Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Մի՛ կարծեք, թե Ես եկել եմ ջնջելու օրենքը կամ մարգարեներին. Ես եկել եմ ոչ թե ջնջելու, այլ կատարելու»։
Բայց ո՞վ էր մտածում այդ մասին։ Կամ ո՞վ էր Նրան (Հիսուսին) մեղադրում դրա համար և ստիպում այսպիսի պատասխան տալ։ Նրա ասած խոսքերը բոլորովին չէին առաջացնում նմանօրինակ մտածումներ, Նրա պատվիրանները՝ լինել խոնարհ, խաղաղ, ողորմած, սրտով մաքուր և պայքարել արդարության համար, բնավ նման «կասկածներ» չէին առաջացնում, այլ, ընդհակառակը, նույնիսկ բոլորովին հակառակը։ Ուրեմն, Հիսուս ինչո՞ւ ասաց այս խոսքերը։ Անկասկած, ոչ առանց պատճառի և ոչ առանց նպատակի։ Պատճառն այն էր, որ Քրիստոս մտադիր էր տալ ավելի վսեմ պատվիրաններ, քան հին օրենքներն էին (ինչպես երևում է Նրա խոսքերից. «Դուք լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. «Մի´ սպանիր»… Բայց Ես ասում եմ ձեզ. «Մի´ բարկացեք» (հմմտ. Մատթ. 5:21-22): Այլև, Հիսուս մտադիր էր ճանապարհ հարթել դեպի աստվածային, երկնային կենսակերպը, ուստի, որպեսզի Իր այս վարդապետության նորելուկությունը չխռովեր ունկնդիրների սրտերը և նրանց մեջ կասկածներ չհարուցեր Իր պատգամների վերաբերյալ, այդ նպատակով Քրիստոս Իրեն լսողներին նախապես զգուշացնում է հետևյալ խոսքերով. «Մի՛ կարծեք, թե Ես եկել եմ ջնջելու (խախտելու) օրենքը կամ մարգարեներին»։
Հրեաները, թեև չէին պահում օրենքը, այնուամենայնիվ, մեծ հարգանք ունեին դրա հանդեպ և, չնայած որ ամեն օր խախտում էին այդ օրենքներն իրենց գործերով, այնուամենայնիվ, ցանկանում էին, որ Սուրբ Գիրքն անձեռնմխելի մնար ու ոչ ոք ոչինչ չավելացներ դրան։ Դրա հետ մեկտեղ, սակայն, հրեաները խստորեն հետևում էին նաև իրենց առաջնորդների կողմից ավելացված որոշ կանոններին, թեև դրանք ոչ թե բարելավում էին, այլ վատթարացնում էին իրավիճակը։ Այսպես, օրինակ, այդ լրացումների պատճառով խախտվում էր ծնողների հանդեպ պատշաճ հարգանքը, և շատ այլ պարտականություններ էին խաթարվում այդ անտեղի լրացումներով։
Այսպես, քանի որ Քրիստոս քահանայական ցեղից չէր ծագում, և այն, ինչ Նա մտադիր էր ներմուծել օրենքի մեջ, մի լրացում էր, որը, սակայն, ոչ թե նվազեցնում էր առաքինության շեմը, այլ էլ առավել էր բարձրացնում այն, ուստի Հիսուս Ինքը նախապես իսկ ակնկալում էր, որ թե՛ մեկ, թե՛ մյուս հանգամանքներն էլ կարող էին խռովել նրանց սրտերը։ Ուստի, նախքան Իր այս սքանչելի օրենքներն ուրվագծելը, Քրիստոս հերքում է այն բոլոր տարակուսանքները, որոնք կարող էին թաքնված լինել Իր ունկնդիրների մտքերում։ Ինչի՞ց կարող էին բաղկացած լինել նրանց կասկածներն ու առարկությունները։ Հրեաները կարծում էին, որ Քրիստոս այս լրացումները կատարում էր՝ հին օրենքի կանոնները չեղարկելու համար։ Հենց այս կասկածն էլ Նա վերացնում է Իր այս խոսքով։ Հիսուս այդպես է վարվում ոչ միայն այստեղ, այլ նաև այլ պարագաներում։ Այսպես, օրինակ, երբ հրեաները Նրան Աստծու հակառակորդ էին համարում՝ շաբաթ օրը խախտելու համար, Հիսուս, այդ կարծիքը հերքելու և Իրեն պաշտպանելու նպատակով, մի դեպքում Իրեն ներկայացնում է որպես Աստծու Որդի` Աստվածորդուն վայել հետևյալ խոսքերն ասելով Ինքն Իր մասին. «Իմ Հայրը մինչ այժմ գործում է, ուրեմն Ես ևս գործում եմ» (Հովհ. 5:17), իսկ մյուս դեպքում՝ խոնարհությամբ լեցուն խոսքեր արտաբերելով, ինչպես օրինակ այն ժամանակ, երբ ցույց է տալիս, որ շաբաթ օրը կորած ոչխարի փրկության համար կարելի է նաև օրենքի խախտում թույլ տալ: Կամ էլ, օրինակ, երբ մատնացույց է անում շաբաթ օրերին նույնպես կատարվող թլփատությունների մասին (տե´ս Մատթ. 12:11-12)։ Ահա թե ինչու է Հիսուս հաճախ այդպես խոնարհաբար խոսում. վերացնելու համար հրեաների ա´յն կարծիքը, թե Ինքն Աստծուն հակառակ է գործում։
Դրա համար է, որ Ղազարոսին գերեզմանից կանչելիս Նա աղոթքով է դիմում Աստծուն, չնայած նրան, որ նախկինում միայն մեկ խոսքով բազմաթիվ մեռյալների էր հարություն տվել (տե´ս Հովհ. 11:41)։ Իսկ որպեսզի հրեաներն այս խոսքերից էլ չենթադրեին, թե Քրիստոս ավելի ցածր է, քան Իր Հայրը, ուստի Հիսուս, կանխելով նմանօրինակ եզրակացությունը, ավելացնում է. «Ասացի [սա] այստեղ կանգնած ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ Դու ես Ինձ ուղարկել» (հմմտ. Հովհ. 11:42)։
Այսպիսով, Քրիստոս ոչ բոլոր հրաշքներն է գործում որպես լիիրավ Տեր՝ Իր մասին հրեաների սխալ կարծիքը շտկելու համար: Բայց նաև, յուրաքանչյուր հրաշքից առաջ Աստծուն աղոթքով չի դիմում, որպեսզի հետագայում չառաջացնի այն թյուր կարծիքը, թե Ինքը թույլ և անզոր է։ Հիսուս որոշ դեպքերում վարվում է այսպես, որոշ դեպքերում էլ՝ այնպես, և դա անում է ոչ առանց խորաթափանցության, այլ Իրեն բնորոշ իմաստությամբ։ Առավել նշանակալից հրաշքները Հիսուս կատարում է որպես գերիշխան Տեր, իսկ «պակաս կարևոր» հրաշքների դեպքում Իր հայացքը դեպի երկինք է բարձրացնում։ Այսպես, օրինակ, երբ Հիսուս ներում էր մեղքերը, բացահայտում էր գաղտնիքները, բացում էր դրախտը, վռնդում էր դևերին, մաքրում էր բորոտներին, ոտնակոխ էր անում մահը, հարություն էր տալիս բազմաթիվ մեռյալների, այդ ամենը Նա կատարում էր միայն մեկ հրամանով, բայց երբ բազմացնում էր հացը, ինչը «պակաս կարևոր» հրաշքների թվին կարելի է դասել, Հիսուս դիմում էր դեպի երկինք։ Ակնհայտ է, որ Քրիստոս այդպես չէր վարվում թուլությունից դրդված։ Իրոք, եթե Նա կարող էր ավելի մեծ հրաշագործություններ Իր գերիշխող զորությամբ, ապա ի՞նչ կարիք կար աղոթքի կանգնել՝ համեմատաբար առավել «պակաս կարևոր»-ի համար։
Անկասկած է, որ Հիսուս դա անում էր, ինչպես արդեն ասացի, հրեաների անամոթությունը զսպելու համար։ Դու նույնը պետք է մտածես նաև այն դեպքերի վերաբերությամբ, երբ լսում ես, որ Նա խոնարհությամբ է խոսում: Հիսուս բազմաթիվ պատճառներ ուներ այդպես խոսելու և գործելու համար, ինչպես, օրինակ, նպատակ ունենալով այնպես անել, որ հրեաներն Իր մասին չմտածեին, թե Ինքը գործում է հակառակ Աստծու կամքին: Դարձյալ, Քրիստոս այս կերպ էր վարվում` բոլորին խրատներ և բժշկություն շնորհելու, խոնարհություն ուսուցանելու համար, այս կերպ էր վարվում, որպեսզի ցույց տար Իր մարմնավորված լինելը, նաև ա´յն, որ հրեաներն անկարող էին ամեն ինչ միանգամից ընդունելու, ինչպես նաև` նրանց սովորեցնելու համար, որ իրենք իրենց մասին չափազանց մեծ կարծիքի չլինեն։ Այս պատճառներից ելնելով` Հիսուս հաճախ Ինքն Իր մասին խոսում էր խոնարհությամբ՝ թույլ տալով, որ ուրիշնե´րը խոսեն Իր մեծագործությունների մասին։
Այսպես, Նա Ինքը, հրեաների հետ խոսելով, ասում է. «Աբրահամի լինելուց առաջ էի Ես» (հմմտ. Հովհ. 8:58), մինչդեռ Քրիստոսի աշակերտն այդ մասին այսպես է ասում. «Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մոտ էր, և Բանը Աստված էր» (Հովհ. 1:1)։
Եվ դարձյալ, Քրիստոս անձամբ ոչ մի տեղ բացեիբաց չի ասում, թե Ինքն է ստեղծել երկինքը, երկիրը, ծովը և տեսանելի ու անտեսանելի ամեն բան: Իսկ ահա Հիսուսի աշակերտը դա ասում է համարձակորեն ու առանց երկմտելու, և ոչ թե միայն մեկ կամ երկու անգամ, այլ բազմիցս. «Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրան չեղավ ոչինչ, որ եղել է»: Նաև՝ «Աշխարհի մեջ էր, և աշխարհը Նրանով եղավ» (Հովհ. 1:3,10): Եվ ինչո՞ւ պետք է զարմանալ այն բանի համար, որ ուրիշները Հիսուսի մասին շատ ավելին են ասել, քան Նա Ինքը` այն դեպքում, երբ Հիսուս, շատ բաներ, բացեիբաց խոսքերով չարտահայտելով, ցույց է տվել Իր գործերով։
Այն, որ Քրիստոս ստեղծել է մարդուն, Նա հստակ ապացուցեց կույրի բժշկությամբ. Սակայն, խոսելով արարչության սկզբում մարդու ստեղծման մասին, Հիսուս չասաց՝ «Ես ստեղծեցի», այլ՝ «Նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ ստեղծեց նրանց» (Մատթ. 19:4)։ Նույն կերպ նաև, այն, որ Քրիստոս Ինքն է ստեղծել աշխարհը և դրանում եղած ամեն բան, Նա ապացուցեց ձկնորսության դրվագում, այն ժամանակ, երբ ջուրը գինու վերածեց, հացերի բազմացման ժամանակ, ծովի փոթորիկը խաղաղեցնելով, այն ճառագայթող լույսով, որը փայլատակում էր Իր խաչի վրայից, ինչպես և բազմաթիվ այլ հրաշքներով։ Եվ չնայած Հիսուս Ինքն Իր խոսքերով երբևէ բացահայտորեն չի արտահայտել այս մտքերը, սակայն Նրա աշակերտները՝ Հովհաննեսը, Պողոսը և Պետրոսը, շատ հաճախ են խոսում դրա մասին։
Եթե նույնիսկ այդ աշակերտները, որոնք օր ու գիշեր լսում էին Հիսուսի քարոզություններն ու տեսնում էին Նրա հրաշքները` այն դեպքում, երբ հրաշքներից շատերին Հիսուս առանձնաբար մասնակից էր դարձնում միայն հիշյալ աշակերտներին, նրա´նց էր տվել մեռյալներին հարություն տալու զորությունը և, վերջապես, այս աշակերտներին այնքան կատարյալ էր դարձրել, որ նրանք հանուն Քրիստոսի թողել էին ամեն ինչ, սակայն եթե նույնիսկ նրա´նք, առաքինության և իմաստության այդպիսի աստիճանի հասնելով, դեռևս չէին կարող լիովին ըմբռնել ամենը, քանի դեռ չէին ստացել Սուրբ Հոգու պարգևները, ապա ուրեմն ինչպե՞ս կարող էր Քրիստոսի վկայությունները լիովին ըմբռնել հրեա ժողովուրդը, որը ո՛չ առաքյալների չափ գիտելիքներ ուներ, ո՛չ էլ նմանօրինակ առաքինություններ: Չէ՞ որ այս հրեա ժողովուրդը երբեմն-երբեմն միայն ականատես էր լինում այն ամենին, ինչ Քրիստոս գործում կամ ասում էր. այդ դեպքում ուրեմն հրեաներն ինչպե՞ս կհամոզվեին, որ Հիսուս գործում էր ամենակալ Աստծու կամքին համապատասխան, եթե Հիսուս Ի´նքը ամեն ինչում խոնարհություն չցուցաբերեր։ Ահա թե ինչու, երբ, օրինակ, Հիսուս խախտեց շաբաթը, այդժամ անմիջապես շաբաթը չպահելու նոր օրենք «չներմուծեց», այլ նախապես ներկայացրեց բազմաթիվ և տարատեսակ պատճառներ։ Եթե նույնիսկ մեկ պատվիրան չեղարկելու մտադրությամբ Հիսուս այդպիսի զգուշություն էր ցուցաբերում Իր խոսքերում, որպեսզի կասկած չառաջացներ Իր ունկնդիրների մտքում, ապա այնժամ, երբ Նա ամբողջ հին օրենքին ավելացնում էր միանգամայն նոր օրենքներ, որչափ առավել մեծ անհրաժեշտություն պետք է տեսներ` Իրեն ունկնդրողներին նախապատրաստելու և նրանց վիճակը պատկերացնելու համար, որպեսզի չխռովեր նրանց հոգիները։
Այս միևնույն պատճառով էլ Հիսուս Իր Աստվածության մասին ամենուր բացահայտորեն չի խոսում։ Իսկապես որ, եթե օրենքին լրացումների հավելումն այդպես անհանգստացնում էր հրեաներին, ապա մի՞թե Հիսուսի՝ Իրեն Աստված հռչակելը շատ ավելի չէր վրդովվեցնի նրանց։ Դրա համար է, որ Քրիստոս Իր աստվածային արժանավորությունից շատ ու շատ ավելի խոնարհ խոսքեր է արտաբերում։ Նույն կերպ և այստեղ, մտադիր լինելով լրացնել օրենքը, Հիսուս դրան մոտենում է մեծ զգուշությամբ։ Բավական չհամարելով միայն մեկ անգամ ասեը՝ «Ես չեմ խախտում օրենքը», Նա դա կրկնում է ևս մեկ անգամ, ընդ որում՝ առավել մեծ արտահայտչականությամբ։ Ասելով՝ «Մի՛ կարծեք, թե Ես եկել եմ ջնջելու (խախտելու)...», այդուհետև էլ ավելացնում է. «Ես եկել եմ ոչ թե ջնջելու (խախտելու), այլ կատարելու»։
Քրիստոսի այս խոսքերը ոչ միայն զսպում են հրեաների անամոթությունը, այլև փակում են հերետիկոսների բերանները, որոնք պնդում էին, թե հին օրենքը սատանայից է ծագել։ Մինչդեռ, իսկապես որ, եթե Քրիստոս եկել էր ոչնչացնելու սատանայի իշխանությունը, ապա ուրեմն ինչպե՞ս կարող էր պատահել, որ Նա ոչ միայն չոչնչացներ, այլ նաև` գործադրեր այդ իշխանությունը։ Ուստի Հիսուս ոչ թե միայն ասաց՝ «չեմ խախտում այն», թեև դա էլ լիովին բավական կլիներ, այլ նաև ավելացրեց՝ «կատարում եմ» («լրացնում եմ»), ինչը ցույց է տալիս, որ Նա ոչ միայն չէր ընդդիմանում օրենքին, այլև նույնիսկ հաստատում էր այն։ Բայց այդ ինչպե՞ս, - կհարցնես դու, - Նա չխախտեց օրենքը։ Եվ ինչպե՞ս կատարեց օրենքը կամ մարգարեների խոսքերը։ Մարգարեների խոսքերը կատարեց` Իր գործերով հաստատելով այն ամենը, ինչ նրանք ասել էին Իր մասին, և այս իսկ պատճառով էլ Ավետարանիչը մշտապես ասում է. «Որպեսզի կատարվի մարգարեների միջոցով ասվածը» (Մատթ. 2:23): Սա վկայվեց այնժամ, երբ, օրինակ, Հիսուս ծնվեց, երբ մանուկները Նրան հրաշալի օրհներգություն ձոնեցին, երբ Հիսուս բազմեց ավանակի վրա։ Եվ շատ այլ դեպքերում Նա կատարեց մարգարեությունները, որոնք բոլորն էլ անկատար կմնային, եթե Հիսուս լույս աշխարհ չգար։
Իսկ ահա օրենքը Քրիստոս իրագործեց ոչ թե մեկ, այլ երեք տեսակի հարաբերակցությամբ։ Նախ՝ Հիսուս ոչնչով չխախտեց օրենքը։ Համոզվելու համար, որ Քրիստոս կատարել է ամբողջ օրենքը, լսի´ր, թե Նա ինչ է ասում Հովհաննեսին. «…որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք [Աստծու] ամեն արդարություն» (Մատթ. 3:15)։ Նույն կերպ և հրեաներին Հիսուս ասում էր. «Ձեզանից ո՞վ կհանդիմանի Ինձ անարդարության մեջ» (հմմտ. Հովհ. 8:46): Դարձյալ, նաև Իր աշակերտներին ասաց. «Գալիս է այս աշխարհի իշխանը և Իմ վրա ոչ մի իշխանություն չունի» (Հովհ. 14:30)։ Հնուց ի վեր մարգարեն Քրիստոսի մասին կանխագուշակել էր, որ Նա «մեղք չի գործելու» (տե´ս Ես. 53:9)։ Եվ այսպես, ահա´ այն առաջին եղանակը, ըստ որի Հիսուս կատարեց օրենքը։
Երկրորդ եղանակն այն էր, որ Քրիստոս կատարեց օրենքը մե´զ համար։ Իսկապես զարմանքի է արժանի, որ Նա ոչ միայն Ինքն է կատարել օրենքը, այլև մեզ է շնորհել դրա կատարման հնարավորությունը (շեշտադրելով դրա անհրաժեշտությունը), ինչպես դա բացատրում է Պողոսը՝ ասելով, որ «Քրիստոս է օրենքի վախճանը բոլոր հավատացյալների արդարացման համար» (Հռոմ. 10:4), և որ Նա «մարմնի մեջ դատապարտեց մեղքը, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, մե´ր, որ ըստ մարմնի չենք ընթանում» (հմմտ. Հռոմ. 8:3-4): Եվ մեկ այլ տեղում. «Արդ, այս հավատով միթե ի չի՞ք ենք դարձնում օրենքը. քա՛վ լիցի. ընդհակառակը, օրենքն ենք հաստատում» (Հռոմ. 3:31)։ Քանի որ օրենքի նպատակը մարդուն արդարացնելն էր, ինչն անել, սակայն, օրենքն ինքնին չէր կարող, ուստի այդ նպատակն իրագործեց Ինքը` Տերը՝ երկիր իջնելով և հաստատելով հավատի միջոցով արդարացման ճանապարհը։ Եվ այն, ինչն օրենքը չէր կարող անել «տառերի» միջոցով, Ինքը` Քրիստոս իրականացրեց հավատի´ միջոցով, և հենց այդ պատճառով էլ Նա ասում է. «Չեմ եկել խախտելու օրենքը…»։
Եթե ինչ-որ մեկը մանրակրկիտ ուսումնասիրի, կգտնի օրենքի կատարման երրորդ եղանակը։ Ի՞նչ հարաբերակցությամբ այն կարող ենք դիտարկել. այն նոր օրենքի հաստատումով, որը Քրիստոս պետք է տար։ Իրոք որ, Հիսուսի ուսմունքը չէր ոչնչացնում նախկին օրենքը, այլ առավել բարձրացնում և լրացնում էր այն։ Այսպես, օրինակ, «մի´ սպանիր» պատվիրանը չի վերացվում «մի´ բարկացիր» պատվիրանով. ընդհակառակը, վերջինը ծառայում է առաջինի լրացմանն ու ամրապնդմանը։ Նույնը պետք է ասել մյուս բոլոր պատվիրանների մասին։ Իր այս նոր ուսուցման առաջին սերմերը ցանելիս՝ Քրիստոս որևէ կասկած չառաջացրեց Իր նկատմամբ, սակայն այժմ, երբ Նա սկսեց համեմատել հին օրենքը նորի հետ, Նրա հանդեպ ավելի շատ կասկածանքներ կարող էին հարուցվել` հին օրենքին հակասելու մեղադրանքով, ուստի և Հիսուս նախապես ևեթ ասաց. «Չեմ եկել ջնջելու, այլ կատարելու»։
Իրոք որ, այժմ առաջարկվող պատվիրանները հիմնված էին արդեն իսկ նախկինում ասված պատվիրանների վրա։ Այսպես, օրինակ, «երանի հոգով աղքատներին» (Մատթ. 5:3) խոսքերը նույն նշանակությունն ունեն, ինչ չբարկանալու մասին հրամանը: «Երանի սրտով մաքուրներին» (Մատթ. 5:8) պատվիրանը նույն միտքն ունի, ինչ կնոջ վրա ցանկությամբ նայելու արգելքը: Երկրի վրա գանձեր չդիզելու պատվիրանը համապատասխանում է «երանի ողորմածներին» (Մատթ. 5:7) խոսքերին։ Սգալը (լաց լինելը), հալածանքներն ու նախատինքները կրելը նույնն է, ինչ նեղ դռնով ներս մտնելը: Արդարության քաղցն ու ծարավն ունենալը նույն իմաստն է բովանդակում, ինչ «այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց» (Մատթ. 7:12) պահանջը։
Երբ Քրիստոս երանի է տալիս խաղաղարարին, դա գրեթե նույն խորհուրդն է արտահայտում, ինչ մատուցվելիք ընծան կիսատ թողնելու և վիրավորված եղբոր հետ հաշտվել փութալու ու հակառակորդի հետ լեզու գտնելու պատվիրանը։ Տարբերությունը միայն այն է, որ այնտեղ Քրիստոս պարգևներ է խոստանում Իր պատվիրանները կատարողներին, իսկ այստեղ դրանք խախտողներին սպառնում է պատժով։ Այնտեղ ասում է, որ հեզերը ժառանգելու են երկիրը, իսկ այստեղ ասում է, որ նա, ով իր եղբորը հիմար անվանի, արժանանալու է գեհենի կրակին։ Այնտեղ ասում է, որ սրտով մաքուրները տեսնելու են Աստծուն, իսկ այստեղ՝ որ նա, ով անմաքուր հայացքով է նայում կնոջ վրա, արդեն իսկ շնանում է…
Այնտեղ խաղաղարարներին անվանում է Աստծու որդիներ, իսկ այստեղ՝ խաղաղության դեմ մարտնչողներին վախեցնում է հետևյալ խոսքերով՝ «որպեսզի հակառակորդը քեզ դատավորին չհանձնի…» (հմմտ. Մատթ. 5:25)։ Այնտեղ երանելի է անվանում սգացողներին և հալածանքներ կրողներին, իսկ այստեղ, նույնը հաստատագրելով, սպառնում է կորստյան մատնել նրա´նց, ովքեր չեն ընթանում այդ ճանապարհով, քանի որ, - ասում է, - ովքեր գնում են լայն ճանապարհով, կործանվում են։ Նմանապես նաև` «Դուք չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մատթ. 6:24) խոսքերը, ինձ թվում է, նման են «երանի ողորմածներին» (Մատթ. 5:7) և «…արդարության ծարավն ունեցողներին» (Մատթ. 5:6) օրհնություններին։
Այստեղ, սակայն, ինչպես վերևում նշեցի, Տերը մտադիր է նախկինում ասվածը ավելի հստակ ձևակերպել, և ոչ միայն ավելի հստակ, այլ նաև` լրացումներով։ Այսպես, օրինակ, Հիսուս ո´չ միայն պատվիրում է լինել ողորմած, այլ նաև` խնդրողին տալ մինչև իսկ սեփական վերնաշապիկը: Ո´չ միայն լինել խոնարհ, այլև նրան, ով ցանկանում է հարվածել քո մի այտին, մյուս ա´յտն էլ առաջարկել։ Հենց այդ պատճառով էլ, որպեսզի կանխի թվացյալ հակասությունը, Քրիստոս ասում է, որ Ինքը չի եկել օրենքը խախտելու, և դա կրկնում է, ինչպես ավելի վաղ ասացի, ոչ թե միայն մեկ անգամ, այլ երկու անգամ, և ասելով. «Մի՛ կարծեք, թե Ես եկել եմ ջնջելու…»` այնուհետ ավելացնում է. «Չեմ եկել ջնջելու, այլ կատարելու»։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
«Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու:
Մի՛ համարեք, թե եկա խափանելու Օրենքը [կամ Մարգարեներին. խափանելո՛ւ չեկա, այլ լրացնելո՛ւ 1]:
Իր վարդապետության սկզբում [Տերն] ի դեմս Իր աշակերտների խոսեց, [երբ ասաց]. «Երանի՜ հոգով աղքատներին», «Երանի՜ սգավորներին» և «Դուք եք աշխարհի լույսը», «Դուք եք երկրի աղը»: Իսկ այժմ, ասելով «Մի՛ համարեք, թե եկա խափանելու Օրենքը», հավանաբար օրենսգետներին ու փարիսեցիներին է դիմում, ովքեր ժողովրդի հետ այդ լեռան վրա էին գտնվում՝ լսելու, թե [Հիսուսն] ինչ է խոսում: Կամ էլ նրանց ընդհանուր կարծիքի դեմ է պատասխան տալիս, որ կարծում էին, թե Նա Աստծուն հակառակ է և [Մովսիսական] օրենքի խափանիչ: Բայց եթե մեկը համարի, թե սա էլ, ինչպես նախորդ խոսքերը, ուղղված է աշակերտներին, անպատշաճ չի լինի, որովհետև փոքր–ինչ հետո, խոսքը շարունակելով, [Տերն] ասում է. «Եթե ձեր արդարությունն ավելի չլինի, քան օրենսգետներինն ու փարիսեցիները, արքայություն չեք մտնի»: Քանի որ աշակերտները նախ այդ Օրենքով էին արդարություն գործում ու դրա մեջ էին հաստատված, ուստի, որպեսզի չկարծեին, թե [Հիսուսը] դա վերացնում ու դրան հակառակ մի ուրիշ [օրենք] է Իրենից հաստատում, ասաց. «Մի՛ համարեք, թե եկա խափանելու Օրենքը»:
Հետևաբար, պետք է նախ քննել, թե ինչ է Օրենքը, որտեղից սկսվեց և ինչի համար սահմանվեց: Օրենքը սահմանում է և եզրակետ, ինչպես, [օրինակ, Աստծո օրենքը] ծովի համար. «Այդտե՛ղ կհասնես [և չանցնես]» (Հոբ 38:28-11): Եվ կան [օրենքներ], որ հոգևոր են, կան էլ, որ մարմնավոր են: Հոգևորն Աստծուց է, իսկ մարմնավորը՝ մարդկանցից: Եվ ինչպես որ այս զգալի աշխարհում վայրերը՝ քաղաքներ, գյուղեր և թագավորների իշխանական [տարածքներ], միմյանցից բաժանվում են սահմանադրությամբ, և ովքեր ենթակա են թագավորության սահմանադրությանը, թագավորի իշխանության ներքո են գտնվում, իսկ ովքեր [այդ սահմանադրությանը] չեն ենթարկվում, [թագավորի դեմ] ապստամբներ են, այդպես էլ ովքեր ենթակա են Աստծո կամ մարդկանց օրենքին, [գտնվում են] օրինադրի հնազանդության ներքո, իսկ եթե նրա օրենքին չեն ենթարկվում, նրան հակառակ են և ապստամբ:
Հոգևոր օրենսդրությունն Աստծուց սկսվեց մեր գոյության սկզբում և նախ տրվեց առաջին մարդուն պտղի [հրամանով] (Ծննդ. 2:16–17), որը նա չպահեց: Այնուհետև՝ մինչև ջրհեղեղը, [տրվեց] Սեթի տանը, որպեսզի զատվեր ու տարբերվեր Կայենի տնից: Ջրհեղեղից հետո՝ մինչև Աբրահամ, [տրվեց] Նոյին՝ մարդու արյուն չհեղելու և շունչ ունեցող արյունոտ միս չուտելու [հրամաններով] (Ծննդ. 9:4–6): Աբրահամի տանն էլ՝ մինչև Մովսես, [տրվեց] թլփատության ուխտով (Ծննդ. 17: 10–14): Մովսեսի միջոցով [տրվեց] Իսրայելի տասներկու ցեղերին տասնաբանյայի գրավոր տախտակներով՝ մինչև Քրիստոսի առաջին գալուստը: Իսկ Քրիստոսով, մինչև Նրա երկրորդ գալուստը, ո՛չ թե գրով, այլ [Սուրբ] Հոգով, [տրվեցին] նոր պատվիրաններ բոլո՛ր ազգերին, որոնք հնազանդվեցին ավետարանին:
Օրենքն այն պատճառով է սահմանվել, որ դաստիարակի մեր [մարդկային] բնությունը, ինչպես ասում է առաքյալը (Գաղ. 3:24): Որովհետև ինչպես որ դայակները մանուկներին մեղմությամբ են խրատում, բայց որքան [երեխաներն] աճում են, [դայակները] խստությունը մեծացնում են, մինչև [երեխաները] հասունանան, այդպես էլ օրինադիր Աստված, քանի դեռ մեր բնությունը մանուկ էր, ավելի թեթև օրենքներով էր խրատում, և որքան [մարդկային բնությունն] աճում էր իմաստության մեջ, [Աստված այնքան] ավելացնում էր նաև օրենքի ծանրությունը: Մարդկության միտքը մանուկ էր մինչև Մովսես, ուստի չէր կարող գրել-կարդալ սովորել. երեխա էր Մովսեսից հետո մինչև Քրիստոս, ուստի ուսանեց քարե տախտակներով՝ որպես պնակիտներով, և զանազան ծեծերով, ինչպես երեխաները՝ ուսուցիչների ձեռքով. և երիտասարդ է Քրիստոսից հետո, ուստի ծեծով չի պատժվում, ինչպես երեխաները, այլ ուսուցանվում է իմաստությամբ ու խրատով, որոնք սովորեցնում է Քրիստոսի օրենքը: Իսկ կատարյալ մարդ կդառնա հանդերձյալում՝ ըստ առաքյալի. «....մինչև հասնենք,– ասում է,– կատարյալ մարդուն՝ Քրիստոսի կատարյալ հասակի չափով» (Եփես. 4:13):
Եվ ինչպես որ հաջորդների համար Աստծո սահմանած օրենքը չէր խափանում նախորդներինը, այլ ցույց տալիս, որ պահում էր թե՛ իրենը, թե՛ նախնիներինը, ինչպես որ Աբրահամի [օրենքը]՝ Նոյինը, Մովսեսինը՝ Աբրահամինն ու Նոյինը, այդպես էլ Քրիստոսի այս [օրենքը] չի խափանում Մովսեսինը, այլ իր մեջ պարունակում է այն, ինչպես մեծը՝ փոքրը: Այդպես լուսատուների ոլորտները [պարունակում են] միմյանց և երկիրը, և նկարիչը թագավորի պատկերը նախ կապարով է գծում տախտակի վրա և ապա՛ ծիրանափառ զարդարելով շքեղացնում, բայց վերջին հորինվածքով չի վերացնում կապարով [արված] առաջին գծագրությունը, այլ ընկղմելով ծածկում է սևությունը զանազան պայծառ [գույներով]: Այդպես էլ մեր բնության նկարիչ Քրիստոսը չեկավ խափանելու [Մովսիսական օրենքի] տխրատեսիլ ստվերի (Եբր. 10:1)թերությունը, այլ պայծառ ու կատարյալ օրենքով լրացնելու: Այդ պատճառով էլ ասում է. «Չեկա խափանելու»:
Նաև քանի որ պատրաստվում էր հնից ավելի մեծ օրենք սահմանել, նախապես ճանապարհ է հարդարում: Որպեսզի չկարծեն, թե առաջին [օրենքը] խափանում է և Իրենը հաստատում, ասում է՝ Իմը չի խափանում նախկինը, այլ լրացնում նրա թերին: Աղքատանալը, սգալը, հեզ լինելը և մնացած բոլորն ավելի բարձր չեն, քան նախկին [օրենքը]. [նոր օրենքը] գծագրված էր [հնում], իսկ [հինը] ծածկված է [նորում]: Որովհետև սպանությունը բարկությունից է ծնվում, շնությունը՝ ցանկասիրությամբ նայելուց, իսկ ով սրանց արմատները հանում է մտքից, այդպիսին այլևս չի բռնադատվում հասնելու կատարելության, այլ դառնում է իբրև երեքպարսպյան աշտարակ, քանի որ [արդեն իսկ] դռների մոտ չի թողնում, որ թշնամին ծանր կռիվներ մղի:
[Այս խոսքն ասելու պատճառը] նաև այն է, որ թեպետ հրեաներն իրենք չէին պահում Օրենքը, սակայն Օրենքի խնամածուները լինելով՝ հակառակում էին Քրիստոսին, և քանի որ Նա քահանայական ցեղից չէր և շաբաթները չէր պահում, ուստի Աստծուն հակառակ էին Նրան համարում:
Բայց ամեն տեղ չէ՛, որ [Տերն] այսպես էր գործում: Որպեսզի չար պատճառ չթողնի [հրեաներին]՝ կարծելու, թե Ինքը տկար է, մեղքեր ներելիս, դևեր հալածելիս, ծովը սանձելիս միայն խոսքով հրաման էր տալիս: Իսկ փոքր բաներում նայում էր երկինք և աղոթում Հորը, ինչպես հացը բազմացնելիս և այլն, և սա անում էր, որպեսզի Իրեն օտար չհամարեն Հորը: [Այսպես էր վարվում] նաև խոնարհություն սովորեցնելու համար, ինչպես որ նաև Իր ով լինելը չհայտնեց հրեաներին, քանի որ մարմին էր հագել: Սակայն, թեպետ խոսքով ծածկում էր, գործով՝ [ի ծնե] կույրի [աչքերը բանալու], ձուկը [բազմացնելու] և այլ շատ օրինակներով, ցույց էր տալիս, որ Ինքն է արարել ամբողջ աշխարհն ու մարդուն:
Եվ ինչո՞ւ զարմանալ հրեաների վրա. եթե աշակերտները, որ այնքան զորություններ էին տեսնում, չէին կարողանում ամեն ինչին հասու դառնալ, ապա ովքեր ամեն իմաստության հանդեպ կույր էին, ինչպե՞ս Նրան Աստծուն օտար չէին համարի: Այդ պատճառով էլ [Տերն] այստեղ ոչ թե մեկ անգամ է ասում խոսքը, այլ կրկնում՝ հաստատելու համար: «Մի՛ համարեք, թե եկա խափանելու Օրենքը. խափանելո՛ւ չեկա, այլ լրացնելո՛ւ»: Սրանով ոչ միայն հրեաների բերանն է փակում, այլև որոշ հերձվածողների, ովքեր ասում են, թե Հին Կտակարանը սատանայից է: Այսպիսիներին կասենք. [եթե այդպես է, ապա] Քրիստոսը սատանայի բռնատիրությունը չվերացրեց, քանի որ նրա օրենքը չխափանեց, այլ նույնիսկ լրացրեց, ուստի այսպես ասողը նմանվում է [նրանց, ովքեր] Տիրոջ մասին [ասում էին], թե Բեեղզեբուղի միջոցով է դևերը հանում
Օրենքը լրացրեց նրանով, որ ոչ մի բանով չխախտեց այն, ինչպես ասաց Հովհաննես [Մկրտչին]. «Այդպե՛ս է վայել, որ կատարենք ամբողջ արդարությունը» (Մատթ. 3:15), իսկ հրեաներին՝ «[Ձեզնից] ո՞վ կհանդիմանի Ինձ մեղքի համար» (Հովհ. 8:46): Օրենքը լրացրեց նաև Իր նո՛ր օրենքներով. չբարկանալու [օրենքով]՝ «մի սպանիր»–ը, ցանկասիրությամբ չնայելու [օրենքով]՝ «մի շնացիր»–ը, այտն ապտակման տալու [օրենքով]՝ [«աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ»–ը]:
Իսկ մարգարեներին [լրացրեց] նրանով, որ իրականացրեց Իր մասին նրանց խոսքերը, ինչպես որ ավետարանիչներն են ասում. «....որպեսզի կատարվեր Նրա մասին գրված ամեն ինչ» (Մատթ. 1:22, 2:23): Որովհետև սկզբից՝ Իր ծննդից, մինչև հարություն առնելը՝ գործով իրականացրեց բոլոր մարգարեների [խոսքերը]՝ ըստ այսմ. «Ահա ելնում ենք Երուսաղեմ, և կկատարվեն Իմ մասին [մարգարեների բոլոր] գրածները» (Ղուկ. 18:31):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
17-48. «Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու: Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, - որ մի նշանախեց է, - Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի եւ կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի: Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի: Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի: Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին: Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ եւ գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ եւ ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր: Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի եւ քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, եւ դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես: Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ չվճարես վերջին դահեկանը: Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում: Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: Արդարեւ ասուել է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ»: Իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, նա՛ է, որ նրան շնութեան է մղում. եւ ով որ արձակուածին է առնում, շնանում է: Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. «Երդմնազանց մի՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդուել ես»: Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենեւի՛ն չերդուել. ո՛չ երկնքի վրայ, որովհետեւ Աստծու աթոռն է, ո՛չ երկրի վրայ, որովհետեւ նրա ոտքերին պատուանդան է, եւ ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է: Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել: Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է: Լսել էք՝ ինչ ասուեց. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»: Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու: Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող: Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա: Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից: Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»: Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ: Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում: Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում: Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»:
Հիսուս, որ ծնվել ու սնվել էր Հին Օրենքի ներքո և ապրում էր այդ օրենքի իշխանության ներքո, սկսել էր Նոր Օրենք քարոզել և վարդապետություն սովորեցնել։ Հին ու նորի հարաբերություններն ու համեմատությունը խնդրո առարկա էին դարձել, և Հիսուսի ընթացքն էլ սկսել էր մեղադրանքների ու հակառակությունների առարկա դառնալ։ Հին Օրենքն էլ Աստվածային էր՝ տրված Մովսես Մարգարեի ձեռքով ու հաստատված մյուս մարգարեների բերանով, և Հիսուս չէր կարող ասել, թե Հին Օրենքը վատն է, սխալ կամ դատապարտելի։ Բայց և չէր կարող այն հաստատել ու ամրացնել առանց Ինքն Իրեն հակասելու և Իր քարոզած Նոր Օրենքը դատապարտելու։ Այդ մեծ և կարևոր խնդիրն էր, որ Հիսուս Իր խոսակցության նյութն է դարձնում Լեռան Քարոզի երկրորդ մասում։
Հիսուսի տված բացատությունը և Իր Նոր վարդապետության պաշտպանությունը ամբողջությամբ հիմնվում է Օրենքը քանդելու և Օրենքը լրացնելու զանազանության վրա։ Երկու պարագաներում էլ Օրենքը փոփոխվում է, բայց ոչ նույն կերպով. առաջին դեպքում Հինն ամբողջովին ջնջվում է և նրա տեղը բոլորովին ուրիշ Օրենք է զբաղեցնում, իսկ երկրորդ դեպքում՝ Հինը չի ջնջվում, այլ կատարելագործվում և ամբողջանում է, իր կիսակատար կերպարանքից լրացյալ կերպարանք է ստանում։ Ահա այս են Հիսուսի կտրուկ և հստակ խոսքերը․ «Մի՛ համարիք եթէ եկի լուծանել զօրենս կամ զմարգարէս, ո՛չ եկի լուծանել, այլ լնուլ» Հետևաբար Հիսուս վստահեցնում է, թե ավելի դյուրին է, որ երկինքն ու երկիրը կործանվեն և ջնջվեն, քան թե Հին Օրենքից Մովսեսի և մյուս մարգարեների գրվածքներից անգամ մի կետ, եբրայական յովտ տառի չափ փոքրիկ գիր վերցվի ու ջնջվի։
Այս բացատրության վերջում, «Մինչեւ ամենայն եղիցի» հավելվածը կա, որ ոմանք ենթադրում են, որ նշանակում է, թե Մովսիսական Հին Օրենքն ամբողջական պիտի մնա, մինչև որ քրիստոնեական Նոր Օրենքն իր կատարելությանը հասնի, սակայն այդ իմաստը կոտրում է Հիսուսի խոսքերի ուժը։ Ընդհակառակը, Հիսուս ասում է, որ օրենքներից անգամ մի կետ չպետք է ջնջվի, այլ բոլորն էլ իրենց լրումը պետք է ստանան և այսպես Հին Օրենքը հետզհետե իր ամբողջական կատարելությանը պիտի հասնի։ Իսկ կատարելագործությունը, Հիսուսի տեսակետով, Օրենքն իր տառական առումից բուն իմաստի ու հոգու բարձրացնելն է, հասցնելն է, նյութական հասկացողությունից հոգեկան գործադրության տանելն է, արտաքին ձևից ներքին իսկության փոխելն է։ Հին Օրենքը տառական, նյութական ու արտաքին վիճակից, իմացական, հոգեկան և ներքին վիճակին պիտի անցնի։ Այսպես՝ Հին Օրենքի կատարելագործությանը պիտի օգնի Նոր Օրենքը կամ Ավետարանը, կամ Հիսուսի բացատրությամբ, Երկնքի Արքայությունը։
Հիսուս մեծ եւ փոքր պատվիրանի խնդիր է առաջ քաշում։ Ով պատվիրաններից ամենափոքրն էլ «լուծցէ եւ ուսուսցէ», Երկնքի Արքայության մեջ նա փոքր պիտի կոչվի, իսկ «ով արասցէ եւ ուսուսցէ», նա մեծ պիտի կոչվի․ և եթե մեկը դպիրներից ու փարիսեցիներից ավելի արդարություն չունենա, նա Երկնային Արքայություն չպիտի մտնի։ Թերևս ավելի ճիշտ կլինի ասել, որ պատվիրանները ջնջողը ամենևին մաս պիտի չունենա Երկնային Արքայության մեջ և որ դպիրների ու փարիսեցիների արդարությունը ավելի ճիշտ կլիներ կեղծավորություն, քան թե արդարություն անվանել։ Բայց այս բացատրություններն իրենց մեջ եբրայաբանության հետքեր ունեն․ փոքրությունը անարգված լինելն է, իսկ մեծությունը՝ ընտրյալ լինելը։ Մեկ եզրի ընդունելի լինելը մյուս եզրի մերժումն է ցույց տալիս։ Հետևաբար, Հիսուսի մտադրությունն է հերքել արտաքին ու տառական օրինապահությունը և հանձնարարել ներքին ու հոգեկան օրինապահությունը։ Ո՛չ թե պատվիրանը ջնջողն է ընդունելի, այլ այն լրացնողը․ դպիրների ու փարիսեցիների արտաքնահարդար օրինապահությունը բավական չէ Ավետարանի հետևորդ լինելու համար, պետք է Հիսուսի քարոզած ներքին ու իսկական օրինապահությունը գործադրել։
Հիսուս այս ընդհանուր կետերն իբրև հիմնական սկզբունք հաստատելուց հետո, իբրև Իր վարդապետության բացատրություն, մի քանի օրինակ է հիշատակում, բացատրում դրանց նկատմամբ դպիրների ու փարիսեցիների տված տառական ու արտաքին իմաստը և հետո մատնանշում Իր Ավետարանի համեմատ տրվելիք ներքին եւ իսկական իմաստը։ Հին Օրենքները հիշում է․ «Լուարուք զի ասացաւ» սկզբնավորությամբ, և ավելացնում է Իր բացատրությունները՝ «Այլ ես ասեմ ձեզ» բանաձևով։
Առաջին օրենքը, որ հիշվում է «Մ՛ի սպանիր» տասնաբանյա պատվիրաններից վեցերորդն է Ելք․ 20։13։ Այս օրենքի իմաստը, փարիսեցիական առումով որևէ մեկի կյանքին չդիպչելն է։ Հիսուս այս պատվիրանի իմաստը տարածում է ընկերոջ հանդեպ որևէ կերպով կատարված անիրավության վրա․ քանզի դրա ներքին իմաստն է՝ ընկերոջը վնաս չհասցնելը, և ինչ կերպով էլ, որ ընկերոջը վնաս հասցվի, համարվում է այդ պատվիրանի զանցառություն։ Հետևաբար արգելվում է ընկերոջ վրա զուր բարկանալը, հիմար կամ ապուշ անվանելը, և ով որ գործի այս հանցանքները դատաստանի կամ ատյանի առջև կկանգնի, և նույնիսկ, գեհենի կրակին կդատապարտվի։ Բարկանալու մեջ ավելացել է «ի զուր» պայմանը, ծնողի կամ դաստիարակի, մեծի կամ իշխանավորի, ուրիշի բարու և ուղղության համար բարկանալը դուրս թողնելու համար։ Հիմար և ապուշ կոչումներն էլ նշանակում է նախատել և անվանարկել ընկերոջը և վնաս հասցնել նրա պատվին։ Օրինազանցները ոչ միայն մարդկային դատաստանով են դատապարտվում, այլև աստվածային դատաստանով հանդերձյալ աշխարհի կրակին են արժանանում։ Նոր կտակարանում այդ կրակը գեհեն բառով է բացատրվում, իսկ այս անունն էլ աղավաղում է Գէ-Եննոմ կամ Ճե-Եննոմ անվան, որ նշանակում է Ձոր- Ենոմա։ Այս ձորը տարածվում է Երուսաղեմի մոտ, և արևմտյան կողմից սկսելով իջնում է դեպի հարավ, խառնվում Կեդրենի ձորին։ Ինոմի ձորը Հիսուսի ժամանակ նշանավորվեց իբրև Հուդայի Բենիամի ցեղերի սահման Հես․ 15։8, իսկ Աքազի ու Մանասեի ժամանակ Բահաղ և Մոզոք կուռքերին նվիրվեց Բ Մնաց․ 28։3, 35։6 սակայն Հովսեն կործանեց կուռքերը և պղծեց ձորը Դ Թագ․ 23։16 և նրանից հետո Գէ-Եննոմ կամ Գեհեն կամ Բենոմ անունը պիղծ տեղի համանշանակը դարձավ, և Նոր կտակարանի մեջ գործածվեց իբրև դատապարտյալների դժոխք։ Ցանկանալով ընկերոջ հանդեպ կատարած վնասի մեծությունը ցույց տալ, Հիսուս ավելացնում է, որ եթե մեկը Աստծուն զոհ մատուցելու լինի, և զոհը սեղանին դնելուց հետո հիշի, որ ցավ է պատճառել ընկերոջը, պարտավոր է զոհը կիսատ թողնել, գնալ գտնել ընկերոջը, հաշտվել ու հետո վերադառնալ՝ զոհը լրացնելու։ Զոհ անվան տակ պետք է հասկանալ Աստծո պատվին կատարվող ամեն բարեպաշտություն և ողորմության գործեր, իսկ Հիսուսի սկզբունքով այդպիսի գործերն Աստծո համար ընդունելի չեն, եթե ողորմություն կատարողը ընկերոջը վնաս կամ ցավ է պատճառել, կամ ընկերոջ հետ գժտված է։
Արդ, եթե ընկերոջը ցավ պատճառողը Աստծո դատաստանով էլ դժոխքի դատապարտությանը կենթարկվի, ուրեմն յուրաքանչյուրը պետք է ժամանակին հաշտվի այս կյանքի մեջ և արդարանա, ապա թե ոչ՝ ժամանակն անցնելուց հետո զղջումը օգուտ չի բերի։ Ինչպես որ այս աշխարհի մեջ էլ ընկերոջը պարտք ունեցողը պետք է վճարի գործը դեռ դատարանին չհասած, ապա թե ոչ հակառակորդը գործը դատավորին կհանձնի, դատավորն էլ՝ դահիճին, իսկ դահիճն էլ բանտ կնետի, և նա բանտից չի կարող դուրս գալ մինչև որ վերջին դրամը չվճարի։
Այսպիսով, օրենքի օրինակը պարզելուց հետո, Հիսուս առաջ է քաշում երկրորդ՝ «Մի շնար» օրենքը Ելք 20։14։ Բառական իմաստով և փարիսեցիական մեկնությամբ, արգելված էր ուրիշի կնոջ հետ մարմնական հարաբերությունների մեջ մտնել․ Հիսուս պատվիրանի իմաստը տարածում է բոլոր ցանկալի գործերի վրա, նույնիսկ ցանկությամբ նայվածքը հայտարարում է սրտով կատարված շնություն։ Հետևաբար լավագույնն այն է, որ մարդ այդպիսի գայթակղությունների և սխալների մեջ չընկնելու համար, մեկ աչքը կամ մեկ ձեռքը զոհի, հանի կամ կտրի, քան թե երկու աչքով ու երկու ձեռքով գայթակղվի և մեղքի մեջ ընկնի և ամբողջ մարմնով Գեհենի կրակին դատապարտվի։ Այս վերջին բացատրության մեջ էլ պետք է հիշել եբրայաբանության ոճն ու արևելյան երևակայության բուռն ձևերը, և երբեք պետք չէ աչքը հանել, ձեռքը կտրել կամ մեկ անդամից զրկվել հայտարարությունը նյութական իմաստով հասկանալ։ Պարզապես Հիսուս ցանկանում է հասկացնել գործի էության կարևորությունը, թե ավելի լավ էր աչքը հանել կամ ձեռքը կտրել, քան թե մեղքի մեջ ընկնելով՝ հոգին կործանել։
Հիսուս հիշատակում է երրորդ օրենքն էլ, և շնության վերաբերյալ խոսքին արձակելու կամ ապահարզանի օրենքն է կցում։ Առաջին դեպքն է, որ Ավետարանի մեջ հանդիպում ենք այս նյութին, բայց առաջիկայում այս նյութի վրա ավելի ընդաձակ ու մանրամասն կերպով խոսելու առիթ պիտի ունենանք, ուստի առայժմ գոհանանք լոկ ակնարկությամբ։ Մովսեսի օրենքն այսպես է․ երբ այրը դժգոհ էր մնում իր կնոջից, ապահարզանի գիր էի տալիս ձեռքը և արձակում Բ Օր․ 24։1: Հիսուս այդ կամայական իշխանությունը վերցնում է մարդուց, թույլ չի տալիս, որ մարդ իր կամքով արձակի կնոջը, բացառություն անելով այդ միայն պոռնիկ կնոջ համար։ Այս «առանց բանի պոռնուկութեան» բացատրությունը քրիստոնյա եկեղեցու մեջ տարբեր կերպով է մեկնվում։ Արևմտյաններն այն ցանկանում են մեկնել լոկ որպես ամուսնական բաժանում իբր թե պոռնկության պատճառով ամուսինները կարող են բաժանվել, բայց չեն կարող կրկնամուսնություն կատարել և այս իմաստը արտահայտելու համար «Նա տայ նմա շնա» բառերից հետո վերջակետ են դնում և բոլորովին ընդհնուր ու անկախ խոսք են դարձնում հետևյալ խոսքերը․ «Եւ որ զարձակեալն առնէ, շնայ»։ Արևելյանները ընդունում են պոռնկության կրկնամուսնության օրինավորությունը, բայց ոչ արձակելով, այլ՝ լուծելով, իսկ այս երկուսի տարբերությունն առանձին պիտի բացատրենք (Մատթ․ 19։3-9)։
Նույն կերպով պարզաբանելու համար Հիսուս առաջ է քաշում չորրորդ օրենքը․ «Մի երդնուցուս սուտ» Ղևտ․ 19։12: Երդումը երկու կերպով է գործածվում և Աստծու անունը բերվում է հաստատելու համար որևէ վկայություն կամ խոստում և կամ ավելի բացահայտ կերպով Աստված վկա է բերվում եղածը հաստատելու կամ լինելու բանը երաշխավորելու համար։ «Հատուսցես Տեառն զերդմունս քո» հատվածը, որ փարիսեցիների մեկնությամբ է տրվում, ակնարկում էր լինելի բանը, և որ մենք սովորաբար ուխտ ենք կոչում։ Հիսուս օրենքը լրացնելու դիտավորությամբ հայտնում է նրա ներքին զորությունը և տարածում իմաստը, գլխավորապես ծանրանալով առաջին տեսակի երդումի վրա։ Երդումը կապ ուներ Տասնաբանյա երրորդ պատվիրանի հետ․ «Մի առնուցուս զանուն Տեառն Աստծոյ քո ի վերայ սնոտեաց» Ելք 20։7 և այստեղից փարիսեցիները հետևություն էին անում, թե երբ Աստծո պաշտոնական անունը չի տրվում, երդումը ներելի է, և կարելի է երդվել երկնքի, երկրի, Երուսաղեմի և գլխի վրա։ Հիսուս նկատել է տալիս, որ երկինքն Աստծո աթոռն է, երկիրը՝ Աստծո պատվանդանը, Երուսաղեմը Աստծո քաղաքն է․ գլուխն էլ Աստծո իշխանության տակ է․ հետևաբար սրանց վրա եղած երդումն էլ կրկին Աստծո անվան վրա է դիտվում և արգելվում։ Ի վերջո Հիսուս բոլորիվին արգելում է երդումը, որովհետև պարզապես մարդու սուտ խոսքը կամ սուտ խոստումը աններելի է։ Ամեն առիթի մեջ ճշմարտությունը մերկապարանոց և կատարյալ պիտի լինի․ բերանով արտահայտված այո-ն պետք է իրոք այո լինի, իսկ ոչ-ը իրոք ոչ․ և երբեք այո-ն ոչ և ոչ-ը այո, որը չարություն և մեղք է։
Օրենքի բուն հոգին պարզաբանելու համար Հիսուս բերում է հինգերորդ օրինակը․ Մովսեսի օրենքը հրամայում էր «ակն ընդ ական» և «ատամն ընդ ատաման» ինչպես Հիսուս է ներկայացնում, իսկ Մովսեսի բուն խոսքերով․ «Տասցէ անձն ընդ անձին, ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, ձեռն ընդ ձեռին, ոտն ընդ ոտին, խարան ընդ խարանի, վէր ընդ վիրի, հարուած ընդ հարուածոց» (Ելք 21։23-25)։ Այդ օրենքը տրվել է դատաստանի իրավասությանը, մինչդեռ փարիսեցիները այն հարմարեցրել էին անհատական իրավունքի, և յուրաքանչյուր գործնական և համեմատական վնասով վրեժը ներելի էր համարվում։ Հիսուս ճշտելով օրենքը և անհատական գործերի մեջ պահվելիք ուղղության օրենքը լրացնելով՝ հրամայում է․ «Մի՛ կալ հակառակ չարին»․ ոչ թե չարությունը քաջալերելու, այլ անհատական վրեժխնդրությունից խորշելու դիտավորությամբ։ Հիսուս ներողամտության ընթացքը և հեզության ոգին հասցնում է մինչև վերջին ծայրը և հրամայում է աջ երեսն ապտակողին, ձախն էլ դարձնել, բաճկոնը հափշտակողին՝ շապիկն էլ տալ Ղուկ․ 6։29, մեկ մղոն պարտադրողի հետ երկու մղոն գնալ, որևէ ուզողին ոչ չասել, փոխ ուզողից երես չդարձնել։ Սրանք, ինչպես տեսնում եք, ծայրագույն ներողամտության արտահայտություններ են, որոնք միայն բարձրագույն՝ և ոչ սովորական առաքինությամբ կարող են իրականանալ։ Սակայն Հիսուսի խոսքերի մեջ հաճախ արևելյան չափազանցությունների ենք հանդիպում, որոնք չպետք է տառացիորեն ընդունել, ինչպես վերը հիշված աչք հանելու և ձեռք կտրելու բացատրությունները։ Ինչպես առօրյա փորձառությունն էլ է ցույց տալիս, մեզ մինչև այսօր հարազատ են այդպիսի չափազանցությունների ձևերը։ Մյուս կողմից եթե բառացի իմաստով ցանկանանք հասկանալ, պետք է նկատենք, որ Հիսուս դատական և հանրային իրավունքի տեսակետից չի խոսում, այլ միայն ու միայն անհատական ու անձնական հարաբերությունների տեսակետից, և այս իմաստով իսկապես ստույգ է, որ փոխադարձ պահանջների և վրեժխնդրության ոգին շատուշատ վնաս է հասցնում փոփոխվող փոխհարաբերություններին և գժտությունների ու շփոթությունների դուռ է բացում, առիթ է հանդիսանում ընտանեկան և հասարակական անպատեհությունների, ուր, ընդհակառակն, ամենփոքր ներողամտությունն ու բարեսեր զգացումն էլ բավական է չարի առաջն առնելու և բարությանը նպաստելու համար։ Այդ իմաստով Պողոս առաքյալը խրատում է իրեններին․ «Մի՛ յաղթուիր ի չարէն․ այլ յաղթեա բարեաւն չարին» Հռոմ․ 12։21:
Վեցերերդ և վերջին օրինակն էլ սիրո օրենքից է մեջ բերվում․ «Սիրեսցես զընկեր քո» Ղևտ․ 19։18 և որովհետև ընկեր բառը միայն սիրելիների համար է գործածվում, ապա փարիսեցիները եզրակացնում էին․ «Եւ ատեսցես զթշնամին քո», որը երբեք չի ասվել օրենքի մեջ։ Հիսուս սիրո օրենքի լրումն էլ պարզաբանելով՝ հրամայում է սիրել թշնամիներին, օրհնել անիծողներին, ատելիներին լավություն անել, չարչարողների և հալածողների համար աղոթել։ Սիրո այդ արտահայտությունները գործադրելու համար երկու փաստ է մեջտեղ բերվում, մեկը՝ «ի հակառակէն» և մյուսը «ի մեծէն»։ «Ի հակառակէն» փաստը հիմնավորվում է հետևյալ բաղդատությամբ․ եթե սերը այդ ձևով չգործադրվի, ուրեմն կմնա սիրել միայն սիրելիներին, ողջունել բարեկամներին, բարերարներին բարությամբ հատուցել, ապահով և չափավոր պայմաններով փոխ տալ։ Իսկ արդ, այդ ամենը անգամ մաքսավորներն ու մեղավորներն են անում, սիրում են իրենց սիրելիներին, տեսակցում են իրենց բարեկամների հետ, իրենց լավություն անողներին երախտագիտությամբ են հատուցում, ետ վերցնելն ապահովելով՝ փոխ են տալիս։ Իսկ արդ եթե Ավետարանին հետևողն էլ այդքանով պիտի գոհանա, մաքսավորներից բարձր առաքինություն ունեցած չեն լինի։
Իսկ «ի մեծէն» կոչված փաստը Աստծո օրինակով է։ Աստված, որ մեր Հայրն է, իր բարությունն ու շնորհնորը հավասարապես է բաշխում և՛ բարիներին և՛ չարերին, անձրևն ուղարկում է բոլորի համար, իր քաղցրությունը գործածում է ամենքի հանդեպ։ Ուրեմն, եթե մենք էլ Աստծո զավակներն ենք, պետք է մեր Երկնավոր Հոր օրինակին հետևենք՝ բոլորին հավասար կերպով սիրենք, չզատենք սիրելին ատելիից, բարեկամին՝ թշնամուց, բարին՝ չարից և բոլորին հավասարապես սեր, քաղցրություն, բարություն ու գթություն անենք, ինչպես մեր Երկնավոր Հայրն է անում և լինենք կատարյալ, ինչպես կատարյալ է մեր Երկնավոր Հայրը։ Այսպիսով լրացրած կլինենք սիրո պատվիրանը՝ իր բովանդակ ընդարձակությամբ և իր բուն իսկության մեջ։
Ահա թե ինչ կերպ է հասկանում և ցանկանում Հիսուս, ոչ թե Հին Օրենքը քանդել, այլ լրացնելով՝ Նոր Օրենքի փոխարկել։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: