Եզեկիելի մարգարեության մեկնություն 46։9

Ա. Լոպուխին

«Բայց երբ երկրի ժողովուրդը Տիրոջ երեսի առաջ գա տոներին, այդժամ ով հյուսիսային դարպասի ճանապարհով մտնի երկրպագելու համար, պիտի դուրս գնա հարավային դարպասի ճանապարհով, և ով մտնի հարավային դարպասի ճանապարհով, պիտի դուրս գնա հյուսիսային դարպասի ճանապարհով. նա չպիտի դուրս գա այն դարպասով, որով ներս է մտել, այլ պիտի դուրս գնա դիմացի [դարպասով]»։ [9] (Սինոդական թարգ․)
   

    Այս հրամանը տրվում է խառնաշփոթը կանխելու նպատակով, սակայն շատ քիչ է հավանական, որ սույն հրամանի միակ նպատակը դա էր: Հնարավոր է, որ սա վերաբերում էր քերովբեների շարժումը բնութագրող հայտնի առանձնահատկությունին (Եզեկ. 1:9, 12), ինչպես նաև այսպիսով ակնարկվում էր, որ նոր Իսրայելը նման է լինելու Եզեկիել մարգարեի առաջին տեսիլքի մեջ հիշատակվող քերովբեներին (Gaupp, Die Eigehtumlichkeit des Ez. In Neue kirchliche Zeitschift, 5, 618)։

    «Տոներին» - «moadim»: Այստեղ ամենայն հավանականությամբ նկատի են առնվում միայն երկու մեծ տոներ՝ Պասեքը և Տաղավարահարաց տոնը, որոնց ժամանակ ամբողջ ժողովուրդը պետք է ներկայանար «Տիրոջ երեսի առաջ»: Սակայն Եզեկ. 45:17-րդ համարում այս  «moadim» տերմինը մատնանշում է առհասարակ բոլոր տոները:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Իսկ երբ երկրի ժողովուրդը տօներին մտնի Տիրոջ առաջ երկրպագելու, ով հիւսիսային դռնով մտնի, հարաւային դռնով դուրս կը գայ, իսկ ով հարաւային դռնով մտնի, հիւսիսային դռնով դուրս կը գայ: Չի վերադառնայ այն դռնով, որով մտել էր, այլ հակառակ դռնով դուրս կը գայ:
(Արարատ թարգ․) Բայց երկրի ժողովուրդը Տիրոջ առաջ պիտի գա հանդիսավոր տոներին. ով հյուսիսային դարպասի ճանապարհով մտնի երկրպագելու համար, հարավային դարպասի ճանապարհով պիտի գնա, և ով մտնի հարավային դարպասի ճանապարհով, պիտի գնա հյուսիսային դարպասի ճանապարհով, իր մտած դարպասի ճանապարհով հետ չպիտի դառնա, այլ դիմացինով պիտի գնա։
(Գրաբար) Եւ յորժամ մտանիցէ ժողովուրդ երկրին առաջի Տեառն 'ի տօնս, որ մտանիցէ ընդ ճանապարհ դրանն հիւսւսոյ երկի՛ր պագանել ելցէ ընդ ճանապարհ դրանն հարաւոյ. և որ մտցէ ընդ ճանապարհ դրանն հարաւոյ, ելցէ ընդ ճանապարհ դրանն հիւսւսոյ. և մի՛ դարձցի ընդ ճանապարհ դրանն ընդ որ եմուտ. այլ ուղորդ ընդ նո՛յն ելցէ: