Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Կամ ինչպե՞ս կարող է մեկը մտնել հզոր մարդու տունը ու կողոպտել նրա ունեցվածքը, եթե նախ չկապի այդ հզորին, և այդ ժամանակ կկողոպտի նրա տունը»։
Երկրորդ հերքումից հետո Հիսուս բերում է նաև երրորդը՝ ասելով. «ինչպե՞ս կարող է մեկը մտնել հզոր մարդու տունը ու կողոպտել նրա ունեցվածքը, եթե նախ չկապի այդ հզորին, և այդ ժամանակ կկողոպտի նրա տունը» (Մատթ. 12:29)։ Այն, որ սատանան չի կարող դուրս հանել սատանային, դա պարզ էր դեռևս նախորդ հերքումից։ Եվ այն, որ սատանային հնարավոր չէ դուրս հանել՝ առանց նախ նրան հաղթելու, դրան էլ բոլորը համաձայն են։ Ուրեմն ի՞նչ նշանակություն ունեն Քրիստոսի խոսքերը։ Ոչինչ ավելի, քան միայն նախկինում ասված խոսքերի ամրապնդումը։ «Ես ոչ միայն չեմ ուզում սատանայի հետ հանցակից լինել, - կարծես թե այսպես է ասում Հիսուս, - այլև նույնիսկ պատերազմ եմ մղում նրա դեմ և կապում եմ նրան. ապացույցն այն է, որ Ես կողոպտել նրա ունեցվածքը։ Նայի՛ր, թե Քրիստոս ինչպես է հերքում այն զրպարտությունը, որը փարիսեցիները ջանում էին Նրա դեմ հարուցել։ Փարիսեցիներն ուզում էին ապացուցել, որ Հիսուս Իր սեփական իշխանությամբ չի հանում դևերին, մինչդեռ Հիսուս, ընդհակառակը, ապացուցում է, որ ոչ միայն դևերին, այլև նախևառաջ նրանց իշխանի՛ն է Իր իշխանությամբ կապել և հաղթել Իր սեփական զորությամբ։ Դա հաստատվում է գործով իսկ։ Եթե սատանան իշխանն (առաջնորդն) է, իսկ դևերը՝ նրա ենթակաները, ապա ինչպե՞ս կարելի է գերել վերջիններին, եթե նախ ինքը՝ սատանան, չպարտվի և չենթարկվի։ Այս խոսքերում, կարծում եմ, կարելի է նաև մարգարեություն տեսնել։ Ոչ միայն դևերն են սատանայի «անոթները», այլև այն մարդիկ, որոնք նրա գործերն են անում։ Այսպիսով, ակնհայտ է, որ այստեղ խոսքը ոչ միայն դևերին հալածելու մասին է, այլև ա՛յն մասին, որ Քրիստոս ցրելու է աշխարհի խավարային մոլորությունների ամբողջ կծիկը, կազմաքանդելու է սատանայի բոլոր խարդավանքները և ի չիք է դարձնելու դրանք։ Հիսուս չասաց՝ «կխլի», այլ՝ «կկողոպտի»՝ իսկ դրանով ցույց տալով, որ Ինքն իշխանություն ունի դա անելու։
Քրիստոս սատանային «հզոր» է կոչում ոչ թե որովհետև նա բնությամբ այդպիսին է․ ո՛չ։ Այլ ա՛յն պատճառով, որպեսզի ակնարկի նախկինում նրա ունեցած մեծ իշխանությունը, որը նա բանեցնում էր մեզ վրա՝ մեր անփութության պատճառով։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի:
Կամ ինչպե՞ս կարող է մեկը մտնել հզոր մարդու տունն ու նրա գործիքները հափշտակել, եթե նախ չկապի հզորին և ապա նրա տունը թալանի:
Իր խոսքն ամեն կերպ հաստատում է, որպեսզի թերևս համոզի նրանց: Եվ ասածը սա է. հնարավոր չէ, որ սատանան սատանա հանի, ինչպես ասվեց, և հնարավոր չէ նրան այլ կերպ հանել, քան նախ տիրելով նրան [պատկանածին]: Որովհետև այնքան հզոր չեմ համարում սատանային, ասում է [Տերը], որ դեռ պատերազմեմ նրա հետ, [նրան] կապեմ և ապա նրա ունեցածը հափշտակեմ: Իսկ սատանային «հզոր» է անվանում կամ նրա անմարմին լինելու պատճառով՝ ըստ այսմ. «Թշնամիներս հզորացել են» (հմմտ. Սաղմ. 68։5), կամ էլ մեր ծուլությունից նա սկզբում զորացավ, և նրան [Տերը] կապեց խաչով՝ ոչ միայն դևերին, այլև զորագլխին՝ դևերի իշխանին: Որովհետև այս խոսքը մի մարգարեություն է այն մասին, որ [Տերը] ոչ միայն դևեր է հանում, այլև աշխարհի բոլոր մոլորությունները փարատում: Իսկ «գործիք» և «տուն» է կոչում մարդկանց մեջ եղած հմայողներին, կախարդներին ու չարերին, որոնցից Քրիստոսն Իր իշխանությամբ հափշտակեց [մարդկանց]՝ հավատի միջոցով՝ ըստ այսմ. «Ուժեղներն են արքայությունը հափշտակում» (Մատթ. 11։12): Որովհետև ինչպես որ իմաստուն բժիշկը հիվանդությունների արմատներն է կտրում, որ մարմինն առողջանա, այդպես էլ Նա նախ խոսքով կապեց չարիքների պատճառը՝ զուռնափա 1 իշխանին, և ապա մարդկանց Իր բնակության համար պատրաստեց իբրև տուն ու տաճար՝ ըստ առաքյալի. «Նրա տունը հենց մենք ենք» (Եբր. 3։6):
Ստեփանոս Սյունեցի (†735)
Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի:
«Կամ՝ ինչպե՞ս կարող է մեկը մտնել հզոր մի մարդու տուն և հափշտակել նրա գույքերը, եթե նախ չկապի հզորին»:
«Հզոր» է անվանում Աստծու հակառակորդներին, որոնց Բեղզեբուղ և դևերի իշխան են կոչում, և նրա զորությունը, իսկ «տունը» նրա պաշտոնյաներն են, որոնց մեջ բնակվում են, ինչպես Քրիստոսի տուն և տաճար են կոչվում նրանք, որոնցում բնակվում է Քրիստոս, [ըստ խոսքի]. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ընթանամ նրանց միջով» (Բ Կորնթ. 6։16): Նաև երանելի Պողոսն է ասում. «Նրա տունը մենք իսկ ենք» (Եբր. 3։6): Եթե [Ես], -ասում է, - նախ չկապեի Բեղզեբուղին, չէի կարող նրա գույքը և տունը հափշտակել և ավար առնել:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: