Ա. Լոպուխին
Հակոբի սերունդը հետևյալն է. Հովսեփը տասնյոթ տարեկան էր, երբ իր եղբայրների հետ ոչխար էր արածեցնում: Իր հոր կանանց՝ Բալլայի և Զելփայի որդիներից փոքր էր: Որդիներն իրենց հոր՝ Իսրայելի մոտ վատաբանում էին Հովսեփին: [2] (Սինոդական թարգ․)
Թեպետ հաջորդիվ առավելապես խոսվելու է Հովսեփի պատմության մասին, բայց քանի որ նրա հետ սերտորեն կապված են եղբայրներն ու հենց ինքը Հակոբը, ապա Հովսեփի պատմությունը սկսվում է «Հակոբի սերունդը հետևյալն է» նախաբանով: Ինչպես Աբրահամի մահից հետո (Ծննդ. 25:8) նշվում է Իսմայելի ազգաբանությունը (toldoth) (Ծննդ. 25:12–18), այնուհետև շարունակվում է Իսահակի ազգաբանությունը (toldoth) (Ծննդ. 25:19), այնպես էլ Իսահակի մահից հետո նշվում է Եսավի ազգաբանությունը (toldoth) (Ծննդ. 36), և ապա շարունակվում է Հակոբի պատմությունը (հմմ. 37 գլ. մինչև Ծննդոցի վերջ): Թե ինչու է աստվածաշնչյան հեղինակը նախ խոսում Հովսեփի, հետո նոր Հակոբի մասին, Միդրաշը բացատրում է նրանով, որ Հովսեփի ճակատագիրը չափազանց նման էր Հակոբի ճակատագրին, ինչպես, օրինակ, երկուսին էլ նրանց եղբայրներն ատել են, և երկուսն էլ վտանգի են ենթարկվել նրանց կողմից (Beresch. r. Par. 84, s. 409–410): Երբ նշվում է Հովսեփի տարիքը` 17 տարեկան, ասվում է, որ նա երիտասարդ էր (naar, պատանի), և հրեա մեկնիչները նկատել են Հովսեփի պարզամտությունը (մեծ մասամբ հավանությանը չարժանացող իմաստով), ինչի շնորհիվ էլ նա անկախ իրենից շարժեց իր եղբայրների ատելությունը:
Հովսեփը, իբրև օգնական, արածեցնում էր իր հոր մանր ոչխարները իրեն հասակակից Հակոբի որդիների` Բալլայից ծնված Դանի և Նաթանայելի (Ծննդ. 30։6–8), և Զելփայից ծնված Գադի ու Ասերի հետ (Ծննդ. 30:11–13): Հովսեփը այս երկու եղբայրներին առավել մտերիմ էր համարում, քանի որ իր մայր Ռաքելի աղախնուց էին ծնված, որն էլ մոր մահից հետո փոխարինեց նրան, և մայր դարձավ Հովսեփի ու Բենիամինի համար: Ըստ Ծննդ. 37:13–14–րդ համարների՝ Հովսեփի վերաբերմունքը ավագ եղբայրների հանդեպ հիշեցնում է պատանի Դավթի վերաբերմունքը` պատերազմի գնացող ավագ եղբայրների հանդեպ (Ա Թագ. 17): Հովսեփի և նրա եղբայրների մասին նշելուց հետո ասվում է նաև Հովսեփի հանդեպ եղբայրների ատելության առաջին պատճառը: Այն է՝ Հովսեփը նրանց մասին վատ բաներ էր հաղորդում իրենց հորը (Վուլգ. «crimine pessimo»): Յոթանասնիցի ու սլավոնականի մեկնիչները հակառակն են ասում. Այն է՝ եղբայրներն են զրպարտել Հովսեփին (Հովհան Ոսկեբերանը նույնպես այդպես է կարծում): Բայց Օնկելոսի Թարգումը, Աթիլան, Սյումաքոսը, սամարական և արաբական թարգմանությունները, Վուլգաթան ընդունում են եբրայական մասորեթական տեքստը (ինչպես նաև՝ ռուսական Սինոդականը): Թե որն էր մեղադրանքը, աստվածաշնչյան տեքստը չի ասում, և թե՛ Միդրաշը, թե՛ ռաբբիները սրա մասին տարբեր ենթադրություններ են արել (Beresch. r., s. 410):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Յակոբի սերունդը հետեւեալն է. Յովսէփը տասնեօթը տարեկան էր, երբ իր եղբայրների հետ ոչխարներ էր արածեցնում: Իր հօր կանանց՝ Բալլայի որդիներից եւ Զելփայի որդիներից փոքր էր նա: Որդիներն իրենց հայր Իսրայէլի մօտ վատաբանում էին Յովսէփին,
(Արարատ թարգ․) Սրանք են Հակոբի սերունդները: Հովսեփը տասնյոթ տարեկան էր, երբ իր եղբայրների հետ արածեցնում էր հոտերը: Եվ պատանի լինելով՝ իր հոր կանանց՝ Բաղղայի ու Զեղփայի որդիների հետ էր: Եվ Հովսեփը նրանց մասին չար լուրերը հայտնում էր իրենց հորը:
(Գրաբար) Եւ այս են ծնունդք Յակոբայ: Յովսէփ եւթնուտասնամեայ էր, մինչ արածէր եղբարբքն հանդերձ խաշինս. եւ էր կրտսեր ընդ որդիսն Բալլայ, եւ ընդ որդիսն զԵլփայ կանանց հաւր իւրոյ: Եւ բերէին համբաւ չար զՅովսեփայ առ Իսրայէլ հայրն իւրեանց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: