Գիրք` 25. Առակներ

Գլուխ 19

   
1․ Լաւ է տգէտ լինել, բայց միամիտ, քան թէ անզգամ ու շաղակրատ:
2․ Տգիտութիւնն էլ, սակայն, լաւ չէ հոգու համար, եւ ով իր ոտքերին ստիպում է շտապել՝ սխալներ է գործում:
3․ Մարդու անզգամութիւնը ապականում է նրա ճանապարհները, բայց իր սրտում նա մեղքը գցում է Աստծու վրայ:
4․ Հարստութիւնը աւելացնում է շատ բարեկամներ, բայց աղքատը բաժանւում է նոյնիսկ հարազատ բարեկամից:
5․ Ստախօս վկան առանց պատժի չի մնայ, եւ չի փրկուի նա, ով զուր տեղն է մեղադրում: 
6․ Շատերն են հաճոյախօսում թագաւորի դիմաց, բայց ամէն մի չարակամ պիտի նախատուի մարդկանցից:
7․ Ով ատում է իր աղքատ եղբօրը, ինքն էլ հեռու պիտի լինի նրա սիրուց: Բարի խորհուրդը մերձենում է իրեն ճանաչողին, եւ իմաստուն մարդը կը գտնի այն: Ով խիստ բան է անում չարամտօրէն, նա չարիք է գործում, եւ ով վէճեր է յարուցում, փրկութիւն չի գտնի, մանաւանդ որ այնպիսի բան է անում, որ չի վերաբերում իրեն: 
8․ Խելք ձեռք բերողը սիրում է իր հոգին, եւ իմաստութիւն պահողը բարիք է պահում։
9․ Ստախօս վկան առանց պատժի չի մնայ, եւ ով թշնամանք է բորբոքում, ով չարութիւն է գրգռում, պիտի կործանուի: 
10․ Անզգամին վայել չէ փափկակեցութիւնը, եւ ոչ էլ գոռոզութիւնը՝ ծառային, երբ նա սկսի իշխել:
11․ Գթասիրտ մարդը համբերատար կը լինի, եւ նրա համար պարծանք է բարձր լինել անզգամներից:
12․ Թագաւորի սպառնալիքը նման է առիւծի մռնչիւնի, իսկ նրա զուարթութիւնը՝ դալարիքի վրայ կաթած ցօղի: 
13․ Անմիտ որդին ամօթանք է հօր համար. ընդունելի չէ բոզերի վարձով կատարուած ուխտը:
14․ Տներն ու ստացուածքը հայրերը բաժանում են որդիներին, բայց առաքինի կին՝ Աստուած է տալիս տղամարդուն:
15․ Ծուլութիւնը յատուկ է թուլամորթին, եւ գործ անել չսիրող մարդը քաղցած կը մնայ:
16․ Պատուիրաններ պահողը պահպանում է իր անձը, բայց նա, ով արհամարհում է իր ճանապարհը, պիտի կործանուի:
17․ Աղքատին ողորմութիւն տուողը փոխ է տալիս Աստծուն, եւ ըստ նրա տուածի էլ Աստուած պիտի հատուցի նրան:
18․ Խրատի՛ր որդուդ, որպէսզի այդպէս բարի յոյս լինի քեզ համար, եւ մի՛ նայիր նրա թշնամական վերաբերմունքին. եթէ դու բրածեծ անես նրան, նա չի մեռնի, բայց նրա հոգին կը փրկես մահից:
19․ Չարաբարոյ մարդը շատ է տուժելու, եւ եթէ աւելի դաժան վարուի, հոգին էլ վրայ կը տայ: 
20․ Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատը, որպէսզի իմաստուն դառնաս յետագայում:
21․ Բազմաթիւ խորհուրդներ կան մարդուս սրտում, բայց Աստծու խորհուրդը մնում է յաւիտեան: 
22․ Մարդու ողորմածութիւնը նրա հոգու պտուղն է, եւ արդար աղքատը լաւ է, քան ստախօս հարուստը:
23․ Տիրոջ երկիւղը կեանք է մարդու համար. ով չունի այդ երկիւղը, մոլորուած շրջում է դռներին, ապրում է այն տեղերում, ուր յաւիտեան այցելու չի ունենայ: 
24․ Ով անգործութեամբ ձեռքերը թաքցնում է ծոցում, նա իր ձեռքը նոյնիսկ իր բերանն էլ չի տանի: 
25․ Անզգամի պատիժը տեսնելով՝ անմեղն աւելի խելացի է դառնում, իսկ եթէ յանդիմանես իմաստունին, նա առաւել իմաստութիւն կ՚ունենայ:
26․ Այն որդին, որ անարգում է հօրը եւ հեռացնում մօրը, պիտի ամօթ կրի եւ նախատինք:
27․ Հօր խրատը չպահող որդին չար խորհուրդներ է խորհում:
28․ Անմիտ երիտասարդին երաշխաւոր եղողը ծաղրում է արդարութիւնը. ամբարիշտների բերանը
կուլ է տալիս դատ ու դատաստան: 
29․ Տանջանքները պատրաստուած են անխելք մարդկանց համար, պատիժները՝ անզգամների: