Գիրք` 32. Ովսէէ

Գլուխ 7

   
1. Ի բժշկել ինձ զԻսրայէլ. և յայտնեսցին չարիքն Եփրեմայ և չարիքն Շամրնի, զի արարին ստութիւն. գո՛ղ մտցէ առ նա, և աւազակ մերկացուսցէ ի ճանապարհս նորա։

2. Զի մրմնջեսցեն ի միասին, որպէս մրմնջեն ի միտս իւրեանց. զամենայն չարիս նոցա յիշեցի. արդ՝ պաշարեցին զնոսա խորհուրդք նոցա. յանդիման երեսաց իմոց եղեն։

3. Չարեօք իւրեանց ուրա՛խ արարին զթագաւորն, և ստութեամբ իւրեանց զիշխանս։

4. Ամենեքին շնացեալք, իբրև զթոնիր վառեալ յեփել, բորբոքեա՛լ ի բոցոյ՝ և ի զանգուածոյ ճարպոյ. մինչև խմորեսցին նոյն

5. աւուրք թագաւորաց ձերոց. սկսան իշխանք զայրանալ ի գինւոյ. և ձգեցին զձե՛ռս իւրեանց ի ժանտագործս.

6. զի բորբոքեցան իբրև զհնոց սիրտք նոցա յանիծանել զնոսա։ Զգիշերն ամենայն քնով յագեցաւ Եփրեմ. եղև առաւօտ՝ և բորբոքեցա՛ն իբրև զբոց հրոյ։

7. Ամենեքին ջեռան իբրև զհնոց վառեալ, և հո՛ւր եկեր զդատաւորս նոցա. ամենայն դատաւորք նոցա անկան, և ո՛չ ոք էր ի նոցանէ որ կարդայր առ իս.

8. Եփրեմ ընդ ժողովուրդս խառնակէր. և եղև Եփրեմ նկա՛ն չդարձուցեալ։

9. Կերան օտարք զզօրութիւն նորա՝ և նա ո՛չ գիտաց։ Ծաղկեցին ալիք նորա, և նա ո՛չ զգաց։

10. Եւ խոնարհեսցի հպարտութիւնն Իսրայէլի յերեսս նորա. և ո՛չ դարձան առ Տէր Աստուած իւրեանց, և ո՛չ խնդրեցին զնա յամենայնի յայսմիկ։

11. Եւ է՛ր Եփրեմ իբրև զաղաւնի անմիտ՝ որոյ ո՛չ իցէ սիրտ. յԵգիպտո՛ս խրախուսէին, և առ Ասորեստանեայս գնացին։

12. Ո՛ւր և երթայցեն՝ արկի՛ց ի վերայ նոցա զվարմ իմ, և իբրև զթռչունս երկնից իջուցից զնոսա. և խրատեցից զնոսա համբաւով նեղութեան նոցա։

13. Վա՛յ նոցա զի վազեցին զինև. և եղո՛ւկ են՝ զի ամպարշտեցան յիս։ Ե՛ս փրկեցի զնոսա և նոքա բամբասեցին զիս սուտ,

14. և ո՛չ աղաղակեցին առ իս սիրտք նոցա. այլ ողբացին յանկողինս իւրեանց. և ի վերայ ցորենոյ և գինւոյ ցտէին. խրատեցան ինև՝

15. և ես զօրացուցի զբազուկս նոցա. և ի վերայ իմ խորհեցան չարութիւն։

16. Դարձան յոչինչ, և եղեն իբրև զաղեղն լարեալ. անկցին ի սո՛ւր իշխանք նոցա, վասն անխրատութեան խստութեան լեզուի իւրեանց. զի այս անզգամութիւն նոցա յերկրին Եգիպտացւոց։