Հովհաննես Ծործորեցի
որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր:
Որովհետև ինչպես որ Հովնանը կետի փորում մնաց երեք օր ու երեք գիշեր:
Հույժ չքնաղորեն է այստեղ մեծարում Հովնանին մյուս մարգարեների համեմատ, որովհետև նրանք խոսքով, իսկ սա գործով ցույց տվեց [Տիրոջ] թաղման ու հարության խորհուրդը: Ուստի մեր խոսքը փոքր-ինչ ընդարձակենք և ուրախություն ապրենք այս խորհրդի քննությունից [ծնվող] ազնվական մտքով: Ուրեմն՝ Հովնանն ուղարկվեց քարոզելու հեթանոսներին, ինչն անսովոր էր մարգարեների համար: Որովհետև երբ մարգարեները հանդիմանում էին Իսրայելին՝ հնազանդվելու Աստծո օրենքին՝ սպառնալով սով և գերություն, որպեսզի թերևս զգաստանային, ժողովուրդը հարցնում էր. «Ինչո՞ւ պիտի գերվենք», և մարգարեներից իմանալով, որ պատճառն [իրենց] մեղքերն ու կռապաշտությունն են, ասում էին. «Մեզ գերողները մեզնից առավել չարագործ են»: [Մարգարեներն] էլ պատասխանում էին թե՝ «Աստված բազմաթիվ նշանների միջոցով ձե՛զ ընտրեց բոլոր ազգերի միջից» (ըստ այսմ. «Գտավ իմաստության բոլոր ճանապարհները և տվեց Իր ծառա Հակոբին» (Բար. 3։37), և թե՝ «Ոչ մի ազգի հետ այսպես չվարվեց Տերը» (Սաղմ. 147։20)՝ պատվելով քահանայությամբ, թագավորությամբ և Օրենքով, զոհերով ու տաճարներով, որոնք թվարկում է Եսային՝ [ասելով, թե դրանք տրվել են] «սիրելի այգուն» 678), «բայց դուք դեպի մեղքերը դարձաք, ուստի վրեժ է պահանջում: Իսկ քանի որ հեթանոսների համար [Աստված] նման ոչ մի բան չարեց, ոչինչ էլ չի պահանջում նրանցից՝ իբրև Իր խնամքից տարագրվածներից: Բայց եթե սակավ-ինչ խնամք ցույց տա նրանց հանդեպ, նրանք ավելի կհնազանդվեն, քան դուք»: Սակայն քանի որ [Իսրայելի ժողովուրդը] չէր հավատում սրան, [Աստված] Նինվեում, որն այն ժամանակ քաղաքների մեջ գլխավորն էր, քարոզելու է ուղարկում Հովնանին, այն էլ [միայն] խոսքով, առանց հրաշագործության: Եվ Հովնանը հրաժարվում էր [գնալ Նինվե], որովհետև [նախ] չէր կամենում պղծել սուրբ մարգարեությունը՝ հեթանոսներին այն տալով՝ ըստ այսմ. «Լավ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել» (Մատթ. 15։26), և երկրորդ՝ նայելով իր գործին, այսինքն՝ մարգարեությանը՝ [տեսավ], որ սուտ էին դուրս գալիս Մովսեսի խոսքերը [հեթանոս թշնամիներին] սպանելու վերաբերյալ 679: Այս պատճառով էլ [Հովնանը] փախչում էր, բայց Աստված վիճակահանությամբ 680 բռնեց նրան, մատնեց թշնամիների ձեռքը և նրանց միջոցով բանտեց կետի փորում, ինչից [Հովնանը] խելքի եկավ, երեք օրից ազատվելով աղոթքով՝ գնաց քարոզելու Նինվեում և փրկեց ամբարշտացած քաղաքը՝ ճշմարիտ ցույց տալով [Նինվեի վերաբերյալ] մարգարեությունը: Որովհետև նրա քարոզությունն այդ քաղաքի՝ երեք օրից կործանման մասին էր, որը տեղի ունեցավ, քանի որ [նինվեացիներն] իսկապես «կործանվեցին» չար բարքերից և «վերաշինվեցին» աստվածպաշտությամբ:
Մեծ է այս պատմության խորհուրդն Ադամի և Քրիստոսի առնչությամբ, ուստի Տերը, այն այժմ հիշատակելով, ասում է.
«Որովհետև ինչպես որ Հովնանը կետի փորում մնաց երեք օր ու երեք գիշեր»:
Առաջին մարդն իր աստվածանալու կրքի պատճառով չհասկացավ [Աստծո դեմ] իր ապստամբությունը, ինչպես որ Հովնանն էլ՝ իր փախուստը, որ չի կարող Աստծո իշխանության տակից դուրս գալ, և ինչպես որ Ադամը չհա վատաց պատվիրանին՝ «Եթե ուտես, կմեռ-նես» (Ծննդ. 2։17), այդպես էլ Հովնանը [չհավատաց Դավթի խոսքին]՝ «Թե ելնեմ երկինք, Դու այնտեղ ես, և թե իջնեմ [դժոխք, այնտեղ էլ ես մոտ]» (Սաղմ. 138։8): Ինչպես որ [Աստված] Հովնանին թույլ տվեց մխրճվել ծովի մեջ, քշվել ալիքներով և մտնել ձկան փորը, որ խրատվեր, այդպես էլ Ադամին թույլ տվեց ալեկոծվել մեղքերով, կլանվել մահվան կողմից և իջնել դժոխք: Եվ թեև սա երկուսի համար էլ պատիժ էր, սակայն նաև մեծագույն պատիվ. Հովնանի համար՝ որ տեսավ ծովում [կատարված] հրաշքը, որի մասին պատմում է իր աղոթքում 681, իսկ Ադամի՝ որ ստիպեց իր Արարչին մարմնով մեռնել իր համար:
Հովնանի նմանությամբ՝ մեր Տերն էլ ուղարկվեց քարոզելու [ամբողջ] աշխարհին դառնալու չար գործերից, բայց հրաժարվում էր [սա անել] նախքան դժոխք մտնելը, որովհետև պատվիրում էր դեպի հեթանոսները [տանող] ճանապարհով չգնալ 682: Եվ ինչպես որ Հովնանն էր ծովում, և ծովից տագնապած նավորդները վիճակ գցեցին, այն ընկավ Հովնանին, և երբ նրան ծովը գցեցին՝ ձկան փորի մեջ, ալեկոծությունը դադարեց, այդպես էլ մեր Տերն այս ալեկոծ կյանքում տեսավ, որ աշխարհը տագնապում է մեղքերից և մտատանջվում, թե ով պիտի փրկություն դառնա իր համար, և վիճակն ընկավ մահվան ոչ արժանի մեր Տիրոջը, որ մեռներ, և Նրանով փրկվեր աշխարհը՝ ըստ այսմ. «Ավելի լավ է՝ մեկը մեռնի... և մեր ամբողջ ազգը կորստյան չմատնվի» (Հովհ. 11։50):
Ինչպես նոխազն անապատում 683, [Տերը] մորթվեց Աստծո բարկությունը [մարելու] համար և մեզ ազատ արձակեց անապատում՝ երկնքում, և նրա գերեզման ու դժոխք իջնելով՝ թշնամությունը խափանվեց՝ ըստ առաքյալի 684: Եվ ինչպես որ ձուկը չկարողացավ վնասել Հովնանին, այդպես էլ վիշապաձև մահը չկարողացավ բռնել մեր Տիրոջը՝ ըստ այսմ. «Նրա հոգին չթողնվեց դժոխքում, և Նրա մարմինը չտեսավ ապականություն» (Գործք 2։31): Ինչպես որ Հովնանը ցամաք ելավ՝ քարոզելու նինվեացիներին, այդպես էլ մեր Տերը, երեք օրից իբրև առյուծ հարություն առնելով, Իր [հրամանով] ուղարկեց աշակերտներին՝ քարոզելու հեթանոսներին՝ վիշապին ասես կարթով բռնած լինելով՝ ըստ Հոբի մարգարեության 685, և ասես ձագի հետ՝ խաղալով նրանով: Որովհետև ուրիշ կենդանիների ոչնչացնող գազանը դարձավ Հովնանի համար հանգստավայր, և մարդկանց վերացնող մահը դարձավ երկնային Արքայի ուրախության ու զվարճության սեղան, որը Նա ոչնչացնելով ոտնակոխ արեց:
Ահա այս բոլոր խորհուրդները գործածելով է [Տերը] հիշատակում Հովնանին:
«Որովհետև ինչպես որ Հովնանը կետի փորում մնաց երեք օր ու երեք գիշեր,այդպես կլինի նաև Մարդու Որդին [երկրի սրտում]:
