Գիրք` 25. Առակներ

Գլուխ 26

   
1․ Ինչպէս ցօղը՝ ամռանը, եւ անձրեւը՝ հնձի ժամանակ, այնպէս էլ պատիւը անտեղի է անզգամին:
2․ Ինչպէս թռչուններն ու ճնճղուկները զուր տեղը չեն թռչում, այնպէս էլ ոչ մէկն իզուր անէծքներ չի տալիս:
3․ Ինչպէս մտրակը ձիու համար է, խթանը՝ էշի, այնպէս էլ գաւազանն է անմիտների համար: 
4․ Անզգամին մի՛ պատասխանիր ըստ նրա անզգամութեան, որ չլինի թէ նմանուես նրան:
5․ Բայց անզգամին նրա անզգամութեանն արժանի պատասխա՛ն տուր, որպէսզի ինքն իրեն աւելի իմաստուն չկարծի:
6․ Իր բռնած ճամփի համար նախատինք պիտի ստանայ այն մարդը, որն անմիտ լրատարի հետ խօսք կ՚ուղարկի:
7․ Խափանի՛ր անզգամի գնալ-գալը եւ նրա բերանի խօսքն ու առակը:
8․ Ով պատիւ է տալիս անզգամին, նման է այն մարդուն, որ թանկարժէք քար է դնում պարսատիկի մէջ:
9․ Հարբեցողի ձեռքերը փշերն են ծակծկում, անմիտ մարդու ձեռքերը ծառայում են անզգամին: 
10․ Բոլոր անզգամների մարմիններն էլ պիտի ալեկոծուեն շատ խռովքներից, որպէսզի խորտակուեն նրանց յիմարութիւնները: 
11․ Ինչպէս շունը դառնում է ատելի, երբ վերադառնում է իր փսխածին, այնպէս էլ անզգամն է իր չարութեամբ, երբ վերադառնում է դէպի իր մեղքերը: Ամօթ կայ, որ մեղքերի մէջ է գցում մարդուն, ամօթ էլ կայ, որ նրան պարգեւում է փառք ու շնորհ:
12․ Մարդ եմ տեսել, որ պարծեցել է, թէ ինքն իմաստուն է, բայց անզգամից աւելի շատ բան կարելի է յուսալ, քան նրանից: 
13․ Երբ ծոյլին ուզում ես մի տեղ ուղարկել, ասում է. «Ճանապարհին առիւծ կայ, հրապարակում՝ մարդասպաններ»:
14․ Ինչպէս դուռը շուռ է գալիս իր ծխնիի վրայ, այնպէս էլ ծոյլն է թաւալւում իր մահճում:
15․ Ծոյլն իր ձեռքերը թաքցնում է ծոցում եւ ալարում է նոյնիսկ իր բերանը տանել:
16․ Ծոյլն իր աչքին աւելի իմաստուն է թւում, քան այն անձը, որ հարստութեան բարի լուր է աւետում:
17․ Ուրիշի դատ ու վէճին խառնուող մարդը նման է նրան, ով ձեռքը գցում է շան պոչը բռնելու:
18․ Փորձող անձեր կան, որ առարկում են մարդկանց, բայց երբ որեւէ մէկը շտապում է կանխել՝ հակադրուելով նրանց, ընկճւում են, 
19․ այդպէս էլ վարւում են այն բոլոր մարդիկ, որ դարանամուտ են լինում իրենց բարեկամների հանդէպ, բայց երբ կշտամբանքի են ենթարկւում, ասում են՝ «Մենք կատակ էինք անում»:
20․ Շատ փայտ աւելացնելուց բորբոքւում է կրակը, բայց ուր երկմիտ մարդ չկայ, այնտեղ դադարում է վէճը: 
21․ Կրակարանը շիկանում է ածուխից, փայտը բորբոքում է կրակը, բանսարկուն էլ հրահրում է կռիւը: 
22․ Շողոքորթների խօսքերը փաղաքշող են, բայց դառնում են կռուի բուն:
23․ Նենգամտութեամբ տրուած արծաթը նման է խեցու. ողորկ շուրթերը թաքցնում են տրտում սրտերը:
24․ Ով լաց է լինում թշնամու վրայ, շուրթերով յայտնում է ամէն ինչ, մինչդեռ իր սրտում նենգութիւն է նիւթում: 
25․ Եթէ քո թշնամին քեզ աղաչի եւ բարձր ձայնով աղերսի, մի՛ հաւատա նրան, քանզի եօթը չարիք կայ նրա սրտում:
26․ Ով թաքցնում է ատելութիւնը, նա յայտնի է դարձնում նենգութիւնը. բանիմաց մարդն ատեանում իր
վնասը հեռու է վանում:
27․ Ընկերոջ համար հոր փորողն ինքն է ընկնելու նրա մէջ. ով քար է գլորում ուրիշի վրայ, ինքն իր վրայ է գլորում այն:
28․ Ստախօս լեզուն ատում է ճշմարտութիւնը. շաղակրատ բերանը խռովութիւն է ստեղծում: