Եզեկիելի մարգարեության մեկնություն 4։9

Ա. Լոպուխին

«Քեզ համար վերցրո՛ւ ցորեն, գարի, բակլա, ոսպ, կորեկ ու հաճար և դրանք լցրո՛ւ մի ամանի մեջ ու դրանցից հացե՛ր պատրաստիր քեզ համար՝ այն օրերի թվով, որ կպառկես քո կողքի վրա․ երեք հարյուր իննսուն օր կուտես դրանք»։ (Սինոդական թարգ․)[9]

   
   Պաշարվածներն ու գերիներն այնպիսի քաղցի պիտի մատնվեն, որ ամեն տեղից պիտի վերցնեն ամեն տեսակի այս կամ այն հացահատիկ, որը հենց նոր ինչ-որ տեղ բուսնած կլինի, որպեսզի դրանցից իրենց համար հաց թխեն։ Այսքան շատ (6 տեսակի) բաղադրյալ խառնուրդից ստացված հացը, որը ոչ հաճելի և առողջության համար վնասակար մի կերակուր էր, միևնույն ժամանակ նաև ծիսական անմաքրությամբ էր «աղտոտում» այն ճաշակողներին, որովհետև Մովսեսի օրենքի համաձայն՝ նույնիսկ երկու տեսակի սերմերով արտ և խաղողի այգի ցանելն էր անթույլատրելի, ճիշտ այնպես, ինչպես նաև կրկնակի նյութից զգեստ պատրաստելը (Բ Օրին․ 22:9, Ղևտ․ 19:19)։ Այսօրինակ յուրաքանչյուր խառնուրդ համարվում էր անմաքուր: Սույն պատկերի գույները վերցված են պաշարված քաղաքի դրվագից, սակայն Եզեկիելն առաջին հերթին նկատի ունի գերությունը։ Մարգարեն ցանկանում է գերիների առջև դրամատիկորեն ներկայացնել այն իրողությունը, որ գերության մեջ ճաշակվող կերակուրն անմաքուր է (հմմտ․ Ես․ 9։3 և Ամոս 7։17): Հացահատիկները թվարկվում են ըստ իրենց արժեքավորության աստիճանի՝ սկսած ամենավերին աստիճանում գտնվողներից, որոնք պետք է ավելի վաղ սպառել։ Ցորենը «լավագույն ժամանակների վերաբերյալ հիշողությունն է արթնացնում» (Գեֆերնիկ): Գարին Պաղեստինում համարվում էր կերակուր՝ ձիու համար (Գ Թագ. 4:28)։ Գարուց հաց էր պատրաստվում միայն սովի ժամանակ (Դ Թագ. 4:22): Բակլան Աստվածաշնչում հիշատակվում է միայն Բ Թագավորաց 17:28-րդ համարում։ Պլինիոսի վկայության համաձայն (Hist nat. XVIII, 30)՝ շատ ժողովուրդներ այն խառնել են հացի բաղադրությանը։ Ոսպը (սլավոներենում՝ «լյաշա») Եգիպտոսում այժմ աղքատների համար ծառայում է որպես հումք՝ բերքի մեծ երաշտի ժամանակ հաց պատրաստելու համար։ Տուխը կամ կորեկը մեծ քանակությամբ մշակվում է Եգիպտոսում և Արաբիայում՝ հանդիսանալով կերակոիր «հասարակ մարդկանց, վայրի և գիշատիչ կենդանիների համար» (Հերոնիմոս Երանելի)։ Եբրայեցերեն «դոխազ»-ը կարող է լինել նույն բանը, ինչը որ արաբերեն «դախն»-ն է՝ երկար ու կլորավուն, մուգ շագանակագույն հատիկ բրնձի մի տեսակ, որից բարձր որակի մթերքի բացակայության պատճառով պատրաստվում է հացի մի տեսակ՝ բարակ հաց (Քեյլ): Հաճարը (սլավոներենում՝ «պիրո») ցորենի ամենավատ տեսակն է, որի ալյուրը սովորական ցորենից ավելի բարակ և սպիտակ է, սակայն դրանից պատրաստված հացը շատ չոր է, զզվելի և ոչ օգտակար։ Վուլգաթայում հացահատիկի այդ տեսակը կոչվում է «vicia» և բացատրվում է որպես «... վայրի, «կռունկի» ոլոռ»:

   «Դրանցից հացե՛ր պատրաստիր քեզ համար՝ այն օրերի թվով, որ կպառկես քո կողքի վրա»։ Հերոնիմոս Երանելու մեկնության համաձայն՝ այդ հացերի թիվը 390-ն էր՝ մեկական հաց պառկած վիճակում գտնվելու յուրաքանչյուր օրվա համար։ Հետևաբար, այդ վերոնշյալ զազրելի խառնուրդից հացեր պետք էր սկսել պատրաստել ավելի քան մեկ տարի առաջ, քանի որ հակառակ դեպքում անհնար էր դա անել՝ նկատի ունենալով հետագայում պառկելու մասին պատվիրանը չխախտելու պայմանը։ Այս ժամանակահատվածի ընթացքում հացերը վստահաբար քարացած պիտի լինեին (իմիջիայլոց, մարգարեին թույլ տրվեց պատրաստել ոչ թե հացեր, այլ շոթեր՝ թխվածքաբլիթներ, տե՛ս 12-րդ համարը)։ Պաղեստինի նման երկրում հացը արդեն երկրորդ օրը գրեթե լիովին անպիտան է դառնում: Մարգարեի տեսանկյունից այս ամենն ավելին էր, քան զուտ ծոմը, ծոմապահությունը՝ մեղավոր ժողովրդի համար: Հոգու ինչպիսի՜ զորություն էր պահանջվում, որպեսզի նա դիմանար նմանատիպ անհավանական դժվարին և, ըստ երևույթին, աննպատակ ծոմապահությանը․․․․ «Երեք հարյուր իննսուն օր կուտես դրանք» - Ինչո՞ւ 390, և ոչ թե՝ 390 գումարած 40: Հերոնիմոս Երանելու կարծիքով՝ այդ թիվն ընտրվում է որպես նշան այն բանի, որ միևնույն պատիժը չէր պատուհասելու թե՛ Հուդային, որն առնվազն տիրապետում էր Աստծո մասին իմացությանը, և թե՛ Իսրայելին, որը լիովին հեռացել էր ճշմարիտ կրոնից: Հնարավոր է, որ 40 օրը չի հիշատակվում հակիրճության նպատակից ելնելով։ Ամեն դեպքում, արդեն իսկ նշված թիվն էլ բավարար էր անհրաժեշտ նպատակին՝ երկարատև պատժի մասին հռչակելուն ծառայելու համար։
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 4:4
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Իսկ դու քեզ համար ցորեն ու գարի ա՛ռ, ոսպ ու ոլոռ, կորեկ ու հաճար, դրանք դի՛ր խեցէ մի ամանի մէջ եւ քեզ համար հա՛ց պատրաստիր: Ու ըստ կողքիդ վրայ քո քնելու օրերի թուի՝ հարիւր իննսուն օր կ՚ուտես այն:
(Արարատ թարգ․) Եվ դու քեզ համար վերցրո՛ւ ցորեն, գարի, բակլա, ոսպ, կորեկ ու հաճար և դրանք դի՛ր մի ամանում ու դրանք հա՛ց դարձրու քեզ համար. այն օրերի թվով, որ կպառկես քո կողքի վրա, երեք հարյուր իննսուն օր կուտես այն։
(Գրաբար) Եւ դո՛ւ ա՛ռ քեզ ցորեան, և գարի, ոսպն, և ոլոռն, և կորեակ, և հաճար, և արկցես զայն յամա՛ն մի խեցեղէն, և արասցես դու զայն քեզ հաց. և ըստ թուոյ աւուրցն զոր ննջեսցես դու ‘ի կողմն քո, հարեւր և իննսուն օր կերիցես զայն։