Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 24

ԵՐՈՒՍԱՂԷՄԸ՝ ԺԱՆԳՈՏ ԿԱԹՍԱՅ
   
1. Տէրը խօսեց ինձ հետ իններորդ տարում, տասներորդ ամսին, ամսուայ տասներորդ օրը եւ ասաց.
2. «Մարդո՛ւ որդի, նշա՛ն արա, գրի՛ր քեզ մօտ այն օրը, երբ բաբելացիների թագաւորը յարձակուեց Երուսաղէմի վրայ.
3. ճիշտ այդ օրից այս առակը կը պատմես դառնացնողների տանն ու կ՚ասես նրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուած. Մի կաթսա՛յ շինիր, շինի՛ր եւ մէջը ջո՛ւր լցրու:
4. Դի՛ր մէջը մսի բոլոր մասերը, բոլոր յօշուած գեղեցիկ կտորները՝ ազդրն ու զիստը:
5. Ընտիր-ընտիր անասունների կտրտուած ոսկորները կ՚առնէք, կաթսայի տակ կ՚այրէք: Թող եռայ, շատ եռայ, նրա մէջ թող եփուեն ոսկորները»:
6. Ահա այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ո՛վ արիւնահեղ քաղաք, կաթսայ՝ լի ժանգով. ժանգն էլ նրա վրայից դեռ չի անցել: Կտոր-կտոր մսեր դուրս է հանել դրանից. վիճակ էլ չի գցել նրա վրայ,
7. որովհետեւ նրա արիւնը դեռ նրա մէջ է: Սալաքարի վրայ եմ դրել այն, այլ ոչ թէ գետին թափել՝ հողով ծածկելու համար,
8. մինչեւ որ իմ զայրոյթն ելնի՝ վրէժխնդրութիւն պահանջելու: Արիւնն էլ դրել եմ սալաքարի վրայ, որ չծածկուի»:
9. Դրա համար այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Վա՜յ քեզ, քաղա՛քդ արիւնների.
10. փայտն էլ եմ շատացնելու, այրողն էլ բազմացնելու, հուրն էլ բորբոքելու եմ, որ միսը հալուի, արգանակը թուլանայ, ոսկորները փխրուեն.
11. իր կրակի վրայ թող մնայ: Կրակը թող բորբոքուած լինի, որ վառուի ու տաքանայ, հալուի պղինձը, նրա պղծութիւնն էլ՝ նրա մէջ: Թող պակասի ու թուլանայ նրա ժանգը:
12. Բայց նրա ուժեղ ժանգը միջից թող դուրս չգայ, այլ իբրեւ ամօթանք մնայ արգանակի մէջ
13. այն բանի համար, որ պղծութեամբ էիր անում դու: Եւ դու չես մաքրուելու քո պղծութիւնից: Ինչպէ՞ս կարող ես մաքրուել,  քանի դեռ չեմ յագեցրել քո հանդէպ իմ զայրոյթը:
14. Ես՝ Տէրս խօսեցի: Ու գալու է օրը, անելու եմ այդ ու չեմ խորշելու, ոչ էլ ողորմելու եմ կամ զղջալու, այլ ըստ քո բռնած ճանապարհի ու քո վարմունքի էլ պատժելու եմ քեզ», - ասում է Ամենակալ Տէրը: - «Ուստի քեզ պատժելու եմ ըստ քո թափած արեան, ըստ քո մտածումների եմ պատժելու քեզ, ո՛վ պիղծդ ու անուանարկեալդ, որ սաստկացրել ես ինձ դառնացնելը»»:
   
ԵԶԵԿԻԷԼ ՄԱՐԳԱՐԷԻ ՍՈՒԳԸ
   
15. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
16. «Մարդո՛ւ որդի, ահա ես պատերազմով վերացնում եմ քո աչքին ցանկալի եղածը, իսկ դու չկոծես ու չողբաս, քեզնից թող արցունք դուրս չգայ,
17. որովհետեւ հեծութիւնն արեան ու սուգի մէջ է: Թող վարսերդ չհիւսուեն, ոտքերդ կօշիկների մէջ լինեն, չմխիթարուես նրանց շուրթերի խօսքերով ու չուտես մարդկանց հացը»:
18. Առաւօտեան խօսեցի ժողովրդի հետ, ինչպէս որ պատուիրել էր ինձ Տէրը: Իսկ երեկոյեան կինս մեռաւ: Յաջորդ առաւօտեան այնպէս արեցի, ինչպէս որ Նա պատուիրել էր ինձ:
19. Եւ ժողովուրդն ասաց ինձ. «Չես պատմում մեզ, թէ այդ ի՞նչ ես անում»:
20. Ու ասացի նրանց. «Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
21. «Ասա՛ Իսրայէլի տանը. այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես աւերելու եմ իմ սրբարանը՝ ձեր զօրութեան պարծանքը, ձեր աչքին ցանկալի եղածը, նաեւ այն, որին խնայում են ձեր հոգիները: Ձեզանից մնացած տղաներն ու աղջիկները սրով են ընկնելու:
22. Դուք էլ անելու էք այնպէս, ինչպէս ես եմ արել. նրանց բերանի խօսքերով չէք մխիթարուելու,
23. մարդկանց հացն էլ չէք ուտելու: Ձեր վարսերը լինելու են ձեր գլուխներին, կօշիկները՝ ձեր ոտքերին: Չէք կոծելու եւ ողբալու, հալուելու-մաշուելու էք ձեր անիրաւութիւնների մէջ, եւ իւրաքանչիւրն իր եղբօրը չի մխիթարելու:
24. Եզեկիէլը ձեզ համար մի նշան է լինելու. ինչ որ ինքն անի, նրա օրինակով դուք էլ նոյնն էք անելու: Ու երբ դա կատարուի՝ պիտի իմանաք, որ ես եմ Ամենակալ Տէրը:
25. Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. չէ՞ որ այն օրը, երբ դրանցից վերացնեմ իրենց զօրութիւնը, հպարտութիւնն ու պարծանքը, իրենց աչքին ցանկալի եղածը, հոգիների հպարտութիւնը, նրանց տղաներին ու աղջիկներին, -
26. չէ՞ որ այդ օրը փրկուածը քեզ մօտ է գալու՝ քո ականջներին գոյժը հաղորդելու:
27. Այն օրը փրկուածի առջեւ բացուելու է բերանդ, խօսելու ես ու այլեւս համր չես մնալու, նրանց համար նշան ես լինելու. եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»»: