Հովելի մարգարեության մեկնություն 2:31

Ա․ Լոպուխին

Եվ կլինի, որ ամեն ոք, ով կանչի Տիրոջ անունը կփրկվի, քանի որ Սիոն լեռան վրա և Երուսաղեմում կլինի փրկություն, ինչպես ասաց Տերը, և մնացածների [մոտ], որոնց կկանչի Տերը: (Սինոդական թարգ․)[31]
   
   «Եվ կլինի, որ ամեն ոք, ով կանչի Տիրոջ անունը, կփրկվի».․․ Մարգարեն խոսում է բոլոր ազգերի մասին, այլ ոչ թե միայն իսրայելցիների: Պողոս առաքյալը Հովելի խոսքը նաև հեթանոսների վերաբերյալ է օգտագործում, երբ ասում է, որ Քրիստոսի Եկեղեցում տարբերություն չկա հրեաների և հեթանոսների միջև, քանզի նո՛ւյն Տերը բոլորինն է․ հասնում է բոլորին, ովքեր կանչում են Նրան. «Ամեն ոք, ով կկանչի Տիրոջ անունը, կփրկվի» (Հռոմ. 10:12, 13):  «Քանի որ Սիոն լեռան վրա և Երուսաղեմում կլինի փրկություն («պէլետա−пэлета»)»: Մարգարեն նկատի ունի հոգևոր Սիոնը և Երուսաղեմը, այսինքն՝ Աստծու արքայությունը (Եբր. 12:22): Եբրայերեն «պէլետա−пэлета»−ն ավելի լավ է, Յոթանասնիցի նմանողությամբ (ἀνασῳζόμενος), որպես «փրկություն» թարգմանել: «Ինչպես ասաց Աստված».․․ Այս բառերը հասկացվում են կա՛մ որպես Հովելի կողմից իր մարգարեության ճշմարտացիության հաստատում (այսպես ասաց Տերը), կա՛մ որպես Հովելից առաջ էլ Սիոնի վրա լինելիք փրկության մասին մարգարեության գոյություն ունենալու մասին մատնանշում: Սովորաբար այս վերջին իմաստով հասկանում են  (Կեիլ, Կուկ, Նովակ) Աբդիուի՝ Սիոնի վրա փրկություն լինելու մասին մարգարեությունը (համար 17): «Եվ մնացածներին, որոնց կկանչի Տերը».․․ Այսպիսով՝ Տիրոջ կողմից կանչվածներից կփրկվեն նրանք, որոնց կկանչի հենց Ինքը Տերը: Յոթանասնիցում եբրայերեն «ուվասսէրիդիմ−увассэридим» (ռուսերեն՝  «և մնացածը») արտահայտությունը թարգմանվել է «εὐαγγελιζόμενοι»  բառի այլ կերպ ընթերցմանը հետևանքով․ այստեղից էլ ծագում է սլավոներենի «և ավետարանվածները» տարբերակը: Հովելի մարգարեության կատարման  և ամեն մարմնի վրա Սուրբ Հոգու շնորհների հեղման մասին պետք է ասել հետևյալը: Հին Կտակարանում մարգարեության շնորհը տրվել է միայն որոշ անձանց, իսկ Սուրբ Հոգու շնորհների առատորեն հեղմանը հինկտակարանյան գրողները սպասում էին մեսիական ժամանակներում (Ես. 32:15,  54:13,  Եր. 31:33, Զաք. 12:10): Անկասկած, այդ ժամանակը նկատի ունի նաև Հովել մարգարեն: Ժողովրդի առաջ իր ունեցած ելույթում Պետրոս առաքյալի ներկայացրած բացատրության համաձայն՝ Հովելի մարգարեությունը իրապես իրականացել է Պենտեկոստեի օրը՝ առաքյալների վրա Սուրբ Հոգու էջքի փաստով (Գործք. 2:14 և այլն): Բայց, ըստ առաքյալի, Պենտեկոստեի օրը մարգարեության իրականացման միայն սկիզբն է, քանի որ առաքյալը  մարգարեի խոսքերի հիման վրա խոստանում է, որ Սուրբ Հոգու շնորհները կհեղեն բոլոր նրանց վրա, ովքեր կապաշխարեն և կմկրտվեն (Գործք. 2:38−39): Հետևաբար, կարելի է ասել, որ Հովելի մարգարեությունը կիրականանա այնքան ժամանակ, քանի դեռ ապաշխարության և մկրտության միջոցով ամբողջ մարդկությունը չի մտել Եկեղեցի [անհստակություն կա բնագրում], որի միջոցով տրվում են Սուրբ Հոգու շնորհները, «լեզուների կատարումը» (Հռոմ. 2:25): Հովել մարգարեի մոտ Սուրբ Հոգու հեղման խոստմանը միացվում է նաև Տիրոջ օրվա, այսինքն՝ Սարսափելի Դատաստանի օրվա  գալստյան մասին հռչակումը: Քանի որ Պետրոս առաքյալը, Պենտեկոստեի օրվա մեծ իրադարձությունը բացատրելով, մեջբերում է նաև Հովել մարգարեի այս վերջին հայտարարությունը, ուստի սա նշանակում է, որ նա կարծում է, որ Պենտեկոստեի օրը նաև դա է իրականացել: Եվ իսկապես, առաքյալների վրա Սուրբ Հոգու էջքով ավարտվեց մարդկության փրկության գործը, քանի որ փրկության համար անհրաժեշտ բոլոր շնորհները տրվեցին մարդկանց: Այդ օրվանից յուրաքանչյուր մարդու առաջարկվում է ընտրել կա՛մ հավիտենական երանությունը, կա՛մ հավիտենական տանջանքի դատապարտումը: Մարդկության պատմության մեջ բացվում է մի նոր շրջան, որն ավարտվելու է աշխարհի հանդեպ Սարսափելի Դատաստանի օրով: Սակայն Պենտեկոստեի օրվա իրադարձությունը Դատաստանի մասին Հովելի մարգարեության իրականացման միայն սկիզբն է: Այս մարգարեությունը ամբողջությամբ կկատարվի այն ժամանակ, երբ կլինեն մարգարեի կողմից ազդարարված սարսափելի երևույթները, երբ «կշարժվեն երկինքը և երկիրը», և երկրի բոլոր ազգերը կտեսնեն երկնային զորությամբ և մեծ փառքով ամպերի վրայով քայլող Մարդու Որդուն (Մատթ. 24:30):
   
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 1:27
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․)Այո՛, կը լինի այնպէս, որ, ով որ կանչի Տիրոջ անունը՝ կ՚ապրի: Սիոն լերան վրայ եւ Երուսաղէմում փրկութիւն կը լինի, Տէրը կը կանչի իր մօտ, ինչպէս որ ասաց եւ ծանուցեց:
(Արարատ թարգ․2:32) Եվ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի, որովհետև Սիոն լեռան վրա և Երուսաղեմում Տիրոջ ասածի պես ազատում կլինի նաև այն մնացորդների մեջ, որոնց Տերը պիտի կանչի։
(Գրաբար)Եւ եղիցի ամենայն որ կարդասցէ զանուն Տեառն կեցցէ։ Զի ի լեառն Սիոն և յԵրուսաղէմ եղիցի ապրեա՛լ՝ որպէս և ասաց Տէր. և աւետարանեալ զորս Տէր կոչեսցէ առ ինքն։