Սոփոնիայի մարգարեության մեկնություն 3:11

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

11-13․ «Այն օրը դու չես ամաչի քո այն բոլոր գործերի համար, որոնցով մեղանչեցիր Իմ դեմ, որովհետև այն ժամանակ Ես քո միջից կհեռացնեմ նրանց, ովքեր պարծենում են քո բարձր դիրքով, և դու այլևս չես հպարտանա Իմ սուրբ լեռան վրա»: [11] «Բայց Ես քո մեջ պիտի թողնեմ խոնարհ ու պարզ մի ժողովուրդ, և նրանք պիտի ապավինեն Տիրոջ անվանը»։ «Իսրայելի մնացորդը անիրավություն չի գործի, սուտ չի խոսի, և նրանց բերանում նենգ լեզու չի գտնվի, որովհետև նրանք իրենք պիտի արածեն և մակաղեն, ու ոչ ոք նրանց չի վախեցնի»։ (Սինոդական թարգ․)
   
    Աստծու դատաստանից հետո ավելի լավ ապագա պիտի սկսվի նաև հրեաների համար: Երանելի Թեոդորիտոսն այսպես է վերաշարադրում 11−րդ համարը. «Երբ դա կատարվի, և հեթանոսները ևս փրկության արժանանան, այնժամ և դուք, որ բնակվում եք Երուսաղեմում, հավատով ընդունելով փրկությունը, պիտի ազատվեք նախկին չար պաշտամունքից, չպիտի արհամարհեք Իմ պատվիրանները և պարծենաք հինկտակարանյան տաճարով» (տե՛ս նույն տեղում, էջ 54):

    Որպես ժամանակակից հրեական համայնքի բարոյական և սոցիալական ախտերից մաքրման միջոց՝ մարգարեն, ինչպես նախկինում (Սոփ. 1:4−6, 8-9, 12), այնպես էլ այստեղ մատնանշում է անօրենների ոչնչացումը և այն ամենի՝ առաջին հերթին հպարտության ու մեծամտության վերացումը, ինչը չի համապատասխանում աստվածապետության իդեալներին: Ընդհակառակը, կործանումից պիտի փրկվի ժողովրդի լավագույն հատվածը՝ հենց այն խոնարհներն ու նվաստացածները (12-րդ համար), որոնց դեռ ավելի վաղ (Սոփ. 2:2) մարգարեն առանձնացրել էր ընդհանուր ժողովրդի մեղավոր զանգվածից և կոչ արել ապրել Աստծու ժողովրդին վայել կյանքով: Այս բարեպաշտ մարդիկ, անցնելով գերության շրջանի փորձությունների խիստ դպրոցով, պիտի գիտակցեն մարդկային ուժերի անզորությունը և հասկանան, որ իրենց բարօրությունն ամբողջությամբ կախված է Աստծուց։ Հետևաբար, նրանք լիովին պիտի հանձնվեն Աստծու կամքին՝ ամեն ինչում ապավինելով Նրան (12-րդ համար, բ): Միաժամանակ, նրանցից կազմված համայնքը կլինի իրապես արդարների համայնք․ սուտը, անիրավությունը, անարդարությունը և, ընդհանրապես, ցանկացած տեսակի բարոյական չարիք տեղ չի գտնի այդ համայնքի անդամների մեջ: Իսկ համայնքի նման բարոյական բարձրությանը կհամապատասխանի նաև նրա արտաքին՝ անհոգ և անվտանգ կյանքը (13-րդ համար): Անշուշտ, հրեական համայնքի հետգերության շրջանի բարոյական կատարելության այստեղ նշված բոլոր հատկանիշները, իհարկե, մասամբ են իրականացել, որովհետև դրանք լիովին կիրառելի են միայն ավետարանական ժամանակների համար:

    Երանելի Թեոդորիտոսը 12−13−րդ համարների վերաբերյալ նշում է. «Սա մեզ հստակ մատնանշում է առաքյալների դասը, որին Տերը, երանի տալով, ասաց. «Երանի հեզերին, որովհետև նրանք պիտի ժառանգեն երկիրը» (Մատթ. 5:5), և նաև «Սովորե՛ք Ինձնից, որովհետև հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգիստ պիտի գտնեք » (Մատթ. 11:29): Հենց նրանց էլ երանելի Սոփոնիան կոչում է «հեզ ու խոնարհ» մարդիկ, որովհետև իսրայելացիներն այդպիսին չէին, այլ՝ «հիմար և անմիտ ժողովուրդ» (Բ Օր. 32:6), և ըստ մեկ այլ մարգարեի՝ «Քո պարանոցը երկաթե ջղերից է, և քո ճակատը՝ պղնձից» (Ես. 48:4)» (նույն տեղում, էջ 54):

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Այն օրը չես ամաչի քո բոլոր գործերից, որով ամբարշտացար իմ դէմ, որովհետեւ այն ժամանակ քո միջից պիտի հանեմ քո ամբարտաւան չարութիւնը, եւ այլեւս չես շարունակելու գոռոզանալ իմ սուրբ լերան վրայ:
(Արարատ թարգ.) Այդ օրը չպիտի ամաչես քո բոլոր արարքների համար, որոնցով իմ դեմ հանցանք գործեցիր, որովհետև այն ժամանակ քո միջից կհեռացնեմ քո հպարտությամբ զվարճացողներին, և մյուս անգամ այլևս չես գոռոզանա իմ սուրբ լեռան վրա։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ ոչ ամաչեսցես յամենայն գործոց քոց, որովք ամպարշտեցեր առ իս, զի յայնժամ զերծից ի քէն զչարութիւն ամբարտաւանութեան քոյ, եւ ոչ եւս յաւելցես մեծաբանել ի վերայ լերին սրբութեան իմոյ։