ԱՔԱԱԲՆ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱԳՐԱՒԵԼ ՌԱՄԱԹԸ
(Բ Մնաց. 18.2-27)
1. Երեք տարի պատերազմ չեղաւ Ասորիքի ու Իսրայէլի միջեւ:
2. Երրորդ տարում Յուդայի երկրի արքայ Յոսափատը եկաւ Իսրայէլի արքայի մօտ:
3. Իսրայէլի արքան ասաց իր ծառաներին. «Գիտէ՞ք, որ Գաղաադ երկրի Ռամաթ քաղաքը մերն է, իսկ մենք լռել ենք, այն չենք գրաւում ասորիների արքայից»: Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Մեզ հետ կը յարձակուե՞ս Գաղաադի Ռամաթ քաղաքի վրայ»:
4. Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Մի ենք ես եւ դու, մի են իմ զօրքն ու քո զօրքը, մի են իմ երիվարներն ու քո երիվարները»:
5. Յուդայի երկրի արքայ Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Ապա Տիրոջ կամքը հարցրո՛ւ այսօր»:
6. Իսրայէլի արքան հաւաքեց բոլոր մարգարէներին, մօտաւորապէս չորս հարիւր մարդ, եւ հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամաթ քաղաքի վրայ պատերազմի գնա՞մ, թէ՞ մնամ տեղում»: Նրանք ասացին. «Գնա՛, Տէրն այն անպայման արքայի ձեռքն է յանձնելու»:
7. Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Այստեղ արդեօք Տիրոջ մարգարէ կա՞յ, թէ՞ ոչ, որ նրա՛ միջոցով Տիրոջը հարցնենք»:
8. Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Այստեղ կայ մի մարդ, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, սակայն ես ատում եմ նրան, որովհետեւ ինձ համար բարի բան չի գուշակում, այլ՝ չար: Դա Յեմլէի որդի Միքիան է»: Յուդայի երկրի արքայ Յոսափատն ասաց. «Թող այդպիսի բան չասի արքան»:
9. Իսրայէլի արքան մի ներքինի կանչելով՝ ասաց. «Անմիջապէս այստե՛ղ բեր Յեմլէի որդի Միքիային»:
10. Իսրայէլի արքան եւ Յուդայի երկրի արքայ Յոսափատը արքայական զգեստներով նստել էին ամէն մէկն իր աթոռին, Սամարիայի դարպասների մօտ, եւ բոլոր մարգարէները մարգարէութիւն էին անում նրանց առջեւ:
11. Քանանի որդի Սեդեկիան, որը երկաթէ եղջիւրներ էր սարքել տուել, ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Սրանցո՛վ ես հարուածելու ասորիներին, մինչեւ որ բնաջնջուեն»»:
12. Բոլոր մարգարէները նոյնպէս մարգարէանում էին՝ ասելով. «Գնա՛ Գաղաադի Ռամաթ քաղաքը եւ յաջողութիւն կ՚ունենաս. Տէրը քո ձեռքը կը յանձնի ասորիների արքային»:
ՄԻՔԻԱ ՄԱՐԳԱՐԷՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ
13. Սուրհանդակը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահաւասիկ բոլոր մարգարէները միաբերան բարի բան են գուշակում արքայի համար: Արդ, քո խօսքն էլ թող նրանց ասածին համահնչիւն լինի, դո՛ւ էլ բարի բան գուշակիր»:
14. Միքիան ասաց. «Կենդանի է Տէրը. ինչ որ Տէրն ինձ ասի, ա՛յն կը հաղորդեմ»:
15. Նա եկաւ արքայի մօտ, եւ արքան հարցրեց նրան. «Միքիա՛, Գաղաադի Ռամաթ քաղաքի դէմ պատերազմելու գնա՞մ, թէ՞ տեղում մնամ»: Միքիան ասաց. «Գնա՛ եւ յաջողութիւն կը գտնես, եւ Տէրը դա արքայի ձեռքը կը յանձնի»:
16. Արքան ասաց նրան. «Քեզ կրկին եմ երդուեցնում, որ ինձ ճշմարտութիւնն ասես յանուն Տիրոջ»:
17. Միքիան ասաց. «Ո՛չ, այդ չէ ճշմարտութիւնը: Ես տեսել եմ, թէ ինչպէս բոլոր իսրայէլացիները ցրուած են լեռների վրայ իբրեւ ոչխարների հօտ, որ չունի հովիւ: Տէրն ասաց. «Դրանք տէրեր չունեն, թող ամէն մէկն իր տունը դառնայ խաղաղութեամբ»:
18. Իսրայէլի արքան ասաց Յուդայի արքայ Յոսափատին. «Ես քեզ չասացի՞, թէ նա ինձ համար բարի բան չի մարգարէանայ, այլ միայն՝ չար բան»:
19. Միքիան ասաց. «Այդպէս չէ, ոչ թէ իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր: Ես, արդարեւ, տեսայ Իսրայէլի Տէր Աստծուն՝ նստած իր աթոռին, եւ երկնքի բոլոր զօրքերը աջից ու ձախից կանգնած էին նրա մօտ:
20. Տէրն ասաց. «Ո՞վ կը խաբի Իսրայէլի արքայ Աքաաբին, որ ելնի յարձակուի Գաղաադի Ռամաթ քաղաքի վրայ եւ սպանուի»: Մէկն այսպէս ու միւսն այնպէս էր ասում:
21. Եւ ահա մարգարէի մի ոգի ելաւ ու կանգնելով Տիրոջ առջեւ՝ ասաց. Ես կը խաբեմ նրան»: Տէրը նրան ասաց. «Ի՞նչ միջոցով»:
22. Նա պատասխանեց. «Կ՚ելնեմ ու սուտ ոգի կը դառնամ նրա բոլոր մարգարէների բերանում»: Տէրն ասաց. «Դու իրօք կը խաբես, դու այդ կարող ես, գնա՛ եւ այդպէ՛ս արա»:
23. Եւ ահա Տէրը սուտ ոգի դրեց քո այդ բոլոր մարգարէների բերանում, եւ Տէրը չարիք է որոշել քեզ համար»:
24. Քանանի որդի Սեդեկիան մօտեցաւ ու խփելով Միքիայի ծնօտին՝ ասաց. «Տիրոջ ո՞ր ոգին է, որ ինձնից դուրս գալով՝ խօսեց քո մէջ»:
25. Միքիան ասաց. «Դու ինքդ կը տեսնես այն օրը, երբ սենեակից սենեակ կը վազես թաքնուելու համար»:
26. Իսրայէլի արքան ասաց. «Բռնեցէ՛ք Միքիային եւ յանձնելով Ամոն քաղաքապետին ու արքայորդի Յովասին՝
27. ասացէ՛ք. «Այսպէս է հրամայում արքան: «Բանտարկեցէ՛ք սրան, եւ թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչեւ որ ողջ եւ առողջ վերադառնամ պատերազմից»»:
28. Միքիան ասաց. «Եթէ դու ողջ եւ առողջ վերադառնաս, ուրեմն Տէրը չէ, որ խօսել է իմ բերանով»: Ապա աւելացրեց. «Լսեցէ՛ք, զօրքե՛ր, ամէնքդ լսեցէ՛ք»:
ԱՔԱԱԲԻ ՄԱՀԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
(Բ Մնաց. 18.28-34)
29. Իսրայէլի արքան Յուդայի երկրի արքայ Յոսափատի հետ շարժուեց դէպի Գաղաադի Ռամաթ քաղաքը:
30. Իսրայէլի արքան ասաց Յուդայի երկրի արքայ Յոսափատին. «Ես կը կերպարանափոխուեմ եւ այդպէս կը մտնեմ պատերազմ, իսկ դու հագի՛ր իմ զգեստները»: Իսրայէլի արքան փոխեց իր հագուստները եւ մտաւ պատերազմի մէջ:
31. Ասորիների արքան պատուէր էր տուել իր մարտակառքերի պետերին՝ ասելով. «Մի՛ մարտնչէք մեծի կամ փոքրի դէմ, այլ միայն՝ Իսրայէլի արքայի դէմ»:
32. Երբ մարտակառքերի պետերը տեսան Յուդայի երկրի արքայ Յոսափատին, ասացին միմեանց. «Թւում է, թէ սա է Իսրայէլի թագաւորը»: Նրանք մօտեցան, որ կռուեն նրա դէմ, բայց Յոսափատը աղաղակեց:
33. Երբ մարտակառքերի պետերը տեսան, թէ նա չէ Իսրայէլի արքան, յետ դարձան:
34. Նրանցից մէկը ուժգին ձգեց իր աղեղը եւ ճեղքելով Իսրայէլի արքայի զրահը՝ խոցեց նրա թոքը: Սա ասաց իր մարտակառքի պետին՝ «Շո՛ւռ արի, ինձ հանի՛ր ռազմադաշտից, քանզի վիրաւոր եմ»:
35. Այդ օրը, սակայն, պատերազմը սաստկացաւ, եւ արքան այգաբացից մինչեւ երեկոյ մնաց իր մարտակառքում, ասորիների դէմ: Արիւնը հոսում էր վէրքից ու լցւում մարտակառքի մէջ: Երբ երեկոյ եղաւ, նա մեռաւ:
36. Արեգակը մայր մտնելիս մունետիկը յայտնեց զօրքին. «Ամէն ոք իր քաղաքը, իր երկիրը թող գնայ, որովհետեւ արքան մեռել է»:
37. Արքային բերեցին Սամարիա եւ Սամարիայում էլ թաղեցին:
38. Սամարիայի ջրաւազաններում լուացին մարտակառքերը, խոզերն ու շները լիզեցին նրա արիւնը, իսկ բոզերը լողացան նրա արեան մէջ, ինչպէս կանխատեսել էր Տէրը:
39. Աքաաբի մնացած գործերը, նրա բոլոր արարքները, նրա կառուցած փղոսկրեայ տունը, կառուցապատած բոլոր քաղաքները՝ այս ամէնը նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ:
40. Աքաաբը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Օքոզիան, իսկ Յուդայի երկրի վրայ թագաւորում էր Ասայի որդի Յոսափատը:
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՍԱՓԱՏ ԹԱԳԱՒՈՐԸ
(Բ Մնաց. 20.31-21.1)
41. Իսրայէլի թագաւոր Աքաաբի թագաւորութեան չորրորդ տարում թագաւորեց Յոսափատը:
42. Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, ու քսանհինգ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մայրը Սալալի դուստր Ասուբան էր:
43. Նա իր հօր՝ Ասայի ճանապարհով գնաց, չխոտորուեց, արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ:
44. Նա, սակայն, բարձրադիր մեհեանները չվերացրեց, որովհետեւ ժողովուրդը տակաւին զոհ էր մատուցում եւ խունկ ծխում մեհեաններում:
45. Յոսափատը խաղաղութեան դաշինքի մէջ էր Իսրայէլի արքայի հետ:
46. Յոսափատի մնացած գործերը, կատարած քաջագործութիւններն ու պատերազմները չէ՞ որ նկարագրուած են Յուդայի թագաւորների ժամանակագրութեան մէջ:
47. Նա երկրից մաքրեց սոդոմական մեղք գործողներին, որոնք մնացել էին իր հօր օրերից:
48. Այդ ժամանակ Եդոմում թագաւոր չկար:
49. Յոսափատ արքան Թարսիսի նաւեր պատրաստեց, որ գնան Օփիր՝ ոսկի ձեռք բերելու, սակայն նաւերը տեղ չկարողացան հասնել, որոհետեւ Գասիոնգաբերում նաւաբեկութեան ենթարկուեցին:
50. Այդ ժամանակ Աքաաբի որդի Օքոզիան ասաց Յոսափատին. «Թող քո ծառաները գնան իմ ծառաների հետ, եւ քո նաւերն՝ իմ նաւերի հետ»: Յոսափատը, սակայն, չհամաձայնեց:
51. Յոսափատը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր հայրերի մօտ, իր նախահայր Դաւթի քաղաքում: Նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Յորամը:
ԻՍՐԱՅԷԼԻ ԹԱԳԱՒՈՐ ՕՔՈԶԻԱՆ
52. Աքաաբի որդի Օքոզիան Սամարիայում Իսրայէլի վրայ թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յոսափատի թագաւորութեան տասնեօթներորդ տարում: Նա Իսրայէլում թագաւորեց երկու տարի:
53. Նա չար գործեր արեց Տիրոջ առջեւ, գնաց իր հայր Աքաաբի ու իր մայր Յեզաբէլի, Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղսալից ճանապարհով:
54. Նա ծառայեց Բահաղիմներին, երկրպագեց նրանց եւ դրանով իսկ բարկացրեց Իսրայէլի Տէր Աստծուն՝ ըստ ամենայնի կրկնելով իր նախորդների կատարածը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: