Գիրք` 27. Երգ Երգոց

Գլուխ 6

   

ԿԱՆԱՅՔ
Հարսը պատասխան է տալիս եւ ասում.

    1. «Իմ սիրեցեալն իջաւ իր պարտէզը՝
    խնկածաղիկների մարգերի մէջ,
    որ հօտն արածեցնի բուրաստաններում
    եւ շուշաններ քաղի: 
    2. Իմ սիրեցեալն իմն է, իսկ ես՝ նրանը.
    նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ»: 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԳ
   

Փեսան ասում է Հարսին.

    3. «Դու բարեկազմ ես, ի՛մ սիրելի,
    ամբողջովին հաճելի ես
    եւ Երուսաղէմի պէս գեղեցիկ՝ զարմանալի յօրինուած:
    4. Թեքի՛ր աչքերդ ինձնից,
    քանզի դրանք սիրով արբեցրին ինձ.
    քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից: 
    5. Քո ատամները նման են խուզած ոչխարների հօտերի,
    որոնք ելնում են լողաւազանից.
    բոլորն էլ զուգաշար են,
    ոչ մի ստերջ չկայ նրանց մէջ: 
    6. Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի,
    եւ գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին:
    Քո այտերը նման են կիսուած նռան՝ հարսնաքօղիդ տակ:
    7. Թող վաթսուն թագուհի եւ ութսուն հարճ լինեն,
    թող ազնիւ օրիորդներ ունենայ արքան,
    8. մինչդեռ մէ՛կն է իմ աղաւնին, իմ կատարեալը.
    իր մօր միա՛կն է նա,
    իր ծնողի ընտրեա՛լը:
    Դուստրերը տեսան նրան եւ երանի տուին,
    թագուհիները եւ հարճերը գովեցին նրան»:

   
Դուստրերը եւ թագուհիները տեսան Հարսին եւ երանի տուին նրան.

    9. «Ո՞վ է սա, որ ելնում է ինչպէս առաւօտ,
    եւ գեղեցիկ է, ինչպէս լուսին,
    ընտիր, ինչպէս արեգակ՝
    զարմանալի յօրինուած»:

   
Փեսան ասում է Հարսին.

    10. «Ես ընկուզենիների պարտէզն իջայ՝
    նայելու, թէ առուներն ինչպէս են ջրում, տեսնելու,
    թէ արդեօք ծաղկե՞լ է որթատունկը,
    ծաղկե՞լ է արդեօք նոճին,
    ծաղկե՞լ է արդեօք նռնենին»: 

   
Հարսն ասում է Փեսային.

    11. «Այնտեղ քեզ կը տամ իմ ստինքները.
    հոգիս չիմացաւ, բայց ցանկութիւնս տանում է ինձ,
    ինչպէս Ամինադաբի կառքը»:

   
ԿԻՆԸ
Դուստրերը եւ թագուհիները ասում են Հարսին.

    12. «Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, ո՜վ սոմնացիդ,
    վերադարձի՛ր, որ մենք տեսնենք քեզ»: