Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Լսեցէ՛ք, ահաւասիկ մի սերմանող սերմանելու ելաւ»:
Սա ի՞նչ առակ է: Ասվում է. ... «սերմանողը դուրս եկավ սերմանելու»: Որտեղի՞ց և ինչպե՞ս դուրս եկավ Ամենահասը և ամեն ինչ Կատարողը: «Դուրս եկավ»−ը պետք է հասկանալ ոչ թե տեղանքի, այլ մեր հանդեպ ունեցած վերաբերմունքի և հոգածության իմաստով, քանի որ մարմին առնելու միջոցով Նա մեզ ավելի մոտեցավ: Քանի որ մենք չէինք կարող մտնել, որովհետև մեղքերը արգելափակել էին մեր մուտքը, ուստի Նա ինքը եկավ մեզ մոտ:
Մաղաքիա արք. Օրմանյան
3-25. «Լսեցէ՛ք, ահաւասիկ մի սերմանող սերմանելու ելաւ: Եւ պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկաւ ճանապարհի եզերքը, եւ թռչունները եկան ու կերան այն: ՈՒրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, որտեղ շատ հող չկար. եւ շուտով բուսաւ, որովհետեւ հողը խորը չէր. բայց երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չունէր, չորացաւ: Մի ուրիշ մաս ընկաւ փշերի մէջ. փշերը բարձրացան եւ խեղդեցին այն, եւ պտուղ չտուեց: Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»: Եւ ասում էր. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»: Եւ երբ առանձին մնաց, նրա շուրջը եղողները, աշակերտների հետ միասին, հարցրին նրան այս առակի մասին: Եւ նրանց ասաց. «Ձեզ է տրուած իմանալ Աստծու արքայութեան խորհուրդները, բայց նրանց համար, որ ձեզնից դուրս են, ամէն ինչ առակներով կը լինի, որպէսզի նայելով հանդերձ չտեսնեն եւ լսելով հանդերձ չիմանան, որ մի գուցէ երբեւէ դարձի գան, եւ իրենց ներուի»: Եւ ասաց նրանց. «Այս առակը չէ՞ք հասկանում, ապա ինչպէ՞ս պիտի հասկանաք բոլոր առակները: Նա, որ սերմանում է, Աստծու խօսքն է սերմանում: Ճանապարհի եզերքին սերմանուածները այն մարդիկ են, որոնք լսում են խօսքը, եւ սատանան գալիս է եւ դուրս է հանում նրանց սրտերի մէջ սերմանուած խօսքը: Ապառաժի վրայ սերմանուածները այն մարդիկ են, որ, երբ լսում են խօսքը, իսկոյն ուրախութեամբ ընդունում են այն, եւ որովհետեւ իրենց մէջ արմատներ չունեն, այլ մի որոշ ժամանակի համար են, երբ խօսքի պատճառով նեղութիւն կամ հալածանք է վրայ հասնում, իսկոյն գայթակղւում են: Իսկ նրանք, որ սերմանուեցին փշերի մէջ, այն մարդիկ են, որ լսում են խօսքը, սակայն այս աշխարհի հոգսերը եւ հարստութեան պատրանքները ներխուժում եւ խեղդում են խօսքը, եւ այն անպտուղ է լինում: Եւ լաւ հողի մէջ սերմանուածները այն մարդիկ են, որ լսում են խօսքը եւ ընդունում ու պտուղ են տալիս. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»: Եւ նրանց ասաց. «Միթէ ճրագը բերւում է, որ կաթսայի կամ մահճի տա՞կ դրուի: Չէ՞ որ աշտանակի վրայ է դրւում: Արդ, ծածուկ բան չկայ, որ չյայտնուի, եւ գաղտնի բան չի եղել, որ ի յայտ չգայ: Թէ մէկը լսելու ականջ ունի, թող լսի»: Եւ նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, եւ ինչ որ լսում էք, աւելին կը տրուի ձեզ. ինչ չափով, որ չափում էք, նոյնով Աստուած պիտի չափի ձեզ համար: Ով որ ունի, նրան պիտի տրուի. իսկ ով որ չունի, նրանից պիտի վերցուի, ինչ էլ որ նա ունի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4
Թեոֆիլակտ Բուլղարացի
«Լսեցէ՛ք, ահաւասիկ մի սերմանող սերմանելու ելաւ»:
Քանի որ Նա մտադիր է ասել, որ սերմը խոսքն է, և որ այն, անուշադրության մեջ ընկնելով, կորչում է, ուստի նա առաջին հերթին սրա մասին է խոսում, որպեսզի ունկնդիրները փորձեն ավելի ուշադիր լինել և ոչ թե այն հողի նման, որը ոչնչացնում է սերմը: Բայց ո՞վ է սերմանողը: Քրիստոս Ինքը, Ով մարդասիրությամբ և ողորմածությամբ անբաժանելի կերպով դուրս եկավ Հոր ծոցից, դուրս եկավ ո՛չ թե այրելու անիծյալ երկիրն ու չար սրտերը, ո՛չ թե փշերը կտրելու, այլ սերմեր ցանելու: Ո՞ր սերմերը: Արդյո՞ք Մովսեսի սերմերը: Մարգարեների՞ սերմերը: Ո՛չ, Իր սերմերը։
Ա․ Լոպուխին
3−9․ «Լսեցէ՛ք, ահաւասիկ մի սերմանող սերմանելու ելաւ»: (Սինոդական թարդմ.) [3]
Այս համարներում բերված Սերմնացանի մասին առաջին առակը Մատթեոս 13։3−9 համարներում բովանդակվող առակի կրկնությունն է։ Բայց այստեղ Մարկոսը մյուս համարների համեմատ (Ղուկ. 8։4−8), շատ ավելի առատաձեռն է առակի մանրամասնությունները պատմելու առումով: Այսպիսով՝ միայն նա ունի. «Եվ պտուղ չտվեց» (տե՛ս համար 7), «բուսնելով աճեց ու պտուղ տվեց» (տե՛ս համար 8) արտահայտությունները և այլն։
--------------------------------
[3] (Էջմիածին թարգմ․) «Լսեցէ՛ք, ահաւասիկ մի սերմանող սերմանելու ելաւ:
(Արարատ թարգմ․) «Լսե՛ք. ահա սերմնացանը դուրս եկավ սերմ ցանելու։
(Գրաբար) Լսէ՛ք ահաւասիկ ել սերմանաւղ սերմանե՛լ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: