1․ Ինչպէս ջրի հոսանքը, այնպէս էլ թագաւորի սիրտը Աստծու ձեռքին է. Նա ո՛ր կողմ կամենայ,
այն կողմն էլ կը դարձնի այն:
2․ Ամէն մարդ ինքն իր աչքին արդար է թւում, բայց Տէրն է դատում սրտերը:
3․ Արդարութիւն գործելը եւ ճշմարտութիւն խօսելը աւելի հաճելի է Տիրոջը, քան զոհերի արիւնը:
4․ Ամբարտաւանը մեծամիտ է իր յոխորտանքի մէջ. ամբարիշտների լապտերը մեղքն է:
5․ Կարճ խորհրդածութիւնն էլ կարող է առատութիւն բերել, սակայն ամէն մի հապճեպութիւն կարօտութիւն է բերում:
6․ Ով հարստութիւն է կուտակում լեզուի ստութեամբ, նա գնում է սնոտի բաների յետեւից եւ պիտի
հասնի մահուան որոգայթների:
7․ Ամբարիշտները պիտի կործանուեն, քանզի չեն ուզում գործադրել իրաւունքը:
8․ Խոտորնակին Աստուած խոտոր ճանապարհ է առաքում, քանզի Տիրոջ գործերը սուրբ են եւ ուղիղ:
9․ Լաւ է բաց օդի մէջ մի անկիւնում ապրել, քան անիրաւութեամբ ծեփուած եւ խառնակ տան մէջ:
10․ Ամբարշտի հոգին չարիքներ է ցանկանում, եւ նա ողորմածութիւն չի գտնի ոչ ոքից:
11․ Անխելքի պատիժը տեսնելով՝ անմեղն աւելի խորագէտ է դառնում, իմաստունն էլ խորհելով՝ դառնում է առաւել գիտուն:
12․ Արդարին մտահոգում է ամբարիշտների սիրտը, բայց չարիքներն էլ ապականում են ամբարիշտներին:
13․ Ով իր ականջը փակում է տնանկին չլսելու համար, ինքն էլ երբ կանչի Տիրոջը, Տէրն էլ իրեն չի լսի:
14․ Գաղտնի պարգեւը մեղմացնում է բարկութիւնը, իսկ ով խնայում է պարգեւ տալ, զայրոյթ է յարուցում:
15․ Իրաւունքի գործադրումը ուրախութիւն է արդարի համար, բայց սուրբ գործը պիղծ է թւում չարագործներին:
16․ Արդարութեան ճանապարհից մոլորուած մարդը հանգրուան է գտնում հսկաների ժողովում:
17․ Ով ուրախութիւն է սիրում, կարիքի մէջ կ՚ընկնի, ով գինի ու ձէթ է սիրում, չի հարստանայ:
18․ Անօրէնն արդար մարդու համար փրկանք պիտի լինի, երդմնազանցը՝ ուղղամիտ մարդկանց համար:
19․ Լաւ է բնակուել անապատում, քան թէ անզգամ, լեզուանի եւ բարկացկոտ կնոջ հետ:
20․ Իմաստունի բերանը ցանկալի գանձ է պահում, բայց տգէտները կուլ են տալիս այն:
21․ Նա, ով հետեւում է արդարութեան եւ ողորմածութեան ճանապարհին, կեանք, արդարութիւն եւ փառք պիտի գտնի:
22․ Իմաստութիւնը հասաւ ամուր քաղաքներին եւ քանդեց այն ամրոցները, որոնց վրայ յոյս էին դրել ամբարիշտները:
23․ Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղութիւնից:
24․ Դաժանը, յանդուգնը եւ գոռոզը կոչւում են չարագործ, իսկ ով ոխ է պահում, անօրէն է:
25․ Ծոյլին սպանում են ցանկութիւնները, որովհետեւ նրա ձեռքերը յօժար չեն որեւէ բան անելու:
26․ Ամբարիշտն ամէն օր չարիքների ցանկութիւն է յղանում, իսկ արդարն առանց խնայելու ողորմութիւն է տալիս:
27․ Ամբարիշտների զոհաբերումները պիղծ են Տիրոջ առջեւ, որովհետեւ մատուցւում են անօրէն խորհրդով:
28․ Ստախօս վկան կորստեան պիտի մատնուի. խոնարհ մարդը խօսում է զգուշութեամբ:
29․ Ամբարիշտ մարդը դէմդ է ելնում յանդուգն երեսով, բայց արդարն ինքը գիտի իր ճանապարհը:
30․ Աստծու համեմատութեամբ՝ մարդ ո՛չ իմաստութիւն ունի, ո՛չ արիութիւն եւ ո՛չ էլ խորհուրդ:
31․ Երիվարը պատրաստւում է պատերազմի օրուայ համար, բայց Տիրոջից է գալիս յաղթանակի օգնութիւնը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: