Սոփոնիայի մարգարեության մեկնություն 2:8

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

8-9․ «Ես լսեցի Մովաբի նախատինքը և Ամմոնի որդիների հայհոյությունները, թե ինչպես էին նրանք ծաղրում Իմ ժողովրդին և մեծամտանում նրա սահմաններին»: [8] «Ուստի, կենդանի եմ Ես,– ասում է Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը,– Մովաբը պիտի լինի Սոդոմի պես, և Ամմոնի որդիները՝ Գոմորի պես՝ եղինջի արտ, աղի հանք և հավիտենական անապատ։ Իմ ժողովրդի մնացորդը պիտի նրանց որպես ավար վերցնի, և Իմ ժողովրդի փրկվածները նրանց որպես ժառանգություն պիտի (Սինոդական թարգ․)
   
   Փղշտացիներից՝ հրեաների արևմտյան հարևաններից, մարգարեն անցնում և դիմում է ընտրյալ ժողովրդի արևելյան հարևաններին՝ Ղովտի սերունդներին՝ մովաբացիներին և ամմոնացիներին: Լինելով Իսրայելին ազգակից ցեղեր՝ նրանք երկուսն էլ, այնուամենայնիվ, աստվածաշնչյան պատմության գրեթե ողջ ընթացքում, բացառությամբ խաղաղ և բարեկամական փոխհարաբերությունների առանձին դեպքերի (Հռութ. 1:1 և հաջ., Ա Թագ. 22:1−3), հարատև թշնամության մեջ են եղել ընտրյալ ժողովրդի հետ: Մովաբացիների թշնամանքն Իսրայելի հանդեպ դրսևորվել է դեռևս Մովսեսի ժամանակ, ինչպես հայտնի է Բաղաամի պատմությունից (Թվ. 22:1 և հաջ.): Դատավորների ժամանակաշրջանում հրեաները 18 տարի եղել են մովաբացիների լծի տակ (Դատ. 3:12−14)։ Երկու ժողովուրդների միջև պայքարը փոփոխական հաջողություններով շարունակվել է թագավորության ողջ ժամանակաշրջանում (Բ Թագ. 8:2, Դ Թագ. 1:1 և հաջ., 3 և հաջ.): Գրեթե նույնպիսինն էին նաև ամմոնացիների հարաբերությունները հրեաների հետ, միայն մի տարբերությամբ, որ այն բնութագրվել է երկուստեք ցուցաբերած ավելի մեծ դաժանությամբ (Ա Թագ. 11:1−6, Բ Թագ. 12:31): Ամմոնացիները պատերազմել են Իսրայելի դեմ, հատկապես Հեփթայեի (Դատ. 11: 32-33) և Դավթի (Բ Թագ. 8:12) օրոք, և բազմիցս՝ նրանցից հետո: Նաբուգոդոնոսորի Հրեաստան ներխուժման ժամանակ ամմոնացիները միացան նրա զորքին և մասնակցեցին երկրի ամայացմանը (Դ Թագ. 24:2, Եզեկ. 25:1): Հրեաների հանդեպ նրանց կատաղի թշնամանքը չդադարեց նույնիսկ վերջիններիս գերությունից վերադառնալուց հետո՝ դրսևորվելով բազմաթիվ դեպքերում (Նեեմ. 4:1−7, Նեեմ. 6  և այլն): 8−րդ համարում մարգարեն խոսում է Մովաբի նախատինքի (եբր.՝ «խերպա») ու Ամմոնի որդիների հայհոյությունների («գիդդուֆ») մասին՝ ուղղված Աստծու ժողովրդին: Ըստ սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու՝ հարևան ժողովուրդները ծաղրում էին ամայացած Երուսաղեմին և աղետների մատնված իսրայելացիներին. նրանք կարծում էին, թե Հուդայի գերեվարումն իրենց սուտ աստվածների գործն է, քանի որ կարծես թե միշտ ի վերուստ օգնող Աստծու Աջը, Ով ակնհայտորեն տիրում է ամենքին, իսպառ տապալվել և նվաստացել էր… «Այնպես որ,− ասում է,− ես լսել եմ Մովաբի նախատինքներն ու Ամմոնի որդիների կշտամբանքները, քանզի նա, ով գավազանով կամ քարով նախատում է նեղության մեջ ընկած մարդկանց, ոչնչով չի տարբերվում նրանից, ով իր անսանձ բերանն է բացում նրանց վրա, ժայթքում և այնպիսի խոսքեր ասում, որոնցից, անշուշտ, ոմանք ընկնում են տրտմության ու վշտի մեջ, և որոնց պատճառով դժբախտությունն էլ ավելի է ծանրանում»:

   «Քանի որ նրանք հանդգնեցին հայհոյական խոսքեր ասել հենց աստվածային փառքի դեմ, ուստի,− ասում է նա,− ենթարկվելով սոդոմացիների պատժին՝ նրանք կհասնեն կործանման և, իրենց դժբախտությունների մեջ թեկուզ փոքր-ինչ կրելով Գոմորի տառապանքները՝ իրենց հետ պատահածի միջոցով հազիվ−հազիվ և ուշացած կճանաչեն իրենց Կանչողի զորությունը» («Սոփոնիայի մարգարեության մեկնություն», Աստվածաբանական բանբեր, 1895, հ. Բ, էջ 360-361):

   Պատմությունից հայտնի մովաբացիների և ամմոնացիների՝ Իսրայելի հետ ունեցած հարաբերությունների մասին վերոշարադրյալից ակնհայտ է, որ մարգարեի հռչակած Աստծու դատաստանի պատճառը կարող է համարվել նաև երկու ժողովուրդների խորը և ներքին թշնամությունը Աստծու ընտրյալ ժողովրդի, և միաժամանակ հենց Աստծու և Նրա կրոնի հանդեպ: Մովաբացիների և ամմոնացիների՝ Իսրայելի հանդեպ ունեցած ոչ միայն քաղաքական ու ազգային, այլև կրոնական անհաշտ թշնամանքով է պայմանավորված 9−10-րդ համարներում մարգարեի՝ նրանց դեմ ուղղված ահեղ խոսքի հանդիսավոր տոնը: Մարգարեի խոսքին խիստ հանդիսավորություն և սրբազան երանգ է հաղորդում ամենից առաջ Տեր Աստծու տված երդումն Ինքն Իր Անձով (տե՛ս եբր. 6:13):

   «Կենդանի եմ ես»−ը (եբր.՝ «Խայ Անի») Սուրբ Գրքում ոչ հաճախ հանդիպող երդման ձև է, որը տեսնում ենք հենց այն ժամանակ, երբ անհրաժեշտ է մարդկանց հավաստիացնել այնպիսի իրադարձությունների անխուսափելիության մասին, որոնք մարդկային ընկալման համար քիչ հավանական են (Թվ. 14:21, Բ Օր. 32:40, Ես. 49:18, Եզեկ. 5:11, 16:48 և այլն): Այս երդման իմաստը հայտարարված խոսքի անխախտ լինելու հաստատումն է՝ մատնանշելով Աստծու կամքի և Նրա էության անփոփոխելիությունը: Այս գաղափարը առաջնային է նաև աստվածային հաջորդ՝ «Ես այն եմ, ՈՐ ԵՄ» անվան մեջ (Ելք. 3:14 և այլն): Աստծու մյուս անունն է «Եհովա Սաբավոթ»՝ Զորությունների Տեր, որն այս հատվածում ունի ևս մեկ մակդիր՝ «Էլոհե Իսրայել»՝ Իսրայելի Աստված։ Այս վերջին բնորոշումը նշանակում է Փրկիչ Աստված՝ աստվածապետական այն թագավորության Թագավորը, որը Նա Ինքն է հաստատել Իր ընտրյալ ժողովրդի մեջ (Ի. Թյուրնին, Ս.Պոսադ, 1897 թ., էջ 120−123, տե՛ս պրոֆեսոր Բ. Ա. Գլագոլև. «Հինկտակարանյան−աստվածաշնչյան ուսմունքը Հրեշտակների մասին», Կ., 1900 թ., էջ 238 և հաջ.):

   Մովաբացիներին և ամմոնացիներին ազդարարվում է բնակիչների լիակատար բնաջնջում և երկրի կատարյալ ամայացում՝ Սոդոմ և Գոմոր քաղաքների նմանությամբ: Աստծու դատաստանի այս պատկերը մարգարեների կողմից օգտագործվում է ամեն անգամ, երբ նրանք այս կամ այն երկրին սպառնում են սարսափելի ամայացումով (Ես. 1:9, 13:9, Ամոս. 4:11, Ովս. 11:8, Երեմ. 49:18)։ Սակայն այն հատկապես տեղին է տվյալ դեպքում, որովհետև երկու ազգերն էլ բնակվում էին անմիջապես Մեռյալ ծովի մոտակայքում և, հետևաբար, մշտապես աչքի առաջ ունեին Աստծու ահեղ պատժի տեսանելի «հուշարձանը»: Եվ հենց այս զուգորդությունից տեսանելի է, թե որքան անտեղի է Յոթանասնիցի թարգմանության մեջ (ինչպես նաև սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու և երանելի Թեոդորիտոսի մոտ) եբրայերեն «միմշակ» բառի փոխանցումը որպես հատուկ անուն՝ «Damascus» (Դամասկոս), (կարծես այստեղ «միմշակ»−ի փոխարեն փոխանցվել է «դամմեշեկ»)։ Սլավոներենում այն թարգմանված է «и Дамаск оставлен яко стог гуменный» (Եվ Դամասկոսը լքված է, ինչպես կալի դեզը): Մովաբացիների և ամմոնացիների մասին խոսքում Դամասկոսի վերաբերյալ մտքի ներմուծումը որևէ կերպ հնարավոր չէ բացատրել: Այսպիսով, եբրայերեն տեքստի «միմշակ խարուլ» և հաջորդ՝ «միկրե-մելախ» արտահայտությունների համար շատ ավելի հարմար է ընդհանուր անվան նշանակությունը, որը, սակայն, թարգմանիչների ու մեկնիչների կողմից խիստ տարբեր կերպ է բնորոշվում և, հետևաբար, կարող է սահմանվել միայն մոտավոր ճշգրտությամբ: Առաջին արտահայտությունը, ամենայն հավանականությամբ, կարող է փոխանցվել որպես «տատասկուտ վայր կամ շրջան» (ռուսերեն սինոդ. թարգմ.՝ «достоянием крапивы»), իսկ երկրորդը` «աղի փոս» (ռուսերեն սինոդ. թարգմ.՝ «соляною рытвиною», Վուլգաթա` «acervi salis»): Երկու փոխաբերական արտահայտություններն էլ հետագայում պարզաբանվում են մարգարեի «ուշմամա ադ-օլամ» (հավիտենական ամայություն) արտահայտության ուղիղ, բառացի իմաստով: Ըստ երևույթին, մարգարեի հայացքի առաջ պատկերվել էր Մեռյալ ծովի հարևանությամբ գտնվող անապատային տարածքը, որն արդեն աստվածաշնչյան ժամանակներում դիտորդին զարմացնում էր իր անպտղությամբ, քանզի հողի մեջ աղի առատության պատճառով այստեղ կարող էին աճել միայն վայրի ու փշոտ բույսեր: Նմանատիպ ամայացմամբ մարգարեն սպառնում է նաև մովաբացիների և ամմոնացիների երկրին: Սակայն նրանց ամայացած երկիրը, ինչպես ասում է մարգարեն  9−րդ համարի վերջում, կլինի գերությունից հետո Աստծու ընտրյալ ժողովրդի փրկված մնացորդի սեփականությունը: Այն, որ այս պատիժներն իրականացնողը պիտի լինի ոչ թե մի այլ ազգ, այլ հենց նա, ով ենթարկվել է աղետների և նվաստացման, մարգարեն ցույց է տալիս՝ ասելով. «Իմ ժողովրդի մնացորդը նրանց որպես ավար կվերցնի, և իմ ժողովրդից վերապրածները նրանց որպես ժառանգություն կստանան»: Քանզի նա ազգի մնացորդներ անվանում է գերությունից փրկվածներին, որոնք պարտության մատնեցին հեթանոսներին և գրավելով այլազգիների քաղաքները՝ դրանք անապատ դարձրին» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, նույն տեղում, էջ 361):

--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) «Լսեցի Մովաբի նախատինքը եւ ամոնացիների թշնամանքը, որով նախատում էին իմ ժողովրդին եւ գոռոզաբանում էին իմ սահմանների վրայ:
(Արարատ թարգ․) Լսեցի Մովաբի նախատինքը և Ամմոնի որդիների զազրախոսությունները, որով հոխորտացին իմ ժողովրդի դեմ և գոռոզացան նրանց սահմանի դեմ։
(Գրաբար) Լուայ զնախատինս Մովաբու, եւ զկռփանս որդւոցն Ամոնայ, որովք նախատէին զժողովուրդ իմ, եւ մեծաբանէին ի վերայ սահմանաց իմոց։