Գիրք` 25. Առակներ

Գլուխ 17

   
1․ Լաւ է մի պատառ համով հացը՝ խաղաղութեամբ, քան միս ու բարիքով լի տունը՝ թշնամութեամբ: 
2․ Խելացի ծառան պիտի իշխի անմիտ տէրերի վրայ եւ ժառանգութիւնը պիտի բաժանի եղբայրների հետ: 
3․ Ինչպէս արծաթը եւ ոսկին փորձւում են քուրայի մէջ, այնպէս էլ Աստուած ընտրում է սրտերը: 
4․ Չարագործը հնազանդւում է անօրէնի լեզուին, բայց արդարը չի նայում ստախօս շուրթերին: Հաւատարիմ մարդու համար ամբողջ աշխարհը լի է հարստութեամբ, բայց անհաւատարիմը մէկ գրոշ իսկ չունի:
5․ Ով ծաղրում է աղքատին, նա զայրացնում է նրա Արարչին, եւ ով հարուածում է ընկածին, նա չի արդարացուելու, բայց ով խղճում է՝ ողորմութիւն պիտի գտնի: 
6․ Ծերերի պսակն իրենց որդիների որդիներն են, որդիների պարծանքը՝ իրենց հայրերը:
7․ Անզգամներին վայել չեն ճշմարտախօս շուրթերը, եւ ոչ էլ արդարներին՝ ստախօս շուրթերը: 
8․ Խրատը այն ունեցողի համար նրա շնորհի վարձն է, եւ նա դէպի որ կողմն էլ դառնայ՝ յաջողութիւն պիտի գտնի: 
9․ Յանցանքը ծածկողը բարեկամութիւն է փնտռում, բայց այն բացայայտողը բարեկամներին եւ
ընտանիքը բաժանում է իրարից:
10․ Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, բայց անմիտը թէկուզ եւ բազում հարուածներ ուտի՝ չի ազդւում: 
11․ Ամէն չարակամ հակառակութիւն է յարուցում, բայց Տէրն էլ անողորմ հրեշտակ է ուղարկում նրա դէմ: 
12․ Հոգսը ծանրանում է իմաստունի սրտին, իսկ անմիտները մտածում են չարիքների մասին: 
13․ Ով բարիքի փոխարէն չարիք է հատուցում, չարը չի պակասի նրա տնից:
14․ Արդարութեան սկիզբը խօսքին իշխանութիւն է տալիս, իսկ հակառակութիւնը եւ կռիւը տանում են դէպի չքաւորութիւն:
15․ Ովքեր անիրաւին համարում են արդար ու արդարին՝ անիրաւ, նրանք պիղծ ու գարշելի են Տիրոջ առջեւ:
16․ Ինչպէ՞ս է անմիտը հարստութիւն գտնում, քանի որ չգիտէ, թէ ինչ բան է իմաստութիւնը: Նա, որ շատ վեր է բարձրացնում իր տունը, պատճառ է դառնում նրա կործանման, իսկ ով խուսափում է ուսումից, պիտի ընկնի չարիքի մէջ:
17․ Բարեկամներ կարող ես ունենալ ամէն ժամանակ, բայց եղբայրներդ քեզ պէտք են վշտի ժամանակ, քանզի հէնց դրա համար էլ ծնուել են նրանք:
18․ Անմիտ մարդը պարում եւ ցնծում է բարեկամների համար երաշխաւոր լինելիս, վնասասէրը ուրախանում է
նրանց վէճ ու կռուի ժամանակ: 
19․ Նա, որ շատ վեր է բարձրացնում իր տունը, պատճառ է դառնում նրա կործանման, եւ խստասիրտն էլ բարիք չի գտնի:
20․ Լեզուով յեղյեղուկ մարդը պիտի ընկնի չարիքի մէջ,
21․ եւ անզգամի սիրտը ցաւ է իր մարմնի անդամների համար: Հայրը չի կարող ուրախ լինել անխելք որդու համար, բայց խելացի որդին ուրախացնում է մօրը:
22․ Ուրախ սիրտը առողջարար է. հոգսերի մէջ ընկած մարդու ոսկորները ցամաքում են:
23․ Կաշառքի համար գիրկը բացողը յաջողութիւն չի գտնի իր ճամփին, ամբարիշտը
խոտորւում է արդարութեան ճանապարհներից: 
24․ Հանճարեղ մարդու երեսն իմաստուն է, իսկ անմիտ մարդու աչքերը այս ու այն կողմ են նայում:
25․ Անմիտ որդին հօր տրտմութիւնն է եւ դառն ցաւ է իր ծնողների համար:
26․ Արդար մարդուն տոյժի ենթարկելը բարի գործ չէ, եւ ոչ էլ իրաւունքի մէջ իշխանի նենգելը՝ արդարի նկատմամբ: 
27․ Իր խիստ խօսքը զսպողն իմաստուն է, համբերատարը՝ խելացի:
28․ Անմիտ մարդուն հարցրին, թէ ի՛նչ է իմաստութիւնը, եւ նա գտնո՞ւմ է արդեօք, որ իմաստութիւն կայ. նա պապանձուեց, եւ կարծեցին, թէ իմաստուն է: