմ, ո՛վ Հունաստան, և քեզ զորավորի սրի նման պիտի դարձնեմ։
(Գրաբար) Զի լարեցից զքեզ ինձ Յուդայ իբրեւ զաղեղն. լցի եւ զԵփրեմ. եւ զարթուցից զորդիս քո, Սիոն, ի վերայ որդւոցն յունաց. եւ շաւշափեցից զքեզ իբրեւ զսուսեր պողովատիկ պատերազմողի։