Ա․ Լոպուխին
Սրա համար պետք է ողբամ և հառաչեմ, կքայլեմ ինչպես կողոպտվածը և մերկացվածը, կոռնամ ինչպես շնագայլը, և կարտասվեմ ինչպես ջայլամը, (Սինոդական թարգ․)[8]
Մարգարեն Սամարիայի կործանման մասին իր վիշտն է արտահայտում, քանի որ այդ կործանումը նաև որպես հրեա ժողովրդին սպասվող աղետների մասին մատնանշում է, որի վրա էլ 8−րդ համարից մարգարեն կենտրոնացնում է իր ուշադրությունը։ «Կքայլեմ ինչպես կողոպտվածը և մերկացվածը»․ մարգարեն մտադիր է, ի նշան վշտի, սգավորի կերպարանք առնել՝ թշնամիների կողմից կողոպտված գերու պես քուրձ հագնել (Ես․ 3։24, 20։1−4), և նույնիսկ մերկանալ, այսինքն` կա՛մ պատառոտել իր հագուստները, ինչպես անում էին ի նշան սգի (Ծննդ․ 37։34, Բ Թագ․ 14։2), կա՛մ էլ ընդհանրապես մերկանալ, ինչպես գերիների հետ էին վարվում (Ես․ 20։1−6)։ Մարգարեի հագուստը ոչ միայն իր վիշտը պետք է արտահայտեր, այլ նաև պետք է ժողովրդին սպասող գերությունը կանխագուշակեր։ «Կոռնամ ինչպես շնագայլը և կարտասվեմ ինչպես ջայլամը»․ շնագայլերի ոռնոցը, ըստ ճանապարհորդների վկայության, նման է մարդկու հեկեկոցի։ Նույն կերպ էլ ջայլամներն են գիշերները մարդկային լաց հիշեցնող ձայներ արձակում։ Յոթանասնիցը 8−րդ համարի բառերը առնչում է ոչ թե մարգարեին, այլ Սամարիային։ Այդ պատճառով էլ սլավոներենում «դրա համար կկոծի և կողբա, մերկ ու բոբիկ կքայլի, կոծ կանի օձերի նման (ὡς δρακὸντων) և կսգա սիրիացիների դուստրերի պես» տարբերակով է։ Այսպիսով՝ հունարեն տեքստում լացը համեմատվում է վիշապների հեկեկոցի ((եբրայերեն` «thanim». սրանք առասպելական արարածներ էին, որոնք իբր թե կարող էին անսովոր ֆշշոց կամ էլ սուլոց արձակել (այս մասին ընթերցի´ր երանելի Հերոնիմոսի մեկնաբանությունների մեջ)), ինչպես նաև սիրինների լացի հետ։ Սիրինի (σειρήν) կամ սիրենի ներքո Յոթանասնիցը հասկացել է կա՛մ այն առասպելական արարածներին, որոնք, ըստ Ոդիսևսի պատմության, առանձնանում էին հազվադեպ հաճելի ձայնով (Հերոնիմոս, Թեոդորոս), կա՛մ էլ աղիողորմ հառաչանք արձակող գիշերային թռչուններին՝ էգ ջայլամներին (Յունգերով)։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Այդ բոլորը Յակոբի ամբարշտութեան պատճառով է եւ Իսրայէլի տան մեղքերի համար: Իսկ արդ, ո՞վ է պատճառը Յակոբի ամբարշտութեան, ո՞չ Սամարիան, եւ ո՞վ է Յուդայի տան մեղքի պատճառը, եթէ ոչ Երուսաղէմը:
(Արարատ թարգ․) Հակոբի հանցանքի և Իսրայելի տան մեղքերի համար է այս ամենը. ո՞րն է Հակոբի հանցանքը. Սամարիան չէ՞, և որո՞նք են Հուդայի բարձրավայրերը. Երուսաղեմը չէ՞։
(Գրաբար)Վասն այնորիկ կոծեսցի՛ և ողբասցի, և գնասցէ մե՛րկ և բո՛կ. և արասցէ կո՛ծ իբրև զվիշապաց, և սուգ իբրև զդստերաց համբարեաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: