Ա. Լոպուխին
«Քանի որ ծախողը հետ չպիտի դառնա իր ծախածին, թեկուզև դեռևս նրանք ողջ լինեն, որովհետև նրանց ամբողջ բազմության վերաբերյալ մարգարեական տեսիլքը չպիտի չեղարկվի, և ոչ ոք իր անօրենությամբ չի զորացնի իր կյանքը»։ [13] (Սինոդական թարգ․)
13ա հատվածը կարելի է հասկանալ որպես հոբելյանական տարում վաճառված կալվածքները նախկին տերերին վերադարձնելու մասին հիշատակում։ Հնարավոր է, որ այստեղ, ինչպես նշված է 12-րդ համարի բացատրության մեջ, մարգարեի գերության ուղեկիցների մասին ասվում է, որ նրանք երբևէ (նույնիսկ հոբելյանական տարում) չեն վերադառնա իրենց վաճառված կալվածքներին (այդ իսկ պատճառով էլ չարժի լաց լինել այն բանի համար, որ դրանք էժան գնով են վաճառվել), քանի որ բաբելոնյան գերությունը չի ավարտվելու այդ ներկա սերնդի ներկայացուցիչների ապրած ժամանակաշրջանում։ Չնայած որ հոբելյանական տարիները, ինչպես երևում է Երեմիայի մարգարեության 34-րդ գլխից, հաճախակիորեն չէին պահվում, սակայն Բաբելոնի նվաճումն առհասարակ անհնարին կդարձնի դրանց հետևելն անգամ ցանկություն ունենալու դեպքում: Իսկ հնարավո՞ր է, որ այդպիսով նաև աստվածապետության օրենքները, որոնք անփոփոխ են, ինչպես հենց Աստծո կամքը, դադարեն երկրի վրա գործելուց: «Այո», - պատասխանում է մարգարեն հետագա համարներում։ Ոչ պակաս անփոփոխելի է («հետ չպիտի դառնա», այսինքն՝ առանց իրականանալու չի վերադառնա դեպի Աստված, հմմտ․ Ես․ 55։11, 45։23) նաև մարգարեական տեսիլքը։ Հաճախ «տեսիլք» է կոչվում մարգարեին տրված ցանկացած հայտնություն (Ես. 1։1 և այլ տեղիներ)։ Այստեղ, հավանաբար, ամենամոտ իմաստով պետք է հասկանալ թագավորության կործանման և 70 տարվա տևողություն ունեցող գերության մասին կանխատեսումները։
«Նրանց ամբողջ բազմության վերաբերյալ» - հետևաբար նաև՝ վարձով գնորդների և վշտացած վաճառողների վրա. տե՛ս 12-րդ համարի զուգահեռ արտահայտության բացատրությունը։
«Ոչ ոք իր անօրենությամբ չի զորացնի իր կյանքը» - Հողի շահավետ գնումը ապագայի համար դրականորեն չի ծառայելու, քանի որ այդ գործարքը մեղքով է լեցուն, իսկ մեղքը կործանում է կյանքը։ Այս նորահայտ մեղքը՝ ուրիշի դժբախտությունից օգտվելը, էլ ավելի է մեծացնելու նաև հատուցման չափը․․․Ասել է թե՝ նա այլևս չի կատարի նույնքան շահավետ ուրիշ գնումներ իր ողջ հետագա, արդեն իսկ կարճ տարիների տևողություն ունեցող կյանքի ընթացքում (կամ ինչպես Թեոդորետոս Երանելին է ասում՝ «ցանկության դեպքում չի կարողանա փոփոխել վաճառքի պայմանները»), քանի որ նա կորստյան կմատնվի հրեաների ողջ բազմության հետ մեկտեղ․․․Եվ երբ կյանքը, նմանատիպ շահավետ գնման շնորհիվ, հենց նոր միայն սկսի ժպտալ նրան, այդժամ պիտի պատուհասի գալիք մահը՝ համընդհանուր կործանումի ուժով:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 7:10
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ով որ գնելու է, վաճառողին այլեւս չի դառնալու, ոչ էլ նրանք կենդանի կեանքով են ապրելու, որովհետեւ այս տեսիլքը նրանց ողջ բազմութեանը չի վերադառնալու, եւ ոչ մի մարդ իր կեանքի յոյսի մէջ չի հաստատուելու:
(Արարատ թարգ․) Քանի որ ծախողը հետ չպիտի դառնա իր ծախածին, թեկուզև դեռևս երկուսն էլ ապրողների մեջ ողջ լինեն, որովհետև նրա ամբողջ բազմության վերաբերյալ տեսիլքը հետ չպիտի դառնա իրենց անօրենության պատճառով, ոչ ոք չպիտի կարողանա իր կյանքը պահպանել։
(Գրաբար) Զի որ ստանայն, ‘ի վաճառական անդր այլ մի՛ դարձցի, և ո՛չ ևս է՝ կեա՛լ ‘ի կենդանութեան նոցա. զի տեսիլս ‘ի վերայ ամենայն բազմութեան նոցա ո՛չ դարձցի. և մարդ յաչս կենաց իւրոց՝ մի՛ հաստատեսցի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: