Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ Հովնանը վեր կացավ, որպեսզի Տիրոջ երեսից փախչի դեպի Թարսիս, և եկավ Հոպպե ու մի նավ գտավ, որ Թարսիս էր գնում, վճարեց ուղեվարձը և նստեց նավը՝ նրանց հետ Թարսիս նավարկելու և Տիրոջ երեսից հեռանալու համար»: (Սինոդական թարգ․)[3]
«Եվ վեր կացավ Հովնանը, որպեսզի Տիրոջ երեսից փախչի դեպի Թարսիս»: Թարսիս ասելով, ուր փախչում էր Հովնանը, պետք է հասկանալ այն երկիրը, որը բնակեցված էր Հավանի որդի Թարսիսի սերունդներով (Ծննդ. 10:4): Սկզբնական շրջանում Թարսիսի հետնորդները բնակվել են Կիլիկիայում, որտեղ կառուցել են Տարսոն քաղաքը, սակայն տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ ոչ թե Պաղեստինի մոտ գտնվող Տարսոնը, այլ, ամենայն հավանականությամբ, հեռավոր Իսպանիան` փյունիկեցիների ծովային առևտրի գլխավոր վայրը (Ես. 23:1−14, Երեմ. 10:9), որի անունով հեռավոր նավարկություններ կատարելու համար նախատեսված նավերը կոչվում էին «թարսիսյան» (Սաղմ. 47:8, Գ Թագ. 10:22):
Անշուշտ, Հովնանի՝ Թարսիս փախչելու շարժառիթն այն էր, որ նա ցանկանում էր խուսափել Նինվե ուղարկվելու առաքելությունից: Հին Կտակարանի մարգարեների պատմության մեջ աստվածային առաքելությունից խուսափելու փորձի այս օրինակը միակը չէ (Ելք 3:11, 4:10−13, Երեմ. 1:6), սակայն Հովնանի դեպքն առանձնահատուկ է իր շարժառիթներով և մասամբ էլ իր ձևով՝ փախուստով: Մարգարեն որոշեց Նինվե չգնալ, քանի որ չէր ցանկանում նրա փրկությունը և չէր ցանկանում նաև, որ այդ փրկությունն իրագործվեր իր միջոցով: «Այդ պատճառով շտապեցի փախչել դեպի Թարսիս, քանի որ գիտեի, որ Դու գթասիրտ ու ողորմած Աստված ես» (Հովն. 4:2),− վրդովված ասում է նա, երբ տեսնում է, որ Նինվեն չի կործանվել: Նմանատիպ մտքերն ու զգացումներն արդյո՞ք վայել են հինկտակարանյան մարգարեին, և արդյո՞ք կարելի է պատկերացնել, որ դրանք Աստծու պատգամաբերի բնավորության գծեր են: Այս հարցին ճիշտ պատասխանելու համար անհրաժեշտ է ձերբազատվել այն կարծրատիպից, համաձայն որի՝ աստվածաշնչյան սուրբ անձինք իրենց սրբության լուսապսակը պահպանելու համար մեզ ներկայացվում են ինչ−որ հոգևոր անշարժության մեջ: Պետք է հիշել, որ աստվածաշնչյան սուրբերը «մեզ նման կրքեր ունեցող մարդիկ են» (Գործք. 14:15) և իրենց բարոյական բարձր աստիճանին հասել են ոչ անմիջապես, ոչ առանց պայքարի ու տանջանքների, ոչ առանց ժամանակի և շրջակա միջավայրի ազդեցություններին ենթարկվելու: Հովնան մարգարեն նույնպես իր ժամանակաշրջանի ու իր ժողովրդի մտածողության կրողն էր: Հրեաներն այդ ժամանակ ընդհանրապես կարծում էին, որ բոլոր հեթանոսները Տեր Աստծու թշնամիներն են և արժանի են միայն Նրա բարկությանն ու պատժին: Հեթանոսների հանդեպ նման վերաբերմունքը նրանց մեջ մասամբ ձևավորվել է Օրենքով՝ նպատակ ունենալով հեռու պահել նրանց՝ ցանկացած հեթանոսական ազդեցությունից: Միանգամայն բնական է, որ նախքան իր կանչվելը՝ Հովնան մարգարեն ևս հեթանոսների մասին մտածում էր այնպես, ինչպես իր ազգակիցները: Այժմ, երբ մարգարեի մեջ Աստծու ձայնը հորդորում է գնալ նինվեացիների մոտ՝ քարոզելու ապաշխարություն և փրկություն, նրա հոգում խոր պայքար է սկսվում: Նա պետք է հաղթահարեր ծննդյան օրվանից իր մեջ սերմանված նեղ կրոնական ազգայնականությունը, ըստ որի՝ միայն հրեաներն էին համարվում Աստծու ժողովուրդը և յուրացներ հակառակ այն տեսակետը, թե Տերը գթասիրտ է բոլորի հանդեպ, և որ հեթանոսները նույնպես կանչված են ու կարող են ընդունել Աստծու փրկությունը: Առանց այս համոզման՝ մարգարեն չէր կարող գնալ և քարոզել Նինվեում. Տեր Աստծուն նրա հնազանդությունը չէր կարող ինքնաբերաբար լինել: Եվ ահա մարգարեն մեզնից չի թաքցնում մարդկային այն տկարությունները, որոնք դրսևորվում են այս հոգևոր պայքարի մեջ. առանց աստվածային արտասովոր նշանների՝ նա չէր կարող վերափոխել իրեն և այդ պատճառով որոշեց «փախչել Թարսիս՝ Տիրոջ երեսից հեռանալու համար»: Առաքելությունից խուսափելու այս ձևը Հովնանն ընտրեց հավանաբար այն պատճառով, որ կարծում էր, թե Ավետյաց երկրի սահմաններից դուրս՝ որպես Աստծու առանձնահատուկ ներկայության վայր («Աստծու երեսը» հմմտ. Ծննդ. 4:14, 16), այլևս իր մեջ չի լսի հեթանոսներին քարոզելու կանչող ձայնը:
Ուղղափառ Եկեղեցին իր երգեցողության մեջ Հովնան մարգարեի փախուստի դրդապատճառների մասին արված դիտարկումը լրացնում է նրանով, որ մարգարեն փախուստի է դիմում «որպեսզի մարգարեությունը ստի չվերածվի» (Անդրեաս Կրետացու կանոն): Սա նշանակում է, որ Հովնան մարգարեն չէր հավատում, թե հեթանոսների զղջումն անկեղծ ու հաստատուն կլինի։ Նա կարծում էր, որ ակնթարթային զղջման համար փրկության արժանանալուց, իսկ այնուհետև նորից դեպի իրենց մեղքերը վերադառնալուց հետո հեթանոսները կծաղրեն իրենց մասին արված ու չիրականացած մարգարեությունը, կհեգնեն հրեաների Աստծու անզորությունը և կվիրավորեն Նրան: Այսպիսով, մարգարեի փախուստը ոչ թե Աստծու կամքին գիտակցաբար հակադրություն էր, այլ հեթանոսների մեջ Տեր Աստծու փառքի հանդեպ առանձնահատուկ նախանձախնդրության դրսևորում:
«Եկավ Հոպպե…». Սողոմոնի ժամանակներից ի վեր սա հրեաների միակ նավահանգիստն էր (Բ Մնաց. 2:16, Ա Եզր. 3:32, Ա Մակ. 10:75, 14:34):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Սակայն Յովնանը ելաւ Տիրոջ ներկայութիւնից փախչելու Թարսիս: Իջաւ Յոպպէ, գտաւ մի նաւ, որը Թարսիս էր գնում, վճարեց գինը եւ մտաւ նաւ՝ նրանց հետ նաւարկելու դէպի Թարսիս՝ Տիրոջ ներկայութիւնից հեռու:
(Արարատ թարգ․) Բայց Հովնանը վեր կացավ, որ Տիրոջ երեսից Թարսիս փախչի։ Եվ իջավ Հոպպե, մի նավ գտավ, որ Թարսիս էր գնում, և նրա վարձը տվեց ու նրա մեջ մտավ, որպեսզի Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս գնար։
(Գրաբար) Եւ յարեաւ Յովնան փախչել ի Թարսիս յերեսաց Տեառն։ Էջ ի Յոպպէ եւ եգիտ նաւ որ երթայր ի Թարսիս. ետ գինս եւ եմուտ ի նա՝ նաւել ընդ նոսա ի Թարսիս յերեսաց Տեառն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: