Զաքարիայի մարգարեության մեկնություն 9։1

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Տիրոջ մարգարեական խոսքը Հադրաքի երկրի մասին. այն պիտի իջնի Դամասկոսի վրա, որովհետև Տիրոջ աչքը բոլոր մարդկանց վրա է, ինչպես նաև Իսրայելի բոլոր ցեղերի վրա, » (Սինոդական թարգ․) [1]
   
   9−րդ գլխի առաջին համարներում մարգարեն նկարագրում է հեթանոս թագավորությունների հզորության անկումը: 1−ին համարի սկիզբը՝ «Տիրոջ մարգարեական խոսքը Հադրաքի երկրի մասին», հաջորդ համարների համար կարելի է դիտարկել որպես ընդհանուր վերնագիր, որոնցում պատկերվում է հեթանոսական թագավորությունների աղետալի վիճակը: Սակայն ի՞նչ է «Հադրաքը»: Այս արտահայտության թե՛ բառացի, թե՛ խորհրդանշական բազմաթիվ մեկնություններից ոչ մեկը չի կարելի անվիճելի համարել: Եկեղեցու հայրերից սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին և երանելի Թեոդորիտոսը «Հադրաք»-ը հասկանում են բառացի, այսինքն՝ որպես երկրի կամ քաղաքի հատուկ անուն: Ըստ սուրբ Կյուրեղի` «Հադրաքի երկիրը դեպի արևելք ընկած մի երկրամաս է, որի հարևանությամբ գտնվում են և՛ Եմաթը․․․ և՛ Դամասկոսը» (Զաքարիայի մարգարեության մեկնություն // Ստեղծագործություններ. մաս 11, Ս. Պոսադ, 1898, էջ 114), իսկ ըստ Թեոդորիտոսի՝ «Հադրաքը արաբական քաղաք է» (էջ 99): Նորագույն մեկնիչներից Մարտին Հադրաքի գտնվելու վայրը հետևյալ կերպ է որոշում. «Հադրաք երկիրը, ըստ ասորեստանյան արձանագրությունների (Hatarika), ընկած է Լիբանանից դեպի հյուսիս, որտեղ գտնվում է նաև Եմաթը (հելլենիստական դարաշրջանում այն կոչվում էր Եպիփանիա՝ Օրոնտես գետի ափին – հ. 8, էջ 427)»:

   Ըստ Շրադերի` «Հադրաք»−ը, հավանաբար, Դամասկոսի հարևանությամբ գտնվող Ասորիքի ինչ−որ շրջան է. այս հեղինակն ուշադրություն է դարձնում նաև «Հադրաք» անվան և Hatarik արտահայտության միջև եղած հնչյունային նմանությանը (Handwörterbuch des biblischen Altertums für gebildete Bibelleser / Hrsg. von Dr. E. C. A. Riehm. Bd. I. Bielefeld und Leipzig, 1864. S. 551), որի տեղադրությունը, ըստ Մարտիի, գտնվում է Լիբանանից դեպի հյուսիս: Ամենայն հավանականությամբ կարելի է ենթադրել, որ մարգարեն «Հադրաք»-ի միջոցով, ընդհանուր առմամբ, նկատի ունի Մարա−պարսկական տերությունը (Keil С.F. Op. cit. S. 593), որի իշխանության ներքո են եղել ինչպես այն ժամանակվա հեթանոսական Արևելքը, այնպես էլ ընտրյալ ժողովուրդը: Սակայն որտեղի՞ց է վերցված, և ի՞նչ է նշանակում հենց բուն անվանումը, որը վերջին դեպքում ակնհայտորեն գործածվում է ոչ բառացի իմաստով: Երանելի Հերոնիմոսն առաջարկում է մեկնության հետևյալ տարբերակը. «Այս խոսքերի (այսինքն՝ 1−ին համարի սկզբնական հատվածի) հաջորդական իմաստը հետևյալն է. Տիրոջ խոսքի կատարումը, որն ահարկու է մեղավորների և մեղմ՝ արդարների համար, քանի որ սա է նշանակում «Adrach» (Ադրախ) բառը, որը կազմված է երկու ամբողջական արտահայտություններից․ դրանցից «ad»-ը նշանակում է խիստ (ահարկու, սարսափելի), իսկ «rach»-ը` մեղմ, փափուկ»:

   Այս խոսքերից հետո Հերոնիմոսը հիշատակում է այն մեկնիչներին, «որոնք «Ադրախ» բառի ներքո հասկանում են հրեա ժողովրդին, իսկ Դամասկոս անվան ներքո` (Եկեղեցի) կանչված հեթանոսներին… Տիրոջ խոսքի իրականացումը տեղի է ունենում Հադրաք երկրում, որի նկատմամբ Տերը ցուցաբերում է ինչպես Իր խստությունը, այնպես էլ Իր ողորմությունը. խստություն՝ նրանց հանդեպ, ովքեր չցանկացան հավատալ, իսկ ողորմություն՝ նրանց հանդեպ, ովքեր առաքյալների հետ միասին դարձի եկան (դեպի Եկեղեցի)» (էջ 97): Բացատրելով այս խորհրդանշական անվան նշանակությունը՝ Հ. Գրոցիուսը հետևյալ դիտողությունն է անում. «Ընդունելի է (non displicet) այն մարդկանց տեսակետը, որոնք «chadar» արտահայտությունը կիրառում են իբրև հասարակ, այլ ոչ որպես հատուկ անուն, այնպես որ ստացվում է հետևյալ իմաստը. “այն երկրի վրա, որը շրջապատում է քեզ (օ՜, Հուդա՛), այսինքն՝ Ասորիքի վրա”» (II. 633): Քեյլի աշխատության մեջ կարելի է հանդիպել նաև «Հադրաք» անվան վերաբերյալ այլ տեսակետների (Keil C.F. Op. cit. S. 591–598):

   Մարգարեական գրքերում հաճախակի են հանդիպում խորհրդանշական անվանումներ կամ այնպիսի արտահայտությունների գործածության օրինակներ, որոնք միտումնավոր քողարկում են մարգարեի ակնարկը որևէ հայտնի թագավորության կամ ժողովրդի վերաբերյալ: Այսպես, Երեմիա մարգարեն, գործածելով «Աթբաշ» կոչվող հատուկ այբուբենը, (մի սյունակում գրել են եբրայերեն տառերը սովորական հերթականությամբ, իսկ մյուսում` հակառակ հերթականությամբ` սկսելով այբուբենի վերջին տառից, և առաջին սյունակի յուրաքանչյուր տառի փոխարեն գործածել երկրորդ սյունակի դրան համապատասխանող տառը), եբրայերեն «babhel»` Բաբելոն արտահայտության փոխարեն գրում է «scheschakh» (Երեմ. 25:26, 51:41, см.: Keil C.F. Biblischer Commentar über den Propheten Jeremia und die Klagelieder. Leipzig, 1872. S. 284-285): Զաքարիա մարգարեի մոտ «Բաբելոն» բառի փոխարեն մենք հանդիպում ենք «Սենաար» արտահայտության գործածությունը (Զաք. 5:11), կամ Բաբելոնը կոչվում է «հյուսիսի երկիր» (Զաք. 6:6, 8): Ընթերցի՛ր նաև 7−րդ համարի մեկնաբանությունը:

   Տիրոջ ամենատես աչքը, որն ուղղված է թե՛ Իսրայելին և թե՛ ամբողջ մարդկությանը (հեթանոսներին), ամենից առաջ կանգ է առնում Դամասկոսի` Ասորեստանի գլխավոր քաղաքի վրա, և նրա վրա է իջնում Տիրոջ խոսքն իր ամբողջ ծանրությամբ: Այսպիսով, Դամասկոսն այդ խոսքի համար կարծես թե դառնում է հանգրվան կամ հարատև բնակության վայր (հմմտ. Զաք. 5:11):

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տիրոջ խօսքի պատգամը Սեդրաքի երկրի մասին, նրա զոհի՝ Դամասկոսի մասին: Արդարեւ, Տէրը տեսնում է բոլոր մարդկանց եւ Իսրայէլի բոլոր ցեղերին,
(Արարատ թարգ․) Պատգամ. Տիրոջ խոսքը Հադրաքի երկրում։ Եվ Դամասկոսում է նրա հանգչելու տեղը, որովհետև Տիրոջն է ուղղված մարդկանց և Իսրայելի բոլոր ցեղերի աչքը։
(Գրաբար) Առած բանի Տեառն յերկիր Սեդրաք, եւ ի Դամասկոս զոհ նորա, զի Տէր տեսանէ զմարդիկ՝ եւ զամենայն ազգս Իսրայէլի։