Ա. Լոպուխին
«Դու գտնվում էիր Եդեմում՝ Աստծո պարտեզում․ քո զգեստները զարդարված էին ամեն տեսակի թանկարժեք քարերով՝ սարդիոն, տպազիոն և ադամանդ, ոսկեքար, եղնգնաքար, հասպիս, շափյուղա, կարկեհան և զմրուխտ ու ոսկի՝ այն ամենը, ինչ հմտորեն դրված էր քո բույների մեջ և իջեցված էր քեզ վրա՝ պատրաստվել է քո ստեղծման օրը»։ [13] (Սինոդական թարգ․)
«Դու գտնվում էիր Եդեմում՝ Աստծո պարտեզում» - սլավոներենը, ընդունելով եբրայեցերեն «Եդեն» բառն ընդունելով ընդհանուր գոյականի իմաստով, թարգմանում է այսպես․ «Դու Աստծո դրախտի քաղցրության մեջ էիր»։ Տյուրոսի թագավորի մասին ի՞նչ իմաստով կարելի է ասել, որ նա եղել, ապրել է Աստծո դրախտում։ Քանի որ Հին Կտակարանում երկրի յուրաքանչյուր գեղեցիկ տարածք ոչ միայն համեմատվում է դրախտի հետ, այլ ուղղակիորեն հենց այդպես էլ կոչվում է (Եզեկ․ 21:8, 16:18, 36:35, 41:3, Հովել 2:3), ուստի այստեղ հենց Տյուրոսը կարող էր կոչվել «դրախտ»՝ եթե ոչ պտղաբեր ու գեղեցիկ տարածքում իր դիրքավորվածության (այդ տարածքը չի տրվել ոչ մեկին, ոչ մյուսին), ապա առնվազն իր այն անթիվ հարստությունների շնորհիվ, որոնք հաջորդիվ մանրամասնորեն թվարկվում են։ Սակայն թվում է, թե սույն արտահայտությունն ուզում է ավելին ասել. մարգարեն համաձայնվում է ինքն իրեն աստված համարող Տյուրոսի թագավորին՝ երկրի վրա նրա ունեցած դիրքի՝ արտաքին և ներքին արտասովոր առավելությունները նկատի ունենալով, ընդունել որպես գրեթե գերբնական մի էակ, դրախտի բնակիչ (որպես նախաստեղծ Ադամ կամ, ինչպես երևում է 14-րդ համարից, քերովբե, որն ասես դրախտում Ադամի տեղն էր զբաղեցնում), ինչը, սակայն, փոփոխության չի ենթարկում նրան սպասվող սարսափելի ճակատագիրը, այլ դեռ ավելի է սաստկացնում դրա դառնությունը (քանի որ մեծանում է անկման բարձրությունը. 15-րդ համար): Եթե իր մարգարեության այս հատվածը գրելիս մարգարեի մտքին տեսանելի է եղել սատանայի անկումը, ինչը որ շատ հավանական է, ապա Տյուրոսի թագավորի կերպարի ներքո նա կարող էր տեսնել այդ անկման կրկնությունն ու շարունակությունը, անկո՛ւմ, որը հազիվ թե հնարավոր լիներ պատկերել երկրային ժամանակի նեղ շրջանակներում։
«Աստծո պարտեզում» - Աստված այստեղ «Էլոհիմ» անունով է հիշատակվում (և ոչ թե՝ «Յահվե»), ինչպես որ Ծննդոց գրքի առաջին գլուխների մեծ մասում է։
«Զգեստները» - եբրայեցերեն «մեկուսսա» բառն է (եզակի կիրառություն ունի), որը Յոթանասնից թարգմանության մեջ բացակայում է։
«Զարդարված էին ամեն տեսակի թանկարժեք քարերով» - հատկանշական է, որ Ծննդոց 2։12-րդ համարում թանկարժեք քարերը հիշատակվում են դրախտի տարածքի հետ առնչությամբ, որի մասին քիչ առաջ խոսվեց այստեղ, իսկ ահա Եզեկիելի մարգարեության առաջին գլխում թանկարժեք քարերը հիշատակվում են քերովբեների հայտնվելու առնչությամբ։ Տյուրոսի թագավորը հենց քերովբեի հետ էլ համեմատվում է 14-րդ համարում։ [Ըստ հնդկական սագաների՝ անգղերը (քերովբեների առասպելաբար աղավաղված «տարբերակն» է) համարվում են ոսկու պահապաններ. նրանք փորում են ոսկին և դրանից շինում իրենց բույները, իսկ հնդկացիներին միայն «բեկորներ» էին մնում այդ ոսկիներից (Ctes Aelian. Hist. anim, IV, 27. Paus. CXXIV, 6. Philostr. Vit. Appollon, III, 48): Հերոդոտոսն այս ոսկի փորող և ոսկու պահապան անգղերին «տեղագրում» է հյուսիսում և ասում է, որ Արիմասպները (միաչքանի առասպելական ժողովուրդ, որ իբր ապրում էր ծայրագույն հյուսիսում, ուր կային ոսկեբեր հողաշերտեր) նրանցից ոսկի են գողանում (III, 116, IV, 13.27): Փյունիկի թևերը, որոնց մասին ակնարկվում է 18-րդ համարում, «χρυσοκομα» էին (Herod. I, 73 և այլն)]։ Արևելյան թագավորների հագուստները խիտ շերտով պատված էին թանկարժեք քարերով։ Հաջորդիվ ներկայացվում է հենց այդ քարերի թվարկումը։ Եբրայեցերեն տեքստում և Վուլգաթայում թվարկվում են 9 քարեր, հունարենում՝ 12 և 14, սլավոներենում՝ 15, այդ քարերի թվին ավելացնելով նաև ոսկի և արծաթ, (Պեշիթո 8)։ Եբրայական աղյուսակը, որը, ըստ երևույթին, ամենահավանականն է, այսպես է սահմանում այդ նշանակալից և ամենապարզ թիվը՝ 3 x 3։ Ոսկին, որն առանձնահատուկ կերպով հիշատակվում է ստորև, և արծաթը շատ անտեղի են Յոթանասնից թարգմանության մեջ՝ խաթարելով քարերի շարքը։ Քարերը կոչվում են ճիշտ նույն կերպ, ինչպես քահանայապետի լանջապանակի պարագայում (Ելք 28:17)՝ 1-ին (տեղական 1-ին, 2-րդ և 9-րդ քարեր), 2-րդ (այստեղ՝ 8-րդ, 7-րդ և 3-րդ քարեր) և 4-րդ շարքերում (այստեղ՝ 4-րդ, 5-րդ և 6-րդ քարեր): Քարերը ենթադրաբար նույնացվում են ստորև նշված հետևյալ շարքի հետ.
1. Օդեմ» («կարմիր») - Յոթանասնից թարգմանության մեջ, Վուլգաթայում և Պեշիթոյում՝ «սարդիոն» (carnelian), ռուսերեն թարգմանության մեջ՝ «ռուբին» («սարդիոն» - երկուսն էլ կարմիր գույն ունեն):
2. «Պիտդա» - (Սանսկրիտում՝ «պիտա» - դեղին), Յոթանասնից թարգմանության մեջ, Վուլգաթայում և ռուսերեն թարգմանության մեջ՝ «տպազիոն»։
3. «Յահալոմ» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ «սմարագդ», Վուլգաթայում՝ անհայտ է, Հովսեփիոս Փլաբիոսի երկում՝ «jaspis», ռուսերեն թարգմանության մեջ՝ «ադամանդ»:
4. «Թարշիշ» - սլավոներենում պետք է լինի՝ «վակինթ», ռուսերեն թարգմանության մեջ՝ «քրիզոլիտ» («ոսկեքար»), տե՛ս 1:16-րդ համարի բացատրությունը։
5. «Շոգամ» - Թարգումում, Պեշիթոյում և Յոթանասնից թարգմանության մեջ (28:20-րդ համարում, այլ տեղիներում և պետք է որ նաև այստեղ)՝ «բերիլ», ռուսերեն թարգմանության մեջ, Ակիլլայի, Թեոդոտիոնի, Սիմմաքոսի և Վուլգաթայի թարգմանություններում՝ «օնիքս» («եղնգնաքար»)։
6. «Յասիպ» - նմանահունչ է ռուսերեն թարգմանության մեջ առկա «հասպիս» բառին, որը սլավոներենում 14-րդն է, իսկ հունարենում՝ 13-րդը։ Վուլգաթայում՝ «berillus»։
7. «Սաֆիր» («շափյուղա») - նմանահունչ է Վուլգաթային և ռուսերեն թարգմանությանը (տե՛ս 1։25-րդ համարի բացատրությունը)։ Սլավոներենում 6-րդն է, հունարենում՝ 5-րդը։
8. «Նոֆեկ» - Հովսեփիոս Փլաբիոսի երկում, Վուլգաթայում և ռուսերեն թարգմանության մեջ՝ «կարկեհան», Յոթանասնից թարգմանության մեջ պետք է որ լինի «αξθραξ»։ Սլավոներենում 5-րդն է, հունարենում՝ 4-րդը։
9. «Բարկատ» - Յոթանասնից թարգմանության մեջ (3-րդն է), Փլաբիոսի երկում և Վուլգաթայում՝ «smaragdus», ռուսերեն թարգմանության մեջ՝ «զմրուխտ» (սանսկրիտում՝ «մարակատա»)։
Սրանից հետևում է, որ այս նույնացումներից քիչ թե շատ արժանահավատ են 1-ը, 2-ը, 4-ը, 6-ը, 7-ը և 9-ը։ Manchot-ը (lahibuch t. protest. Theof. 14, 472) քարերի տառերից կազմում է այն երկրների անունները, որոնք գտնվում էին Քսերքսեսի տիրապետության տակ։
«Այն ամենը, ինչ հմտորեն դրված էր քո բույների մեջ և իջեցված էր քեզ վրա» - եբրայական 8 բառերի ենթադրյալ թարգմանությունն է՝ չճշգրտված իմաստով․ ենթադրաբար՝ ոսկերչական եզրույթ է. Վուլգաթան այստեղ ակնարկ է տեսնում երաժշտական գործիքների վերաբերյալ, իսկ հաջորդող խոսքերում՝ «պատրաստվել է քո ստեղծման օրը», ցուցում է տեսնում Տյուրոսի թագավորի ծննդյան օրը հնչող երաժշտության վերաբերյալ։ Սլավոներենում՝ «ոսկով լցրեցիր քո գանձարաններն ու քո ամբարները» (վերջինիս պարագայում՝ ոչ թե «ոսկով»՝ ուղիղ իմաստով, այլ՝ «հաց» նշանակությամբ, որը կարելի էր «ոսկու» վերածել)։ Յուրահատուկ տեսակետ ունի Էվալդը. Ըստ այս տեսակետի՝ Տյուրոսի թագավորը ժամանակին դրախտում բոլոր մարդկանցից առաջինն է եղել, այնպես որ նա ուներ մի այնպիսի կատարելություն, ինչպիսին որևէ ուրիշ մեկը չուներ։ Նա իր կյանքի առաջին օրվանից կրում էր քահանայապետական լանջապանակի 12 թանկարժեք քարերը՝ որպես գուշակություն և մարգարեություն անելու գործիք։ Այս իմաստը ստանալու համար Էվալդը եբրայեցերեն բառերից մեկը նմանահունչ է համարում «Ուրիմ» բառի հետ, իսկ մյուսն էլ փոփոխում է՝ դարձնելով «Թումիմ»։
«Պատրաստվել է քո ստեղծման օրը» - հարստությունը Տյուրոսի թագավորի (այսինքն՝ առհասարակ Տյուրոսի) համար նախապես սահմանված էր, ինչպես որ յուրաքանչյուր մարդու ճակատագիրն է նախասահմանվում՝ դեռևս նրա ստեղծման ժամանակ: Սա նախասահմանության վարդապետության դրսևորում է։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) եղել ես Աստծու դրախտի գգուանքներում, քեզ վրայ կապել բոլոր թանկարժէք քարերը՝ սարդիոն ու տպազիոն, զմրուխտ ու կարկեհան, շափիւղայ ու յասպիս, արծաթ ու ոսկի, սուտակ, ակաթ, մեղեսիկ, ոսկեքար, բիւրեղ, եղնգաքար. ոսկով ես լցրել քո մէջ գտնուած գանձարաններն ու շտեմարանները:
(Արարատ թարգ․) Եդեմում՝ Աստծու պարտեզում էիր, քո ծածկոցն էին բոլոր պատվական քարերը՝ սարդիոն, տպազիոն, ադամանդ, ոսկեքար, եղնգնաքար ու հասպիս, շափյուղա, կարկեհան, զմրուխտ և ոսկի՝ գործված քեզ համար։ Քո թմբուկների և քո սրինգների գործը քո ստեղծման օրը պատրաստվեց քեզ համար։
(Գրաբար) ’ի գրգանս դրախտին Աստուծոյ եղեր, և զամենայն ականս պատուականս ‘ի քե՛զ կապեցեր. Զսարդիոնն. և զտպազիոն. և զզմրուխտ. և զկարկեհան. և զշափիղ’այ. և զյասպիսն. զարծաթ և զոսկի. և զգոճազմն. զակատն. զմելեսիկն. զոսկեքարն. զբիւրեղն. զեղեգնաքարն. և ոսկւով լցուցեր զգանձս քո, և զշտեմարանս քո ‘ի քեզ. յօրէ յորմէ հաստատեցար և հանդերձեցար:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: