Սողոմոնի առակները. Երկրորդ մաս
1․ Իմաստուն որդին ուրախացնում է հօրը, անմիտ որդին տրտմութիւն է մօր համար:
2․ Գանձերը չեն օգնի անօրէններին, մինչդեռ արդարութիւնը փրկում է մահից:
3․ Տէրը սովամահ չի անում արդարին, բայց ամբարիշտների կեանքը պիտի կործանի:
4․ Աղքատութիւնը խեղճացնում է մարդուն, ժրաջան ձեռքերը հարստացնում են նրան:
5․ Խրատուած որդին իմաստուն կը լինի, իսկ անմիտը ծառայ կը դառնայ: Իմաստուն որդին ազատւում է խորշակից, անօրէն որդին խորշակահար է լինում ամռանը:
6․ Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը:
7․ Արդարների յիշատակը մնալու է գոհաբանութեամբ, բայց ամբարիշտների անունը պիտի ջնջուի:
8․ Իմաստուն սիրտն ընդունում է պատուիրանները, բայց զազրախօսը պիտի կործանուի
իր գայթակղող շուրթերի պատճառով:
9․ Ողջամտութեամբ ընթացողը գնում է ապահով, իսկ ով ծռում է իր ճանապարհները, թաքուն պիտի չմնայ:
10․ Ով նենգ աչքով ակնարկ է անում, նա տրտմութիւն պիտի կրի մարդկանցից, բայց համարձակ յանդիմանողը խաղաղութիւն է բերում:
11․ Արդարի ձեռքին է կեանքի աղբիւրը, բայց ամբարշտի կորուստը կը փակի նրա բերանը:
12․ Հակառակութիւնն ատելութիւն է գրգռում, բայց սէրը ծածկում է ամէն մի ներհակութիւն:
13․ Ում շուրթերից իմաստութիւն է բխում, նա, ինչպէս գաւազան, հարուածում է անմիտ մարդուն:
14․ Իմաստունները իմաստութիւն են հաւաքում, բայց յանդուգն մարդու բերանը մօտ է կործանման:
15․ Մեծատունների հարստութիւնն իրենց ամուր քաղաքն է, աղքատութիւնը կորստեան
պատճառ է ամբարիշտների համար:
16․ Արդարների գործերը կեանք են տալիս, ամբարիշտների բերքը՝ մեղքեր: Կեանքի ճանապարհները պահպանում է Տէրը:
17․ Առանց յանդիմանութեան խրատը սխալ է:
18․ Արդար շուրթերը լռեցնում են թշնամանքը, իսկ բամբասանք տարածողները անզգամներ են:
19․ Շատախօսութեամբ չես խուսափի մեղքից. շուրթերդ եթէ զսպես, իմաստուն կը լինես:
20․ Արդար լեզուն ընտիր արծաթ է, ամբարշտի սիրտը պիտի նուաղի:
21․ Արդարների շուրթերը ճանաչում են բարձր մարդկանց, իսկ անզգամները պիտի կործանուեն խելքի պակասութիւնից:
22․ Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, եւ նա էլ հարստացնում է նրանց եւ չի աւելացնում նրանց սրտի տրտմութիւնը:
23․ Անզգամը ծիծաղելով չարիք է գործում, բայց խոհեմ մարդը իմաստութիւն հաւաքում:
24․ Ամբարիշտը շրջում է կորուստը իր հետ, բայց արդարի ցանկութիւնը պիտի կատարուի:
25․ Ամբարիշտը պիտի ջնջուի ինչպէս անցնող մրրիկ, բայց արդարը խուսափելով՝ կ՚ապրի յաւիտեան:
26․ Ինչպէս ազոխը վնասակար է ատամներին, իսկ ծուխը՝ աչքերին, այդպէս էլ անօրէնութիւնը վնասակար է նրանց համար, ովքեր առաջնորդւում են նրանով:
27․ Տիրոջ երկիւղն աւելացնում է կեանքի օրերը, բայց ամբարիշտների տարիները պիտի կրճատուեն:
28․ Արդարների ուրախութիւնը պիտի երկարի, իսկ ամբարիշտների յոյսը պիտի կորչի:
29․ Տիրոջ երկիւղը ոգու ամրութիւն է մաքուր մարդկանց համար, բայց սրտաբեկութիւն է նրանց համար,
ովքեր չարիք են գործում:
30․ Արդարը երբեք չպիտի դողայ, ամբարիշտները չպիտի բնակուեն երկրի վրայ:
31․ Արդարի բերանն իմաստութիւն է բխեցնում, բայց անիրաւի լեզուն պիտի կտրուի:
32․ Արդար մարդկանց շուրթերը շնորհներ պիտի բխեցնեն, բայց ամբարիշտների բերանը պիտի կործանուի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: