Սրբ. Եփրեմ Ասորի (†373)
5–6. Այսպես է ասում Տերը. «Անիծյալ լինի այն մարդը, որ մարդու է վստահում և մարմինն իրեն բազուկ է դարձնում, և որի սիրտը խոտորում է Տիրոջից։ Նա պիտի լինի ինչպես մոշենին անապատում. երբ բարիքը գա, այն չպիտի տեսնի, պիտի բնակվի անապատի խանձված տեղերում, աղի և անբնակ երկրում։
Իրենց նենգ բարքերը շտկել, այսինքն՝ հեթանոսական կուռքերից հրաժարվել չցանկացող հրեաները ապավինում էին եգիպտացիների օգնությանը՝ ակնկալելով, որ եգիպտացիները պատերազմ կսկսեն Բաբելոնի թագավորի՝ իրենց ընդհանուր թշնամու դեմ, ուստի մարգարեն դատապարտում է բոլոր նրանց, ովքեր հեռացել էին Աստծուց և կապվել էին մարդկանց: Այլաբանական իմաստով մարգարեն նկատի ունի Սատանային, որին սուրբ առաքյալները Աստծու զորությամբ հավատացյալների մտքից փախչել են ստիպում, և նա բնակվում է հեթանոսների հոգիներում, ինչպես մեր Տերն է ասում. «Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում և չի գտնում» (Մատթ. 12:43)։ Հեթանոսները արդարացիորեն են անբնակ անապատին նմանեցվում, որովհետև նրանք մոլորության խավարի մեջ են և ճշմարտության պտուղներից զուրկ, ինչպես աղուտ և անպտուղ հողը:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Այսպես է ասում Տերը. «Անիծյալ է այն մարդը, որն ապավինում է մարդուն, և մարմինը դարձնում է իր հենարանը, և որի սիրտը հեռանում է Տիրոջից»»։ (Սինոդակ. թարգմ.) [5]
Շատ հավանական է, որ այստեղ մարգարեն նկատի ունի Հովակիմ թագավորին, որը մեծ հույսեր էր կապում եգիպտացիների օգնության հետ և, հակառակ Երեմիա մարգարեի խորհուրդների, մասնակցեց Բաբելոնի թագավորի դեմ կազմակերպած դավադրություններին:
Սուտ և ճշմարիտ վստահություն
Դժբախտ է նա, ով ապավինում է մարդկանց և ոչ թե Աստծուն: Եթե նա որևէ բանի հասնի էլ, ապա Աստված դա կվերցնի նրանից: Ընդհակառակը, Աստծուն ապավինողները ջրի մոտ աճած ծառի նման իրենց երջանիկ կզգան։
------------------------------------
[5] (Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Թող անիծեալ լինի այն մարդը, որ իր յոյսը կը դնի մարդու վրայ՝ ապաւինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կ՚ապստամբի Տիրոջ դէմ:
(Արարատ թարգմ.) Այսպես է ասում Տերը. «Անիծյալ լինի այն մարդը, որ մարդու է վստահում և մարմինն իրեն բազուկ է դարձնում, և որի սիրտը խոտորում է Տիրոջից։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Անիծեալ լիցի մարդ որ արասցէ զյոյս իւր ի մարդ, եւ ապաստան լինիցի ի մարմին բազկի նորա. եւ ապստամբիցէ ի Տեառնէ սիրտ նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: