Եզեկիելի մարգարեության մեկնություն 30։2

Ա. Լոպուխին

2-3. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր ու ասա՛. «Այսպես է ասում Տէր Աստուած. «Ողբացե՛ք, օ՜, դժբախտ օր»»։ [2] «Քանի որ մոտ է օրը, այսպես մոտ է Տիրոջ օրը՝ միգապատ օրը. գալիս է ժողովուրդների ժամանակը»: (Սինոդական թարգ․)
   
    «Օ՜, դժբախտ օր» - սլավոներենում՝ «օլե, օլե, օր»։ Առանց որոշակի հոլովման տեղադրված «օր» բառն ինքնին ավելի մեծ զորություն և սարսափ է պարունակում: Այդպես է նաև 7:7-րդ և 10-րդ համարներում՝ հմմտ․ Սոփ․ 1:7, Հովել 2:2-3։ Այստեղ, իհարկե, նկատի է առնվում դատաստանի օրը, սակայն ո՛չ թե Իսրայելի, այլ հեթանոսական աշխարհի՛ նկատմամբ դատաստանի, և այդ հեթանոսական աշխարհի ամենահզոր ներկայացուցիչներից մեկն էլ հենց Եգիպտոսն էր։ Վերջինիս նկատմամբ դատաստանը, հետևաբար, շարունակությունն ու բաղկացուցիչ մասն էր հեթանոսության նկատմամբ իրականացվող դատաստանի, որն անհրաժեշտություն էր համարվում Իսրայելում մեսիական ժամանակների գալստյան երանությունն ապահովելու համար։ Սկզբում առանց խոնարհման դրված «օրն» այժմ կարելի է սահմանել՝

   1) որպես «Տիրոջ օր», որի ժամանակ Տերը հայտնելու է Իր ողջ փառքը և ամենքի կողմից ճանաչվելու է որպես Տեր (հմմտ․ Ես. 2։12 և այլն, Հովել 1։15, Ամոս 5։20, Ա Կոր. 5։5 և այլն)։ Կամ՝

   2) որպես «միգապատ օր», սլավոներենում ավելի ստույգ՝ «ամպի օր», երբ թանձր ամպը, ի նշան Աստծո բարկության, պիտի ծածկի երկինքն այնպես, որ լուսատուները պիտի խավարեն (Հովել 2։2, Սոփ․ 1։14 և այլն)։ Կամ էլ՝

   3) որպես «ժողովուրդների ժամանակ (կամ՝ «տարի»)», երբ ավարտին պիտի հասնի հեթանոսական աշխարհի համար նախատեսված գոյության ժամանակը, ուստի և Յոթանասնից թարգմանության հեղինակներն ավելի ճիշտ են տարընթերցել՝ «էտ» - «ժամանակ»-ի փոխարեն՝ «էց» - «վերջ»՝ «հեթանոսների վերջը» (հմմտ․ 7։7)։ Այս խոսքն ունի էսխատոլոգիական (վախճանաբանական) նրբերանգներ և այդ իսկ պատճառով էլ էլ իր արտահայտություններով այդքան մոտ է 7-րդ գլխին:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր ու ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուած.
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Ողբացե՛ք. ավա՜ղ այն օրվան։
(Գրաբար) Որդի մարդոյ ՝ մարգարեա՛ց՝ և ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր Տէր. Ո՛հ ո՛հ, օր.