Սոփոնիայի մարգարեության մեկնություն 3:5

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

5-7․ «Արդար է Տերը նրա մեջ, անիրավություն չի գործում, ամեն առավոտ անփոփոխ հայտնում է Իր դատաստանը, բայց անօրենը ամոթ չի ճանաչում»։ [5] «Ես կործանեցի ազգերին, նրանց ամրոցներն ավերվեցին. ամայացրի նրանց փողոցները, այնպես որ այլևս ոչ ոք չի անցնում դրանցով. նրանց քաղաքներն ավերվեցին. չկա ոչ մի մարդ, չկա ոչ մի բնակիչ»։ «Ես ասացի. «Վախեցի՛ր միայն Ինձնից, ընդունի՛ր խրատը», և նրա բնակավայրը չէր ոչնչացվի, ու նրան չէր հասնի այն չարիքը, որ Ես սահմանել էի նրա համար. բայց նրանք ջանադրաբար փորձում էին ապականել իրենց բոլոր գործերը»։ (Սինոդական թարգ․)
   
    «Այժմ, ի հակադրություն ընտրյալ ժողովրդի ապականության, նկարագրվում է Տեր Աստծու կատարյալ արդարությունն ու հավատարմությունը, այսինքն աստվածային այն հատկությունները, որոնցով որոշվում է Տեր Աստծու վերաբերմունքը նրանց նկատմամբ, ովքեր խախտում են Նրա աստվածապետական պատվիրանները: Քանի որ նրանք անարդարացի էին վարվում, ուստի արդար Տերն Ինքը անարդարություն չի անի, այլ կհատուցի անօրեն քաղաքին՝ ըստ իր արժանիքների: «Առավոտյան», այսինքն՝ լիովին բացահայտ և առանց որևէ ներողամտության, Նա արդար դատաստան կիրականացնի նրա հանդեպ, և ոչինչ չի կարող ծածուկ մնալ Նրանից: Տերն այդպես կանի, որպեսզի ապականված քաղաքը դառնա դեպի բարին: Սակայն անօրեն Իսրայելը չսթափվեց, չհասկացավ, որ իրեն հասած հարվածներն ու վերքերն ապաշխարության մղելու համար էին» (տե՛ս երանելի Հերոնիմոս, նույն տեղում, էջ 294):

    «Շուտով Տերը պիտի պատժի նրանց, ովքեր համարձակվում են այդքան չարիքներ գործել… Եվ Տերը դա պիտի անի՝ տապալելով անարդարության հանդգնությունը և թույլ չտալով նրան հաղթանակել մինչև վերջ» (Երանելի Թեոդորոս Կյուրոսացի. «Սոփոնիայի մարգարեության մեկնություն», մաս 5, Մ., 1857, էջ 52):

    6−րդ համարից սկսում է խոսել անձամբ Տեր Աստված՝ որպես ապացույց այն բանի, որ Նա «ամեն առավոտ անփոփոխ հայտնում է Իր դատաստանը» (5-րդ համար), մատնանշում է աստվածային արդարադատության մշտական ​​դրսևորումը անօրեն ազգերի հանդեպ: Որպես ուսանելի օրինակներ՝ ծառայում են պատմական բազմաթիվ դեպքեր, երբ կործանվել են ամբողջական ազգեր՝ իրենց ողջ մշակույթով (քանանացիներ և այլք) և լիովին ամայացել են երբեմնի խիտ բնակեցված երկրներ (Երեմ. 2:15, 9:10, 11): Այնուամենայնիվ, մեղավորների հանդեպ Աստծու դատաստանի այս բոլոր օրինակները Աստծու ժողովրդի համար անարդյունք եղան: «Նման սպառնալիքներից հետո Մարդասերը կրկին հորդորում և խորհուրդ է տալիս երկյուղել ասվածից և ընդունել այն որպես պատշաճ խրատ, որպեսզի խուսափել այն սպառնացող կործանումից, որ ծնվել է անօրենությունից և ապաշխարել առանց հապաղման կամ հետաձգման» (Թեոդորոս Կյուրոսացի, նույն տեղում, էջ 52):

    Յոթանասնից և սլավոնական թարգմանությունների 7−րդ համարը բովանդակում է շատ անհասկանալի հատվածներ, ուստի այն մեկնելիս նախընտրելի է հետևել եբրայերեն բնագրին և վերջինիս համահունչ լատիներեն Վուլգաթային ու ռուսերեն սինոդական թարգմանությանը:

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Սակայն արդար Տէրը նրա մէջ է եւ անիրաւութիւն չի անի. ամէն առաւօտ կանուխ իմ դատաստանը ի յայտ կը բերի եւ չի թաքցնի,
(Արարատ թարգ.) Արդար Տերը նրա մեջ է, նա անարդարություն չի անում, առավոտից առավոտ նա անխոնջ ի լույս է հանում իր իրավունքը և չի թերանում, բայց անարդարն ամոթ չգիտի։
(Գրաբար) Այլ Տէր արդար է ի միջի նորա, եւ ոչ արասցէ անիրաւութիւն. ընդ առաւաւտս կանխաւ տացէ զիրաւունս իմ ի լոյս, եւ ոչ թաքիցէ.