1․ Սիրալիր պատասխանը մեղմացնում է զայրոյթը, բայց խիստ խօսքը բարկութիւն է յարուցում:
2․ Իմաստունների լեզուն գիտէ բարիքը, իսկ անզգամների բերանը խօսում է չարիքների մասին:
3․ Տիրոջ աչքը ամէն տեղ դիտում է չարերին եւ բարիներին:
4․ Բուժող լեզուն կեանքի ծառ է, եւ ով պահում է այն՝ նրա հոգին պիտի լցուի:
5․ Անզգամն անարգում է հօր խրատը, բայց յանդիմանութեանը հնազանդ որդին ողջախոհ է: Արդարութեան աւելացումով՝ աւելանում է զօրութիւնը, բայց ամբարիշտները արմատախիլ պիտի լինեն երկրից:
6․ Արդարների տները պիտի մնան մեծ զօրութեամբ, բայց ամբարիշտների պտուղները պիտի ոչնչանան:
7․ Իմաստունների շուրթերը իմաստութիւն են հաստատում, անմիտների սրտերը անսխալ լինել չեն կարող:
8․ Ամբարիշտների զոհագործութիւնները պիղծ են Տիրոջ առջեւ, բայց ուղղամիտների ուխտը հաճելի է նրան:
9․ Ամբարիշտների ճանապարհները պիղծ են Տիրոջ առջեւ, բայց ով հետեւում է արդարութեանը, Տէրը սիրում է նրան:
10․ Անմեղի խրատն ընդունելի է մերձաւորների համար, բայց ով ատում է յանդիմանութիւնը,
պիտի վախճանուի անարգանքով:
11․ Դժոխքն ու կորուստը յայտնի են Տիրոջ առջեւ, էլ ուր մնաց՝ մարդկանց սրտերը:
12․ Մեծամիտը չի սիրում իրեն յանդիմանողին եւ չի հաղորդւում իմաստունների հետ:
13․ Սրտի բերկրանքից ծաղկում է դէմքը, իսկ տրտում հոգին շրջում է թախծոտ:
14․ Ուղիղ սիրտը իմաստութիւն է որոնում, բայց անզուսպ բերանը ծանօթ է չարիքներին:
15․ Չարի աչքն ամէն ժամանակ սպասում է չարիքի, բայց բարի աչքը պիտի խաղաղուի ամէն ժամ:
16․ Լաւ է քիչ բաժինը՝ Տիրոջ երկիւղով, քան թէ շատ գանձը՝ առանց երկիւղածութեան:
17․ Լաւ է բանջարեղէնի ճաշ ուտել՝ սիրով ու շնորհքով, քան թէ մսուրի արջառի միս՝ թշնամութեամբ:
18․ Զայրացկոտ մարդը կռիւ է յարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն: Համբերատար մարդը մեղմում է դատաստանը, բայց ամբարիշտն աւելի է գրգռում այն:
19․ Ծոյլի ճանապարհը ծածկուած է փշերով, բայց հարթ ու բաց է ջանասէրի ճամփան:
20․ Իմաստուն որդին ուրախացնում է հօրը, իսկ անմիտ
որդին արհամարհում է մօրը:
21․ Անմիտ մարդու սիրտը կարօտ է խելացի խորհրդի, բայց խելացի մարդն ինքն է ուղղում իր ընթացքը:
22․ Իրենց խորհուրդը յապաղում են յայտնել նրանք, որ չեն յարգում իրենց խորհրդակիցներին: Խորհուրդները հաստատ են
մնում խոհեմների սրտում,
23․ բայց անզգամը չի հետեւում նրանց եւ չի ասում պատշաճ բան, որ բարի լինի ընդհանուրի համար:
24․ Իմաստունի խորհուրդը կեանքի ճանապարհ է, եւ մարդ դրանով դժոխքից խորշելով՝ կը փրկուի:
25․ Տէրը կործանում է ոխակալների տները, բայց որբերի եւ այրիների սահմանը հաստատ է պահում:
26․ Անիրաւ խորհուրդը պիղծ է Տիրոջ առջեւ, բայց սրբերի խօսքերը պարկեշտ են:
27․ Կաշառակերը սպանում է իր հոգին, բայց կաշառք ատողը պիտի ապրի: Ողորմութեամբ ու հաւատով մաքրւում է մեղքը, եւ Տիրոջ երկիւղով ամէն ոք խորշում է չարից:
28․ Արդարների սրտերը խորհում են հաւատի մասին, բայց ամբարշտի բերանը իբրեւ պատասխան ունի չարիքը: Տիրոջը հաճելի են արդար մարդկանց ճանապարհները. նրանց շնորհիւ թշնամիները դառնում են բարեկամներ:
29․ Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը: Լաւ է քիչ վերցնել՝ արդարութեամբ, քան թէ շատ արդիւնք ստանալ՝ առանց երկիւղածութեան:
30․ Մարդուս սիրտը պիտի խորհի իրաւունքի մասին, որպէսզի Աստուած ուղղի նրա ընթացքը:
31․ Բարին տեսնող աչքը ուրախացնում է սիրտը, իսկ բարի լուրը պարարում է ոսկորները:
32․ Խրատ մերժողն ատում է իր հոգին, բայց յանդիմանութիւն լսողը խոհեմութիւն պիտի ստանայ:
33․ Տիրոջ երկիւղը խրատ է եւ իմաստութիւն, եւ փառքը ծագում է դրանից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: