ՄԱՐԴԸ
Փեսան դուստրերին եւ թագուհիներին այսպէս է ասում.
- 1. «Ի՞նչ էք տեսնում այդ սոմնացու վրայ,
որ գալիս է դէպի մեզ
զօրաբանակի գնդերի նման:
Որքա՜ն գեղեցիկ է քո քայլքը կօշիկներով,
ո՛վ Ամինադաբի դուստր:
Քո ազդրերի ձեւը նման է
ճարտար վարպետի յղկած ուլունքների:
2. Քո պորտը ճախարակուած ըմպանակ է,
որից անպակաս է անխառն գինին:
Քո որովայնը ցորենի շեղջ է՝
ծածկուած շուշանով:
3. Քո երկու ստինքները ասես այծեամի երկուորեակ ուլեր են,
4. քո պարանոցը՝ փղոսկրեայ աշտարակ:
Քո աչքերը նման են Եսեբոնի ծովակին՝
Բազում դուստրերի դարպասների մօտ:
Քո քիթը նման է Լիբանանի աշտարակին,
որ նայում է դէպի Դամասկոս:
5. Գլուխդ քո վրայ նման է Կարմելոսին,
մազերիդ հիւսերը կարծես ծիրանի լինեն,
ասես թագաւոր ես՝ թագը գլխիդ,
հանդիսարանների մէջ:
6. Որքա՜ն գեղեցիկ, որքա՜ն քաղցր ես դու, սէ՛ր իմ,
քո քնքշութեան մէջ:
7. Քո հասակը նման է արմաւենու,
իսկ ստինքներդ՝ ողկոյզների:
8. Ասացի. «Բարձրանամ արմաւենու վրայ,
ձեռքս ձգեմ նրա ճիւղերին,
եւ թող քո ստինքները լինեն խաղողի ողկոյզների պէս,
քո ռունգերի շունչը՝ խնձորի հոտի նման,
եւ քո կոկորդը՝ ազնիւ գինու պէս»»:
Հարսն ասում է դուստրերին եւ թագուհիներին.
- 9. «Այն ուղիղ գնում է իմ սիրեցեալին՝
հոսելով ննջողների շրթների ատամների վրայ 549:
ԿԻՆԸ
- 10. Ես իմ սիրեցեալինն եմ,
եւ նա պիտի վերադառնայ ինձ մօտ:
11. Ե՛կ, իմ սիրեցեա՛լ, ելնենք ագարակները,
գիշերենք շէների ու պարտէզների մէջ,
վաղ առաւօտեան այգիները գնանք:
12. Տեսնենք, թէ արդեօք ծաղկե՞լ է որթատունկը,
ծաղկե՞լ է արդեօք նոճին,
ծաղկե՞լ է արդեօք նռնենին:
Այնտեղ քեզ կը տամ իմ ստինքները:
13. Մանրագորներն իրենց հոտն են բուրում,
մեր դռների մօտ ամէն տեսակ հին ու նոր մրգատու ծառեր կան,
որ իմ մայրն է տուել ինձ,
ես պահել եմ քե՛զ համար, իմ սիրեցեա՛լ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: