Գիրք` 25. Առակներ

Գլուխ 29

   
1․ Լաւ է յանդիմանող, քան յամառ մարդը, որովհետեւ եթէ սրան կրակը յանկարծակի հարուածի, փրկութիւն չի լինի:
2․ Երբ արդարները գովասանքի են արժանանում, ուրախանում են ժողովուրդները. արդարները հեծում են ամբարիշտների իշխանութեան տակ: 
3․ Իմաստութիւն սիրողը ուրախացնում է իր հօրը, մինչդեռ բոզարածը վատնում է նրա հարստութիւնը: 
4․ Արդար թագաւորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրէնը կործանում է այն:
5․ Ով կռիւ է փնտռում բարեկամի դէմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար:
6․ Մեղաւոր մարդու համար խիստ որոգայթ կը լարուի, բայց արդարը պիտի լինի ուրախութեան եւ խնդութեան մէջ:
7․ Արդարը գիտէ տնանկներին իրաւունքով դատել, բայց ամբարիշտը խելամուտ չի լինում այն գիտենալու մէջ, իսկ աղքատն էլ իրաւախոհ միտք չունի: 
8․ Անօրէն մարդիկ քաղաքը մատնում են կրակի, բայց իմաստունները վանում են բարկութիւնը:
9․ Իմաստուն մարդը դատում է ազգերին, բայց անզգամ մարդն իր բարկութեան մէջ ծաղրելի է
դառնում եւ չի պատկառում:
10․ Արիւնարբու մարդիկ ատում են արդարին, իսկ ուղղամիտները համակրանք են տածում նրա անձի նկատմամբ: 
11․ Անզգամն իր ողջ բարկութիւնը թափում է միանգամից, բայց իմաստունը համբերում է մեղմութեամբ:
12․ Այն թագաւորը եւ նրա հետ բոլոր նրանք, որ ականջ են դնում անիրաւութեան խօսքերին, անօրէններ են:
13․ Փոխ տուողը եւ փոխ առնողը հասնելու են նոյն տեղը, եւ երկուսին էլ առերեսելու է Տէրը:
14․ Տնանկներին արդարութեամբ դատող թագաւորի աթոռը միշտ հաստատուն պիտի մնայ:
15․ Ծեծն ու կշտամբանքն իմաստութիւն են տալիս. ճամփից շեղուած երեխան ամօթահար է անելու իր ծնողներին: 
16․ Ամբարիշտների բազմանալու դէպքում բազմապատկւում են յանցանքները, բայց արդարները ահով պիտի համակուեն նրանց կործանման ժամանակ: 
17․ Խրատի՛ր որդուդ, եւ նա քեզ հանգիստ պիտի պարգեւի եւ զարդ պիտի լինի հոգուդ համար:
18․ Անօրէն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրէնքը, նա երանելի է:
19․ Խօսքով չի խրատւում կամակոր ծառան, որ թէեւ հասկանում, բայց բանի տեղ չի դնում այն:
20․ Երբ յանդգնութեամբ խօսող մարդ տեսնես, իմացի՛ր, որ աւելի յոյս կայ անզգամի, քան նրա համար: 
21․ Ով փափկասուն է լինում մանկուց, պիտի ծառայ դառնայ եւ յետոյ մորմոքի ինքն իր մէջ:
22․ Անզգամ մարդը հակառակութիւն է գրգռում, հեզաբարոյ մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է դրանք: 
23․ Ամբարտաւանութիւնը պիտի նուաստացնի մարդուն, բայց Տէրը խոնարհներին պիտի արժանացնի փառքի:
24․ Ով բաժնեկից է դառնում գողերին, նա ատում է իր հոգին. նրանք երդում են տալիս, որ իմացածի մասին չպատմեն,
25․ բայց մարդկանցից ունեցած վախի եւ ամօթի պատճառով պիտի յայտնեն եւ կործանուեն. իսկ ով յոյսը դրել է Տիրոջ վրայ, պիտի ուրախ լինի: Ամբարշտութիւնը մարդուն գցում է գայթակղութեան մէջ, բայց ով ապաւինում է Տիրոջը, պիտի փրկուի:
26․ Շատերն են հաճոյախօսում իշխաններին, բայց մարդուս իրաւունքը բխում է Տիրոջից: 
27․ Արդարի համար պիղծ է անօրէն մարդը, իսկ անօրէնի համար պիղծ է ուղիղ ճանապարհը: