Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 11

Աշտարակաշինությունը
   

1. Եվ ամբողջ երկիրը մեկ լեզու և մեկ խոսվածք ուներ:
2. Արևելքից տեղաշարժվելիս Սենաար երկրում նրանք մի դաշտավայր գտան և բնակվեցին այնտեղ:
3. Եվ միմյանց ասացին. «Եկեք աղյուսներ շինենք և դրանք թրծենք»: Եվ նրանց համար աղյուսները եղան քարի փոխարեն, իսկ կուպրը՝ շաղախի:
4. Եվ ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք ու մի աշտարակ շինենք, որը մինչև երկինք հասնի, և մեզ համար անուն հանենք, որ չցրվենք ողջ երկրով մեկ»
5. Եվ Տերն իջավ՝ տեսնելու մարդկանց որդիների շինած քաղաքը և աշտարակը:
   
Աստված խառնում է լեզուները
   
6. Եվ Տերն ասաց. «Նրանք մեկ ազգ են, ու բոլորը մեկ լեզու ունեն, և ահա սկսեցին շինել: Եվ հիմա նրանց համար արգելք չի լինի անել այն, ինչ որ մտածեն:
7. Եկեք իջնենք և այնտեղ խառնենք նրանց լեզուն, որ չհասկանան միմյանց»:
8. Եվ Տերն այնտեղից ցրեց նրանց ամբողջ երկրով մեկ, և նրանք դադարեցին քաղաքը շինելուց:
9. Այդ պատճառով նրա անունը Բաբելոն կոչվեց, որովհետև այնտեղ Տերը խառնեց ամբողջ երկրի լեզուն: Եվ Տերն այնտեղից ցրեց նրանց ամբողջ երկրով մեկ:
   
Սեմի սերունդները
   
10. Սրանք են Սեմի սերունդները. ջրհեղեղից երկու տարի հետո Սեմը հարյուր տարեկանում ծնեց Արփաքսադին:
11. Եվ Սեմն Արփաքսադին ծնելուց հետո ապրեց հինգ հարյուր տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
12. Եվ Արփաքսադն ապրեց երեսունհինգ տարի և ծնեց Սաղային:
13. Եվ Արփաքսադը Սաղային ծնելուց հետո ապրեց չորս հարյուր երեք տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
14. Եվ Սաղան ապրեց երեսուն տարի և ծնեց Եբերին:
15. Եվ Սաղան Եբերին ծնելուց հետո ապրեց չորս հարյուր երեսուն տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
16.Եվ Եբերն ապրեց երեսունչորս տարի և ծնեց Փաղեկին:
17. Եվ Եբերը Փաղեկին ծնելուց հետո ապրեց չորս հարյուր երեսուն տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
18. Եվ Փաղեկն ապրեց երեսուն տարի և ծնեց Ռագավին:
19. Եվ Փաղեկը Ռագավին ծնելուց հետո ապրեց երկու հարյուր ինը տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
20. Եվ Ռագավն ապրեց երեսուներկու տարի և ծնեց Սերուգին:
21. Եվ Ռագավը Սերուգին ծնելուց հետո ապրեց երկու հարյուր յոթ տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
22. Եվ Սերուգն ապրեց երեսուն տարի և ծնեց Նաքորին:
23. Եվ Սերուգը Նաքորին ծնելուց հետո ապրեց երկու հարյուր տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
24. Եվ Նաքորն ապրեց քսանինը տարի և ծնեց Թարային:
25. Եվ Նաքորը Թարային ծնելուց հետո ապրեց հարյուր տասնինը տարի և ծնեց որդիներ ու դուստրեր:
26. Եվ Թարան ապրեց յոթանասուն տարի և ծնեց Աբրամին, Նաքորին և Առանին:
27. Եվ սրանք են Թարայի սերունդները. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին և Առանին, և Առանը ծնեց Ղովտին:
28. Առանը մեռավ իր հոր՝ Թարայի առջև իր ծնված երկրում՝ քաղդեացիների Ուր քաղաքում:
29. Եվ Աբրամն ու Նաքորը իրենց կանայք առան. Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա, ով Առանի դուստրն էր՝ Մեղքայի և Հեսքայի հայրը:
30. Եվ Սարան ամուլ էր ու զավակ չուներ:
31. Եվ Թարան վերցրեց իր որդի Աբրամին, իր թոռանը՝ Առանի որդի Ղովտին, և իր որդի Աբրամի կնոջը՝ իր հարս Սարային, ու նրանց հետ դուրս եկավ քաղդեացիների Ուր քաղաքից՝ Քանանի երկիրը գնալու համար: Եվ եկան մինչև Խառան ու բնակվեցին այնտեղ:
32. Եվ Թարայի կյանքի օրերը երկու հարյուր հինգ տարի եղան, ու Թարան Խառանում մեռավ: