1․ Մի՛ պարծեցիր վաղուայ օրով, որովհետեւ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ:
2․ Թող քեզ քո ընկե՛րը գովի եւ ոչ թէ քո բերանը, օտա՛րը եւ ոչ թէ քո շուրթերը:
3․ Քարը ծանր է, աւազը դժուար է բարձրացնել, բայց երկուսից էլ առաւել ծանր է անզգամի բարկութիւնը:
4․ Անողորմ է զայրոյթը, բարկութիւնը՝ սաստիկ, բայց ոչ մէկից էլ պակաս չէ նախանձը:
5․ Բացայայտ յանդիմանութիւնը լաւ է սքօղուած բարեկամութիւնից:
6․ Լաւ է բարեկամի ապտակը, քան թշնամու նենգ համբոյրը:
7․ Կուշտ մարդն արհամարհում է խորիսխն ու մեղրը, բայց քաղցածի համար դառն բանն էլ քաղցր է թւում:
8․ Իր բոյնը լքած թռչունի նման՝ իր տեղից օտար վայր գնացած մարդն իրեն ստրուկ է զգում:
9․ Իւղով, խնկով եւ գինով զուարճանում է սիրտը, եւ հոգին թօթափւում է տրտմութիւնից:
10․ Քո բարեկամին, ինչպէս նաեւ հօրդ բարեկամին, մի՛ լքիր, եւ թշուառացած մի՛ մտնիր եղբօրդ տունը. մօտիկ բարեկամը լաւ է հեռու տեղ բնակուող եղբօրից:
11․ Իմաստո՛ւն եղիր, որդեա՛կ, որ քո սիրտն ուրախ լինի, քեզնից հեռո՛ւ վանիր նախատինքի խօսքերը:
12․ Խորագէտը տեսնում է գալիք չարիքը եւ խոյս է տալիս, բայց անզգամներն ընդառաջ են գնում եւ տուժում:
13․ Հագից հանի՛ր հանդերձանքը նրա, ով չափից անց է թշնամանք տածում, որովհետեւ նա ուրիշին էլ է ապականում:
14․ Ով առաւօտ կանուխ բարձր ձայնով գովում է բարեկամին, նա աւելի լաւ չէ, քան նրան անիծողը:
15․ Ինչպէս կաթոցը ձմեռային օրը մարդուն հանում է իր տնից, այնպէս էլ անզգամ կինն է իր տնից
դուրս հանում ամուսնուն:
16․ Խստաշունչ է հիւսիսային քամին, բայց յաջողութեան նշան է համարւում:
17․ Երկաթը երկաթ է խարտում, մարդն էլ՝ ընկերոջ երեսը:
18․ Թզենի տնկողը պիտի ուտի նրա պտուղը, իր տիրոջը պահողը պիտի պատիւ գտնի:
19․ Ինչպէս մարդկանց դէմքերը նման չեն իրար, այնպէս էլ նման չեն նրանց սրտերը:
20․ Ինչպէս անյագ են դժոխքն ու կորուստը, այնպէս էլ անյագ են ագահ մարդու աչքերը: Տիրոջ առջեւ պիղծ են յանդուգն աչքերով, խրատ չլսող եւ ցոփ լեզու ունեցող մարդիկ:
21․ Արծաթն ու ոսկին փորձում է հալոցը, իսկ մարդուն՝ նրան գովաբանողների բերանը: Անօրէնի սիրտը չարիքներ է որոնում, ուղիղ սիրտը փնտռում է գիտութիւն:
22․ Անզգամին կարող ես ծեծ տալ եւ անարգել ատեանում, բայց նրա անզգամութիւնը չես հեռացնի նրանից:
23․ Խելամտօրէն հոգատա՛ր եղիր քո հօտերի անասունների նկատմամբ, սրտացա՛ւ եղիր քո երամակների համար,
24․ որովհետեւ մարդու ուժը, զօրութիւնն ու իշխանութիւնը յաւիտենական չեն, եւ դրանք չեն տրւում սերնդից սերունդ:
25․ Խնամքո՛վ վարուիր դաշտի կանաչի հետ, որ խոտ հնձես,
26․ դալար խո՛տ հաւաքիր, որ ոչխարներդ գեղմնաբեր լինեն, եւ դաշտերը լա՛ւ պահիր, որ գառներ ունենաս:
27․ Որդեա՛կ, սովորի՛ր ինձնից այս զօրաւոր պատգամները քո տան ապրուստի եւ քո բարեկամների ապրուստի համար:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: