Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:17

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

Որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, որ բազում մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին։
   

    Քրիստոս Իր աշակերտներին զորացնում է նաև մեկ այլ եղանակով՝ ասելով. «ճշմարիտ եմ ասում ձեզ, որ բազում մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին», — այսինքն՝ Իմ հայտնությունը, հրաշքները, ձայնը և ուսուցումը»: Այստեղ Հիսուս Իր աշակերտներին ավելի վեր է դասում ոչ միայն ապականված հրեաներից, այլև արդարներից՝ ասելով, որ նրանք ավելի երանելի են, քան այս վերջինները։ Ինչու՞։ Որովհետև աշակերտները տեսնում են ոչ միայն այն, ինչ հրեաները չէին տեսնում, այլև այն, ինչ արդարները ցանկանում էին տեսնել։ Վերջիններս խորհրդածում էին միայն հավատքով, մինչդեռ աշակերտները տեսնում էին դեմ առ դեմ, և շատ ավելի հստակ։ Տեսնո՞ւմ ես, թե Քրիստոս ինչպես է հին ուխտը կրկին կապում նորի հետ՝ ցույց տալով, որ Հին Կտակարանի արդարները ոչ միայն գիտեին ապագան, այլև ջերմեռանդորեն փափագում էին այն։ Բայց նրանք չէին կարող փափագել այն, եթե երկրպագեին որևէ օտար և ճշմարիտ Տիրոջը հակասող մի «աստծու»։ «Դուք լսեցիք, - ասում է Հիսուս, - սերմնացանի առակը․․․»։ Եվ այնուհետև Քրիստոս ասում է այն, ինչ մենք ավելի վաղ ասացինք անփութության և աշխատասիրության, վախի և քաջության, հարստության և փողասեր չլինելու մասին՝ ցույց տալով, թե ինչ վնաս է բխում առաջինից, և ինչ օգուտ՝ երկրորդից։ Ապա Փրկիչը ցույց է տալիս առաքինության տարբեր տեսակները։ Իր ողորմածությամբ Հիսուս ոչ միայն ցույց տվեց ճանապարհը և ասաց, որ նրանք, ովքեր հարյուրապատիկ պտուղ չեն տալիս, կմերժվեն Իր կողմից, այլև հավաստիացրեց, որ նրանք, ովքեր վաթսունապատիկ պտուղ են տալիս, կփրկվեն, և նույնիսկ երեսնապատիկ պտուղ տվողները փրկություն կգտնեն։ Նա սա ասաց, որպեսզի մեզ համար դյուրացնի փրկության ճանապարհը։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին»:
   
    Ճշմարիտ եմ ասում ձեզ. շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել՝ ինչ որ տեսնում եք, բայց չտեսան, և լսել՝ ինչ որ լսում եք, բայց չլսեցին:

    Ինչպե՞ս է, որ ոչ միայն հրեաները  1 չտեսան, այլև արդարները: Հարկ է գիտենալ, որ մենք կրկնակի տեսողություն ու լսողություն ունենք՝ ներքին և արտաքին: Ուստի ինչ որ արդարները փափագեցին տեսնել մարմնով՝ ըստ Դավթի. «Հոգիս Քո գավիթներն է փափագում» (Սաղմ. 83։3), որպեսզի «ներկայանամ Քո՝ Աստծուդ առաջ» (Սաղմ. 41։3), այն չտեսան [մարմնով], այլ հոգով, ինչը երևում է [հետևյալ խոսքերից]. «Ցույց տվիր ինձ կյանքի Քո ճանապարհները, լցրիր ինձ Քո ներկայության ուրախությամբ» (Սաղմ. 15։11). «Աբրահամը ցանկացավ տեսնել Իմ օրը, տեսավ և ուրախացավ» (Հովհ. 8։56), և՝ «Մենք տեսանք Նրան, և Նա տեսք չուներ»,- ասում է Եսային (Ես. 53։2), այսինքն՝ հոգո՛վ [տեսանք], թեպետ Նրա մարմնի «տեսքը» տակավին գոյություն չուներ: Իսկ հրեաները միայն մարմնով տեսան և ոչ թե հոգով: [Մինչդեռ Հիսուսի աշակերտները տեսան] և՛ հոգով, և՛ մարմնով. հոգու տեսությամբ գերազանցեցին հրեաներին և մարմնի լսողությամբ առավել եղան, քան արդարները, ուստիև երանվեցին:

[Տերն այս խոսքով] ցույց է տալիս նաև Հին [Ուխտի]՝ Նորի հետ միաբանությունը, որ [մարգարեները] ոչ միայն տեսնում էին գալիք բաները, որոնք Քրիստոսն իրականացրեց, այլև խոսում Նրա մասին և ցանկանում [Նրան]՝ ըստ այսմ. «Եսային տեսավ Նրա փառքը և խոսեց Նրա մասին» (հմմտ. Հովհ. 12։41):
--------------------------------
1 Եկեղեցու հայրերը «հրեաե բառը ավելի հաճախ գործածում են ոչ թե ազգության կամ ժողովրդի իմաստով, այլ հրեականության-հուդայականության հետևորդի: Այլապես այստեղ հիշատակվող «արդարներըե նույնպես, սակավ բացառությամբ, ազգությամբ հրեա էին, այսինքն՝ Իսրայելի ցեղից:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարեներ և արդարներ ցանկացան տեսնել, ինչ տեսնում եք, բայց չտեսան, և լսել, ինչ լսում եք, բայց չլսեցին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:16
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4