Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:30

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

30-32. «Ով Ինձ հետ չէ, նա հակառակ է Ինձ, և ով չի հավաքում Ինձ հետ, նա ցրում է»։ «Դրա համար ասում եմ ձեզ. ամեն մեղք ու հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի մարդկանց»։ «Ով որևէ բան ասի Մարդու Որդու դեմ, կներվի նրան, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չի ներվի ո՛չ այս դարում, ո՛չ էլ գալիքում»։
   

    «Ով Ինձ հետ չէ, նա հակառակ է Ինձ, և ով չի հավաքում Ինձ հետ, նա ցրում է» (Մատթ. 12:30)։ Ահա նաև չորրորդ հերքումը։

    «Ո՞րն է Իմ մտադրությունը, — ասում է Քրիստոս։ — Մարդկանց Աստծու մոտ բերել, առաքինության սովորեցնել, նրանց ավետել Արքայությունը»։ Իսկ ի՞նչ են ուզում սատանան ու դևերը. դրա հակառակը։ Այսպիսով՝ ինչպե՞ս կարող է նա, ով Ինձ հետ չի հավաքում և ով Իմ կողմը չէ՝ օգնել Ինձ։ Եվ ինչո՞ւ եմ ասում՝ «օգնել»։ Դեռ ընդհակառակը՝ նա դեռ ջանում է ցրել Իմ հավաքածը։ Ինչպե՞ս, ուրեմն, նա, ով ոչ միայն Ինձ չի օգնում, այլև ցրում է այն, ինչ Իմն է, կարող է այնպիսի համաձայնություն ունենալ Ինձ հետ, որ համագործակցի դևերին հալածելու հարցում։

    Հիսուս կարծես սա ասում է ոչ միայն սատանայի, այլև Իր մասին, քանի որ Ինքն իսկ հակառակվում է սատանային և ցրում է այն ամենը, ինչ պատկանում է նրան։ Ինչո՞ւ է Նա ասում՝ «Ով Ինձ հետ չէ, նա հակառակ է Ինձ»։ Որովհետև նա չի հավաքում Իր հետ։ Եթե սա ճիշտ է, ուրեմն այդպիսի՞ն պետք է լինի նա, ով դեմ է Քրիստոսին։ Եթե նա, ով չի օգնում Քրիստոսին, անվանվում է թշնամի, ապա առավել ևս թշնամի է նա, ով զենք է բարձրացնում Նրա դեմ։ «Եվ այս ամենը, - ասում է Հիսուս, - նպատակ ունի ցույց տալու մեծ և անհաշտ թշնամությունը սատանայի դեմ»։

    Ասա՛ ինձ՝ մի՞թե քեզ դեմ չէ նա, ով հրաժարվում է օգնել քեզ, երբ դու մարտնչում ես մեկի դեմ։ Եթե մեկ այլ տեղում Հիսուս ասում է՝ «ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է» (Ղուկ. 9:50), ապա դա չի հակասում այստեղ ասվածին։ Այստեղ Նա նշում է, թե ով է նրանց հակառակորդը, իսկ այնտեղ բացահայտում է, թե ով է նրանց գործակիցը, քանի որ ասվում է. «Քո անունով դևեր են հանում» (Մատթ. 7:22 )։ Կարծում եմ՝ այստեղ Քրիստոս ակնարկում է նաև հրեաներին՝ նրանց միևնույն շարքում դասելով սատանայի հետ։ Չէ՞ որ նրանք նույնպես Հիսուսի դեմ էին և ցրում էին այն, ինչ Նա հավաքում էր։ Իսկ այն, որ այստեղ Նա ակնարկում է հրեաներին, դա ապացուցվում է Փրկչի հետևյալ խոսքերով. «Դրա համար ասում եմ ձեզ. ամեն մեղք ու հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի մարդկանց» (Մատթ. 12:31

    Այսպիսով՝ առ ոչինչ դարձնելով նրանց զրպարտությունը, լուծելով նրանց առարկությունը և ցույց տալով նրանց անմիտ համառությունը՝ Հիսուս վերջապես սարսափ է ներշնչում նրանց, քանի որ խորհուրդ տալու և ուղղելու գործում կարևոր է ոչ միայն բոլոր հարցերին պատասխանել և համոզել, այլև սպառնալ, ինչը հաճախ անում է նա, ով օրենքներ է սահմանում և խորհուրդներ է տալիս։

    Թեև Հիսուս Քրիստոսի խոսքերը շատ անհասկանալի են թվում, բայց եթե կենտրոնացնենք մեր ուշադրությունը, ապա հեշտությամբ կհասկանանք դրանք։ Այսպիսով՝ նախ ուշադիր լսենք այս խոսքերը. «Ամեն մեղք ու հայհոյանք կներվեն մարդկանց, - ասում է Նա, - բայց Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի մարդկանց։ Ով որևէ բան ասի Մարդու Որդու դեմ, կներվի նրան, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չի ներվի ո՛չ այս դարում, ո՛չ էլ գալիքում» (Մատթ. 12:31-32

    Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Դուք շատ բաներ ասացիք Իմ մասին, որ Ես խաբեբա եմ, որ Ես Աստծու հակառակորդ եմ։ Ես ձեզ դա կներեմ և չեմ պահանջի ձեր պատիժը, եթե ապաշխարեք, բայց Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի, նույնիսկ նրանց համար, ովքեր ապաշխարում են։ Այդ ինչպե՞ս։ Չէ՞ որ այդ մեղքը նույնպես ներվեց ապաշխարողներին։ Նրանցից շատերը, որ Հոգու դեմ հայհոյանքներ էին թափում, հետագայում հավատացին, և ամեն ինչ ներվեց նրանց։ Ուրեմն ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Ա՛յն, որ Սուրբ Հոգու դեմ մեղքը առավելապես աններելի է։ Ինչո՞ւ։ Որովհետև Քրիստոսին չէին ճանաչում, թե Ով էր Նա, իսկ ահա Հոգու մասին արդեն բավարար ճանաչողություն ունեին։ Այն ամենը, ինչը մարգարեները խոսեցին, Հոգու ոգեշնչմամբ խոսեցին, և Հին Կտակարանում ամենքն էլ շատ պարզ պատկերացում ունեին Նրա մասին։ Այսպիսով՝ Քրիստոսի խոսքերը հետևյալ իմաստն ունեն. թող որ դուք գայթակղվում (շփոթվում) եք Իմ այն մարմնի պատճառով, Որը Ես կրում եմ, բայց մի՞թե կարող եք նույնը Հոգու մասին, թե «մենք չենք ճանաչում Նրան»։ Դրա համար էլ ձեր հայհոյանքը կլինի աններելի և դուք դրա պատիժը կկրեք և՛ այստեղ, և՛ այնտեղ։

    Շատերը միայն այստեղ պատժվեցին, ինչպես, օրինակ, կորնթացիների մեջ անարժանաբար հաղորդված այն պոռնիկը, բայց դուք պատժվելու եք և՛ այստեղ, և՛ այնտեղ։ Եվ այսպիսով՝ Ես ձեզ ներում եմ այն ամենը, ինչով նախքան Իմ խաչելությունը չարախոսեցիք Ինձ, նույնիսկ Ինձ խաչելու ձեր ցանկությունը և անգամ ձեր անհավատությունը ձեզ մեղք չի համարվի։ Նրանք, ովքեր հավատացին խաչելությունից առաջ, լիակատար հավատ չունեին, դրա համար էլ Հիսուս ամենուրեք արգելում էր Իր մասին որևէ մեկին հայտնել՝ մինչև Իր չարչարանքները, և հենց խաչի վրա էլ աղոթում էր, որ հրեաների մեղքերը ներվեն։ Բայց այն, ինչ դուք ասացիք Հոգու մասին, ձեզ չի ներվի։ Իսկ այն, որ Քրիստոս ակնարկում է այն հայհոյանքը, որը հրեաները Նրա դեմ ասում էին խաչելությունից առաջ, ակնհայտ է դառնում հետևյալից. «Ով որևէ բան ասի Մարդու Որդու դեմ, կներվի նրան, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չի ներվի»։ Ինչո՞ւ։ Որովհետև Սուրբ Հոգին ձեզ հայտնի է, և դուք չեք ամաչում ժխտել ակնհայտ ճշմարտությունը։ Եթե դուք արդեն ասում եք, որ Ինձ չեք ճանաչում, ապա անկասկած գիտեք, որ դևեր հանելը և բժշկություններ անելը Սուրբ Հոգու գործն է։ Հետևաբար, դուք ոչ միայն Ինձ եք վատաբանում, այլև Սուրբ Հոգուն։ Դրա համար էլ ձեր պատիժն անխուսափելի է և՛ այստեղ, և՛ այնտեղ։

    Ոմանք պատժվում են և՛ այստեղ, և՛ այնտեղ, ոմանք՝ միայն այստեղ, ոմանք՝ միայն այնտեղ, իսկ ոմանք՝ ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ։ Ե՛վ այստեղ, և՛ այնտեղ, ինչպես, օրինակ, Սուրբ Հոգու դեմ հենց այս հայհոյողները։ Նրանք և՛ այստեղ պատիժ կրեցին, երբ քաղաքի գրավումից հետո սարսափելի աղետների ենթարկվեցին, և՛ այնտեղ ամենադաժան տառապանքը կկրեն, ինչպես Սոդոմի բնակիչները և շատ ուրիշներ։ Միայն այնտեղ, ինչպես, օրինակ, կրակի մեջ այրվող հարուստը, որը նույնիսկ մեկ կաթիլ ջուր չուներ։ Այստեղ, ինչպես, օրինակ, կորնթացի պոռնիկը։ Ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ, ինչպես առաքյալները, ինչպես մարգարեները, ինչպես երանելի Հոբը։ Իսկ նրանց չարչարանքներն էլ պատիժ չէին, այլ սխրագործությունների և պայքարի դրսևորում։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում՝ ցրում է»:
   

    Ով Ինձ հետ չէ, Ինձ հակառակ է, և ով Ինձ հետ չի ժողովում, ցրում է:

    Այս խոսքով նշում է սատանայի հետ ունեցած Իր կատարյալ անմիաբանությունն ու թշնամությունը: Որովհետև Ես կամենում եմ, ասում է, [մարդկանց] Աստծուն մոտեցնել, առաքինություն սովորեցնել և արքայություն պարգևել, իսկ սատանան ու դևերը՝ սրա հակառակը: Ուրեմն «ով Ինձ հետ չի ժողովում» մարդկանց, ինչպե՞ս կարող է Ինձ հետ լինել և կամ Ինձ գործակցել, որ ոչ միայն չի ժողովում, այլև ժողովվածներին ցրում է: Ես եկա Ադամի ցրված որդիներին ժողովելու աստվածպաշտության մի կրոնի մեջ, իսկ նա ցրում է կռամոլության զանազան պաշտամունքների մեջ. հետևաբար, Ինձ հակառակ է և Ինձ հետ չէ:

    Նաև՝ ով Քրիստոսի ճշմարիտ խոսքով է ժողովում [մարդկանց], նա չի կորցնում, այլ Տիրոջ մոտ է բերում [նրանց], իսկ ով առանց [Քրիստոսի] խոսքի և իմաստության լույսի է ժողովում, այդպիսին Տիրոջ հետ չէ, այլ Նրա ուսմունքը ցրիվ տվող: Այլև ով հավատքով չի միանում Ինձ, հենց սատանա է, և ով գործերով չի ժողովում Ինձ հետ, դևերի հետ ցրիվ է տալիս իր հոգին, որովհետև սատանան կոչվում է նաև Դիա՛բոլոս, որը նշանակում է «ցրիվ տված» 1:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում՝ ցրում է»:
   
    «Ով ինձ հետ չէ՝ իմ դեմ է, և ով ինձ հետ չի հավաքում՝ ցրում է»:

    Ով հավաքում է խոսքով, ճշմարտությամբ, զորությամբ և լույսով, ինչպես՛ Քրիստոս, այնպիսին չի կորցնում: Իսկ ով առանց խոսքի, լույսի և իմաստության է հավաքում, այնպիսին, իրոք, ցրում է:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում՝ ցրում է»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24