Ինչո՞ւ չի ասում. «Ինչպես որ Հովնանը կետի փորում մնաց երեք օ՛ր, այդպես էլ Մարդու Որդին՝ երկրի սրտում»: [Սուրբ] Գրքին հատուկ է, որ երբեմն ցերեկն ու գիշերը մեկ օր է ասում, ինչպես այստեղ՝ «Կլինի մեկ օր» (հմմտ. Ծննդ. 10։5) ([ինչպես որ] մենք էլ ամիսն ենք երեսուն օր ասում), երբեմն էլ [օրն ու գիշերն] առանձին է դնում՝ ըստ այսմ. «Անձրև եկավ քառասուն օր ու քառասուն գիշեր» (Ծննդ. 7։12), և՝ «Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր» (Ելք 24։18): Բայց անխորհրդաբար չեն այսպես անում. որովհետև Նոյի ժամանակ ջրհեղեղը տղամարդկանց ու կանանց համար եղավ, որոնք խորհրդանշվում են «օրով» ու «գիշերով», իսկ Մովսեսը Օրենքն ընդունեց հոգիների ու մարմինների կարիքների համար, որովհետև հոգին «լույս» է կոչվում, իսկ մարմինը՝ «խավար»՝ ըստ այսմ. «Եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարն ինչքա՛ն կլինի» (Մատթ. 7։23): Նմանապես և այստեղ օրը երկուսի բաժանելը մեծ խորհուրդ ունի. ըստ մեկնության՝ գիշերը նինվեացիների կորստյան նշանն էր, իսկ ցերեկը՝ ասորիների փրկության, և Տիրոջ մուտքը գերեզման հրեաների՝ թաղմամբ կորստյան նշանն էր, իսկ Նրա հարությունը՝ հեթանոսների փրկության: Այլև Նրա մահը արդարների ու մեղավորների, ողջերի ու մեռածների, տղամարդկանց ու կանանց փրկությունն էր, և այս նշանը տեսնելով՝ հրեաները պիտի զարմանային, որ Նա, Ով մի ժամանակ կանչեց հրեաներին ու տարագրեց հեթանոսներին, այժմ կանչում է հեթանոսներին ու մերժում հրեաներին, ինչի օրինակը Հովնանով ցույց տրվեց, ինչպես [և Տերն] է ասում:
Բայց ի՞նչ է [նշանակում]՝ «Այդպես կլինի նաև Մարդու Որդին երկրի սրտում»: «Սիրտ» է կոչում Երուսաղեմը, որովհետև ինչպես որ սիրտն է կենդանի [արարածի] միջին մասում, այդպես էլ սա է աշխարհի երեք մասերի՝ Եվրոպայի,Լիբիայի 686 և Ասիայի միջև: Կամ էլ «սիրտ» է կոչում կենդանի զորությունը, որն աստվածպաշտությունն է, որովհետև այն ծաղկեց թե՛ Հին [ուխտում] և թե՛ Նորում՝ ըստ այսմ. «Սիոնից կելնի օրենքը, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից» (Ես. 2։3): Նաև՝ [այն տեղը], ուր Աբելը թաղվեց, երկրի «բերան» կոչվեց 687, իսկ ուր մեր Տերը՝ անվանվեց «երկրի սիրտ», որովհետև արդարների մահվան միջոցով պատմվեց մեր Տիրոջ մահվան մասին, որով մեռածներս կենդանացանք, և մեզնից վերին [դասերը] սովորեցին՝ ասելով. «Սրտապնդեցիր մեզ, քո՛ւյր մեր հարս» 688 (Երգ 4։9): Նաև ինչպես որ սիրտը նախ գոյանում է և ապա մեռնում, այդպես էլ Երուսաղեմը նախ գոյացավ աստվածպաշտությամբ և հետո քանդվելու է նեռի օրերին, ինչ պատճառով էլ [Տերն այն] «սիրտ» է կոչում: Այլև ասելով «երկրի սրտում» և ոչ թե «երկրում»՝ հստակորեն հայտնեց գերեզմանի [մեջ Իր դրվելու] և թաղվելու մասին, իսկ հարության մասին չխոսեց, որպեսզի չծաղրեին: Սակայն [այսքանով] ևս գրեթե հայտնեց այդ մասին, որպեսզի հասկանային, որ նախապես գիտեր, [որ մեռնելուց հետո հարություն է առնելու]:
Նաև՝ ասում է. «[Ինչպես որ] Հովնանը կետի փորում մնաց», այսինքն՝ ողջ [մնաց], «այդպես էլ Մարդու Որդին երկրի սրտում» անապական ու անմահ [մնաց]՝ ըստ այսմ. «Ես ննջում եմ, բայց իմ սիրտն արթուն է» (Երգ 5։2): Այլև ինչպես որ կետը երեք օր ոչինչ չկերավ, որպեսզի մարգարեն չխեղդվեր, այդպես էլ, երբ մեր Տերն իջավ գերեզման, մահը չհամարձակվեց կուլ տալ որևէ մեկի, որովհետև եթե մեռելները հարություն էին առնում 689, ի՞նչ հարկ կար, որ ողջերն այդ օրերին և այդուհետ մեռնեին, քանի որ ովքեր այժմ են մեռնում, նրանցը «մահ» չի կոչվում [Սուրբ] Գրքում, այլ «քուն» 690:
Ոմանք տարակույսներ ունեն այս երեք օրերի վերաբերյալ, որ [Տերն] ասում է. «Ինչպես որ Հովնանը կետի փորում մնաց երեք օր ու երեք գիշեր»: Նախ այսպես են բացատրում ոմանք. հինգշաբթի երեկոյան, երբ [Տերն] Իր մարմինը բաշխեց առաքյալներին, թաղվեց նրանց երկրային սրտում, և այդպիսով [մինչև Նրա հարությունը] լինում է երեք օր ու երեք գիշեր: Երկրորդ՝ ուրիշներ էլ երեք օրն ու երեք գիշերը լրացնում են՝ գործածելով ուրբաթ [օրը] կեսօրին լուսատուների խավարումը, սակայն սա ճիշտ չէ, որովհետև [Տերը] դեռ երկրի սրտի մեջ չէր դրվել: Երրորդ՝ Պողոսի աշակերտ մեծն Դիոնեսիոս [Արեոպագացին] օրն ու գիշերը միասին է երեք հաշվում, որով էլ Մարդու Որդին երկրի սրտում լինում է երեք օր ու երեք գիշեր: Սա ճիշտ է, որովհետև ուրբաթի գիշերը, շաբաթվա ցերեկն ու մյուս՝ կիրակի գիշերը, երբ [Տերը] հարություն առավ, երեքն են:
Չորրորդ՝ քանի որ Մատթեոսն Ավետարանը գրել է եբրայեցիների համար, ուստի եբրայական սովորությանն էլ հետևել է, որովհետև նրանք օրվա սկիզբը երեկոն են դնում. նաև ընդհանուր սովորություն է ցերեկն ու գիշերը մի օր համարել, ինչպես ասաց Մովսեսը 691: Ինչ գործ էլ որ լինում է, ինչ ժամանակ էլ որ կատարվում է՝ ցերեկը, թե գիշերը, չեն բաժանում, այլ ասում են՝ այսինչ բանն այսինչ օրը եղավ. ինչպես ասում էր Կղեովպասը. «Արդեն երեք օր է, ինչ դա պատահել է» (Ղուկ. 14։21): Հետևաբար այս օրինակով մտածելով է, որ Տիրոջ թաղման մեջ կգտնես երեք օր ու երեք գիշեր: Որովհետև թաղվեց ուրբաթ ժամը իննին 692, երբ գիշերն անցել էր՝ այն [գիշերը], որում գառը կերավ. ուրեմն այդ գիշերն ու դրա ցերեկը, որում Տերը թաղվեց, այսինքն՝ ուրբաթը, մի օր է. մյուս գիշերն ու նրա լույսը, որ շաբաթն է, երկրորդ օրն է, իսկ հաջորդ գիշերը, որում հարություն առավ, և նրա ցերեկը՝ երրորդ օրը:
Հինգերորդ՝ քանի որ [Տերն] արագացնում էր մեր փրկության [գործը], կրճատեց [դրա իրականացման] ժամանակը, ինչպես որ Նոյի ժամանակ ասաց, որ ջրհեղեղը հարյուր քսան տարուց էր լինելու, բայց քսան [տարին մարդկանց] չարիքների մեծաթիվ լինելու պատճառով կրճատեց 693: Այդպես էլ [ասել էր, թե] չորս հարյուր երեսուն [տարի] պիտի ծառայեին Եգիպտոսում, բայց երկու հարյուրով բավարարվեց 694: Նույնն էլ այստեղ է [կատարվում], քանի որ [Քրիստոսը], Տեր լինելով, կարող է խափանել ու վերացնել բնության համար Իր սահմանած օրենքները: Վեցերորդ [պատճառ], որը շատ ճիշտ է. [Տերը] Հովնանի դեպքը ոչ թե օրերի համար հիշատակեց, այլ [նման] գործերի ու խորհուրդների, որոնք [Ինքը] կատարեց ու վերջացրեց, ինչպես արդեն ասվել է: Եվ յոթերորդ՝ այն նպատակով երեք օրվա մասին նշեց, որ նրանք հասկանային Իր հարությունը: Այդ պատճառով էլ ասում էին Պիղատոսին. «Այն Մոլորեցուցիչն ասում էր՝ երեք օրից հարություն եմ առնելու» (հմմտ. Մատթ. 27։63): Ուստի հրեաները դատապարտվեցին, ինչպես ասում է հաջորդ [խոսքը]:
Մաղաքիա արք. Օրմանյան
որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:38

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: