1. Ճիւղառատ պտղալից որթատունկ է Իսրայէլը. նա իր պտուղների առատութեան չափ բազմացրեց իր զոհասեղանները, իր պարարտութեան չափ արձաններ կանգնեցրեց:
2. Նրանք բաժանեցին իրենց սրտերը, նրանք կ՚ապականուեն: Նա կը կործանի նրանց զոհասեղանները, ողբալի կը դառնան նրանց արձանները,
3. քանի որ հիմա կ՚ասեն. «Թագաւոր չունենք, որովհետեւ Տիրոջից չվախեցանք, բայց թագաւորը ի՞նչ կարող է անել մեզ համար»:
4. Եթէ խօսքեր ասի՝ ստայօդ են. ուխտ կը կնքի, եւ արդարադատութիւնը որպէս սէզ կ՚աճի ագարակի անմշակ հողում:
5. Ովնի տան հորթի պէս պանդուխտ կը դառնան Սամարիայի բնակիչները, որովհետեւ նրա ժողովուրդը սուգ արեց նրա վրայ. եւ ինչպէս որ դառնացրին նրան, ոտնակոխ կը լինեն նրա փառքի համար, քանի որ գերուեցին նրա կողմից:
6. Եւ նրան կապկպած Ասորեստան կը տանեն որպէս նուէր Յարիմ արքային: Նա կաշառքով կ՚ընդունի Եփրեմին. Իսրայէ լը կ՚ամաչի իր խորհուրդներից:
7. Սամարիան մերժեց իր թագաւորին, ինչպէս տաշեղ ջրի երեսին:
8. Կը վերանան Ովնի մեհեանները՝ Իսրայէլի մեղքերը, փուշ ու տատասկ կը բուսնեն նրանց զոհասեղաններին, եւ լեռներին կ՚ասեն, թէ՝ «Ընկէ՛ք մեզ վրայ» եւ բլուրներին, թէ՝ «Ծածկեցէ՛ք մեզ»:
ԱՍՏՈՒԱԾ ՅԱՅՏՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻ ՎՃԻՌԸ
9. «Այն օրից, երբ բարձունքները գոյութիւն ունեն, Իսրայէլը մեղք գործեց: Այնտեղ տեղաւորուեցին նրանք: Եւ բարձունքի վրայ չի հասնի նրանց պատերազմը,
10. որ եկաւ խրատելու նրանց անօրէնութեան որդիների դէմ. ազգերը կը հաւաքուեն նրանց դէմ՝ խրատելու նրանց իրենց կրկնակի անիրաւութիւնների համար:
11. Եփրեմը մարզուած երինջ է, որ սիրում է հակառակութիւնը, բայց ես կը նետուեմ նրա գեղեցիկ պարանոցի վրայ, կը բարձրանամ Եփրեմի վրայ, կ՚անտեսեմ Յուդային, եւ Յակոբը կը յաղթի նրան:
12. Ձեզ համար արդարութեան սերմեր ցանեցէ՛ք եւ կենաց պտուղ քաղեցէ՛ք. վառեցէ՛ք ձեզ համար գիտութեան լոյսը, փնտռեցէ՛ք Տիրոջը, մինչեւ որ արդարութեան պտուղները հասնեն ձեզ:
13. Ինչո՞ւ էք փորփրում ամբարշտութիւնը, փխրեցնում նրա անօրէնութիւնները եւ ուտում ստութեան պտուղը. որովհետեւ յոյս դրեցիր քո կառքերի վրայ, քո զօրքի բազմութեան վրայ:
14. Քո ժողովուրդը կորստեան կը մատնուի, եւ քո բոլոր պարսպապատ ամրոցները կը կործանուեն: Ինչպէս Յերոբովաղի տնից Սաղաման իշխանի պատերազմի ժամանակ, երբ մայրերին սպանեցին որդիների կողքին,
15. այդպէս էլ կ՚անեն ձեզ, ո՛վ Իսրայէլի տուն, ձեր չարիքների պատճառով»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: