Եսայու մարգարեության մեկնություն 62:10

Ա. Լոպուխին

«Նեʹրս մտեք, նեʹրս մտեք դարպասներով, պատրաստեʹք ժողովրդի ճանապարհը: Հարթեցրեʹք, հարթեցրեʹք ճանապարհը, հավաքեʹք քարերը, դրո՛շ բարձրացրեք ժողովուրդների համար»: [10] (Սինոդական թարգ․)
   
   «Նեʹրս մտեք, նեʹրս մտեք դարպասներով, պատրաստեʹք ժողովրդի ճանապարհը: Հարթեցրեʹք, հարթեցրեʹք ճանապարհը, հավաքեʹք քարերը…» - Այս բանաստեղծական տեսարանում մարգարեն մեր առջև ուրվագծում է վերականգնված Երուսաղեմ քաղաքի պատկերը՝ որպես նորոգված Սիոնի կենտրոն, որը լայնորեն բաց է արել իր դարպասները ժողովրդի խիտ զանգվածների անարգել անցումն ապահովելու համար: Որպեսզի անկարգություն, անհարմարություն և խժդժություն չառաջանա, անձամբ Մեսիան է այստեղ հանդես գալիս ասես իբրև արարողապետ, կարգուկանոն է հաստատում, պահպանում է անվտանգությունն ու ճանապարհը հարմարավետ է դարձնում: Նա քաղաքի դարպասներից ներս մտնելու հրավեր է տալիս առաջին հերթին այդ քաղաքի «պահապաններին», այսինքն՝ Իր առաքալներին ու աշակերտներին՝ Իր Եկեղեցու հիմնադրության և տարածման գործում Տիրոջ գլխավոր ուղեկիցներին և գործակիցներին: Այնուհետև Նա նրանց հրահանգ է տալիս, որ զբաղվեն ճանապարհի պատրաստությամբ, որպեսզի ժողովրդի լայն զանգվածներն անխոչընդոտ անցնեն նորկտակարանյան Եկեղեցու անդաստանից ներս: Սրան նույնանման կոչը՝ «պատրաստեցեʹք Տիրոջ ճանապարհը (Ես. 40:3) մեզ արդեն իսկ հանդիպել է Եսայի մարգարեի շարադրանքում ու մանրամասնորեն մեկնաբանվել է մեր կողմից:

    «Դրո՛շ բարձրացրեք ժողովուրդների համար» - Այս խոսքերի համար որպես մեկնաբանություն կարող են ծառայել միևնույն մարգարեի գրքից վերցված հետևյալ երկու զուգահեռ հատվածները. « Եվ նա դրոշակ է բարձրացնելու հեռավոր ազգերի համար ու նրանց բերելու է երկրի ծայրերից, և ահա նրանք գալիս են արագ ու շտապ» (Ես. 5:26): Եվ նաև. «Եվ հեթանոսներին դրոշ պիտի պարզի ու պիտի հավաքի Իսրայելի աքսորյալներին, և ցրված հրեաներին պետք է կանչի աշխարհի չորս կողմերից» (Ես. 11:12): Դարձյալ. «Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա Ես Իմ ձեռքը կբարձրացնեմ ժողովուրդների վրա և Իմ դրոշը կկանգնեցնեմ ազգերի մեջ» (Ես. 49:22): Ակնհայտորեն, այս պատկերը վերցված է մարտի ժամանակ կիրառվող զինվորական դրոշի օրինակից, երբ պատերազմից հետո այն վեր է բարձրացվում ու իր շուրջն է հավաքում գնդի բոլոր ցրված անդամներին: Փոխաբերական իմաստով որպես նորկտակարանյան Եկեղեցու նմանատիպ նշան հանդես է գալիս Քրիստոսի Խաչը, որն իր արտաքին և ներքին բոլոր թշնամիների նկատմամբ հաղթանակի խորհրդանիշն է համարվում: Նորկտակարանյան ժամանակաշրջանում իբրև այս մարգարեության իրականացման առավել ամբողջական պատմական դրվագ հանդես է գալիս Կոստանդիանոս Մեծի ժամանակաշրջանը:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Գնացէք նե՛րս մտէք իմ դռներով, պատրաստեցէ՛ք ճանապարհները, շտկեցէ՛ք շաւիղները, ճամփա՛յ բացէք իմ ժողովրդի համար, հեռացրէ՛ք քարերը ճանապարհից եւ դրօշա՛կ բարձրացրէք հեթանոսների համար:
(Արարատ թարգ․) Անցե՛ք, անցե՛ք դռներով, պատրաստե՛ք ժողովրդի ճանապարհը, շտկե՛ք, շտկե՛ք ուղին, մաքրե՛ք քարերից, դրոշա՛կ բարձրացրեք ժողովուրդների վրա։
(Գրաբար) Երթայք մտէ՛ք ընդ դրունս իմ, կազմեցէ՛ք զճանապարհս՝ հորդեցէ՛ք զշաւիղս. գործեցէ՛ք ճանապարհ ժողովրդեան իմոյ, և զքարինս բի ճանապարհէ անտի բի բա՛ց ընկեցէք. առէք նշա՛ն 'ի հեթանոսս։