Ա. Պ. Լոպուխին (†1904)
Թեկուզ և նրանք ընծաներ էին ուղարկում ժողովուրդներին, սակայն շուտով Ես կհավաքեմ նրանց, և նրանք կսկսեն տառապել իշխանների թագավորի լծից: (Սինոդական թարգ․)[10]
10-րդ համարը բնագրում չափազանց անհասկանալի է, և տարբեր ձևերով է հասկացվում։ Ռուսերեն թարգմանությունն այս համարի մեկնություններից միայն մեկն է։ Ըստ ռուսերեն տեքստի իմաստի՝ 10-րդ համարը ժողովրդի հանդեպ սպառնալիք է պարունակում․ չնայած այն բանին, որ Իսրայելը ընծաներով (եբր. ithnu) փորձում էր ձեռք բերել հեթանոսների բարեկամությունը, նա «կհավաքվի» նրանց միջից, և, ինչպես ավելացնում են մեկնիչները, կհավաքվի դատաստանի՝ ոչնչացման համար (ad pugnam, ad judicium subеundum, ad еxcidium, Կնաբենբաուեր), և գերու կարգավիճակով կուղարկվի հեթանոսական երկիր։
«kabaz»՝ հավաքել բայը Երեմ․ 12:3, Եզեկ․ 22:20, Միքի․ 4:12, Ովս․ 9:6 համարներում օգտագործվում է պատժելու նպատակով հավաքելու իմաստով։ Լինելով գերության մեջ՝ Իսրայելը կտառապի կամ էլ, ըստ եբրայերենի, «կսկսի փոքրանալ» («vajechelu me‘at»), իշխանների թագավորի լծից թվով կփոքրանա։
«melech sarim»՝ իշխանների թագավոր արտահայտությունը հավասարեցվում է «melech melachim»՝ արքայից արքա արտահայտությանը, և ըստ շատ մեկնիչների (Էվալդ, Հիտցիգ, Կնաբենբաուեր)՝ մարգարեի կողմից օգտագործվում է ասորական թագավորի վերաբերյալ լ (Ես․ 10:8, 36:4, 13, Եզեկ․ 26:7)։Հունարենին համապատասխանող 10−րդ համարի սլավոներեն տեքստն ուրիշ գաղափար է արտահայտում։ «Դրա համար կմատնվեն ազգերին» ընթերցումն առաջացել է այն բանից, որ Յոթանասնիցը եբրայերեն «ithnu» («տալիս են») բառն այնպես է ձայնավորում, որ ստացվում է «juthnu», ուստի այն թարգմանում է որպես παραδοθήσονται («կմատնվեն»)։ Ռուսերեն տեքստի՝ «նրանք կսկսեն տառապել և իշխանների թագավորի լծից» բառերի փոխարեն սլավոներենում և հունարենում ընթերցվում է՝ «և մի փոքր կդադարեն (κοπασουσιν) թագավորներ և իշխաններ օծելուց»։
Նորագույն շրջանի մեկնիչները (Օորտ, Վելլհաուզեն, Նովակ, Գոոնակեր) նախապատվությունը տալիս են հունարեն տեքստին, և արտահայտությունը վերաբերում են իսրայելական թագավորներին և իշխաններին։ Մարգարեի խոսքերում հեգնանք կա․ թող գերության մեջ Իսրայելը հանգստանա այն հեղաշրջումներից, որոնց պատճառով այդքան հաճախ թագավորներ օծելու անհրաժեշտություն էր լինում։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) դրա համար էլ կը մատնուի ազգերին: Բայց այժմ կ՚ընդունեմ նրանց,եւ մի փոքր կը դադարեն թագաւորներ եւ իշխաններ օծելուց:
(Արարատ թարգ․) Թեև ազգերի մեջ օգնականներ վարձեն, ես հիմա նրանց պիտի հավաքեմ, և նրանք կսկսեն սակավանալ իշխանների և թագավորի բեռի պատճառով։
(Գրաբար) վասն այնորիկ մատնեսցին ի մէջ ազգաց։ Բայց ա՛յժմ ընկալայց զնոսա՝ և դադարեսցեն փոքր մի յօծանելոյ թագաւո՛րս և իշխանս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: