Հովհաննես Ծործորեցի
Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»:
Հիսուսը ելավ Փիլիպպյան Կեսարիայի կողմերը:
Երբ պատրաստվում էր աշակերտներին որևէ խորհուրդ հայտնել, առանձնանում էր մի տեղ, ինչպես որ այստեղ ելավ Փիլիպպյան Կեսարիայի ավանները՝ ըստ Մարկոսի 836, որովհետև կամենում էր երկու խորհուրդ հայտնել նրանց: Նախ՝ [հարցնել], թե ինչ են կարծում Իր Ով լինելու մասին, և երկրորդ՝ ի հաստատություն Իր վերաբերյալ դավանության՝ ցույց տալ Իր աստվածային փառքը: Բայց անհրաժեշտ է քննել, թե որտեղից էր գալիս և ուր գնում: Պարզ է, որ դուրս ելավ Մագդաղայի երկրից, ուր երկիցս հացն աճեցրեց, ինչի համար կամենում էին [Նրան] թագավոր դարձնել, և եկավ Փիլիպպյան Կեսարիայի կողմերը՝ պատրաստվելով Թաբորի վրա [Իր] փառքը ցույց տալ և [ապա] Երուսաղեմ գնալ: Իսկ թե ինչու է [ավետարանիչը] քաղաքը կառուցողին հիշատակում՝ [ասելով] «Փիլիպպյան Կեսարիա»,պատճառն այն է, որ կային նաև այլ Կեսարիաներ՝ Նեո[կեսարիան], Գամիրքինը կամ էլ Ստրատոնյանը՝ Օվկիանոսի ծովի [ափին] 837: Այս պատճառով էլ [ավետարանիչն] այս մեկը զատորոշում է: Իսկ այս Փիլիպպոսին ոմանք համարում են Հերովդեսի եղբայրը, ուրիշներ՝ հայրը Ալեքսանդր Մակեդոնացու, ով և, [ասում են], կառուցել է նրա անունով այս քաղաքը, ուր և գնաց Տերը: Բայց ավելի հավանական է Հերովդեսի եղբոր [անվամբ կոչվելը], որովհետև այն նախ կոչվում էր Պեննադայի քաղաք, և [Փիլիպպոսը] կառուցապատեց ու կոչեց «Փիլիպպյան ավաններ» 838:
Հարցրեց աշակերտներին. «Մարդիկ ի՞նչ են ասում Իմ մասին, ո՞վ է Մարդու Որդին»:
Ինչպես ասացի, մի կողմ տարավ ու հարցրեց, որպեսզի հրեաների կասկածներից ապահով լինելով՝ համարձակվեին մտքում ունեցած ամեն ինչ ասել: Բայց ինչո՞ւ նախ [աշակերտների] կարծիքը չհարցրեց և հետո շատերինը: Որպեսզի [աշակերտները], նախ նրանցն ասելով և ապա իրենցը մեջտեղ բերելով, իմաստության մեջ [ցածր աստիճանից] դեպի ավելի բարձրը ելնեին: Այս պատճառով էր նաև, որ [Տերն] Իր քարոզության սկզբում չհարցրեց [այս մասին], այլ [նրանից հետո], երբ շատ հրաշքներ գործեց, կրոնական բազում բարձր [իրողությունների] մասին խոսեց և Հոր հետ Իր միաբանությունը բազմաթիվ վկայություններով հայտնեց:
Տես և այն, որ չասաց. «Ի՞նչ են Իմ մասին ասում օրենսգետներն ու փարիսեցիները», այլ՝ պարզամիտ ռամիկ ժողովուրդը: [Հարցրեց] ոչ թե որ չգիտեր՝ նրանք ինչ էին ասում, այլ որ նաև աշակերտները նրանց մտքի կարծիքների վկան ու հայտնողը լինեին, որովհետև թեպետ [ռամիկները] պետք եղածից նվաստ կարծիք ունեին [Քրիստոսի մասին], սակայն չարությունից զերծ էին:
Հարկ է պարզել նաև այն, թե ինչու չասաց.«Ի՞նչ են Իմ մասին ասում, ո՞վ եմ», այլ՝ « [ո՞վ է] Մարդու Որդին»: Սրանով Իր տնօրենությունն է ցույց տալիս. թեպետ Իր Աստվածության մասին էր խոսում, սակայն նույն «Մարդու Որդի» [արտահայտությունը] գործածեց մարմնի հետ անճառ միավորության պատճառով, ինչպես շատ [այլ] տեղերում [ևս]. «Կտեսնեք Մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, որտեղ էր առաջ» (Հովհ. 6։63), և՝ «Ոչ ոք չելավ երկինք, բացի երկնքից իջած Մարդու Որդուց, Ով երկնքում է» (Հովհ. 3։13): Նաև քանի որ Նրա մարմինը Խոսքի գիտության համար խարիսխ դարձավ, ուստի [Տերն] ասում է. «Գաղտնի բաների մասին չէ, որ հարցնում եմ ձեզ, այլ ասեք Ինձ, թե ինչպիսին եմ Ես երևում ձեզ, որպեսզի ձեզ համար հավաստի դարձնեմ 839 նաև ծածուկ բաները»:
Մաղաքիա արք. Օրմանյան
13-16․ Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»: Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»: Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»: Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»:
Հիսուս և Իր յուրայինները Բեթսայիդայում երկար չմնացին, այլ ամբոխից հեռանալու և Գալիլիայում չմնալու մտադրությամբ նորից սկսում են հանդարտ ճանապարհորդությամբ և տեղ-տեղ օթևանելով ուղևորվել դեպի հյուսիս: Բեթսայիդայից դեպի հյուսիս, Վերին Հորդանանի արևելյան և ձախակողմյան եզերքը մի ընդարձակ երկիր է, լեռնային, կիսով չափ անբնակ և կիսով չափ անմշակ, այս ու այնտեղ սփռված մանր գյուղերով, որոնցով անցնում է մի մեծ արահետ, որ Կափառնայումից գնալով, հասնում է մինչև Փիլիպպյան Կեսարիա և այնտեղից էլ՝ Դամասկոս: Այս կողմերով դանդաղ առաջանալով` Հիսուս հասավ Կեսարիայի մուտքերը, բայց չի ասվում, թե հիշյալ քաղաքն էլ մտավ, այլ, ըստ Մատթեոսի, հասավ միայն «ի կողմանս Փիլիպպեայ Կեսարիան», կամ, ըստ Մարկոսի, «Ի շէնս Կեսարեայ Փիլիպպեայ»: Փիլիպպյան Կեսարիան նույն Պանիաս քաղաքն է, կառուցված Պան չաստծու անունով և պատվին, Պաղեստինի ամենահյուսիսային մասում, Անտի-Լիբանան կամ Հերմոն կամ Ահերմոն լեռների հարավային լանջին: Պանիասը նույնացվում է Բաաղգադ քաղաքի հետ, ուր հասավ Հեսուն և որը գտնվում է «Առ ոտամբն Ահերմոնի» Բ Հես. 11:17: Այլ թագավորություններում դարձյալ կրկնակի հիշվում է Բաաղգադ քաղաքը, թեև մեր թարգմանությունը գրում է. «Գաղաադ ի դաշտին Լիբանանու» Հես. 12:7 և «Գաղգաղա առ ոտամբ լերինն Ահերմոնի» Հես. 13:5: Հերովդես Մեծը կարևորություն տվեց քաղաքին, սակայն այն ավելի շենացրեց նրա որդին՝ Փիլիպպոս չորրորդապետը, որ փոխեց նաև քաղաքի անունը և, ի պատիվ կայսեր, անվանեց Կեսարիա: Մյուս Կեսարիայից տարբերելու համար քաղաքն անվանվեց Փիլիպպյան Կեսարիա: Սա այն նույն քաղաքն է, որ որոշ ժամանակ անց վերանորոգեց Ագգրիպաս Կրտսերը և, ի պատիվ Ներոն կայսեր, անվանեց Ներոնիա:
Ճամփորդությունների ընթացքում ևս Հիսուս չէր անտեսում իր հանապազօրյա աղոթքները, և մի անգամ Փիլիպպյան Կեսարիա քաղաքի մոտրեքում, գուցե Հերմոնի լեռներից մեկի վրա, աղոթքն ավարտելուց հետո, աշակերտների հետ իրենց վիճակի, ժողովրդի ընթացքի և վերջին դեպքերի մասին խոսելու ժամանակ, կամեցավ առաքյալներից իմանալ, թե ժողովուրդն ին՞չ է մտածում Իր մասին և, ըստ նրանց, ո՞վ է Ինքը:
Այս խնդիրն ուրիշ անգամ ևս հիշատակվեց, և Հիսուսի անձնավորությանը վերաբերող հարցն այլ անգամ էլ հետաքրքրություն առաջացրեց, որովհետև ամենքը համոզված էին, որ սովորական մահկանացու չէ, և անցյալից ու ներկայից նշանավոր դեմքեր էին որոնում`նույնացնելու Հիսուսի հետ, ինչպես որ բացատրել ենք (Մատթ. 11:1): Գլխավոր կարծիքները պտտվում էին Հովհաննես Մկրտչի, Եղիա Թեզբացու և Երեմիա մարգարեի անունների շուրջը, որոնց վերադառնալու մասին կային նաև ավանդական կարծիքներ: Իսկ եթե այս երեքից մեկը չէր, ապա, անշուշտ, մեծ մարգարեներից պիտի լիներ, որ հարություն էր առել և կրկին աշխարհ եկել: Ըստ ժողովրդական նախապաշարման, հին մարգարեներն այնպիսի մեծ ու անզուգական անձեր էին, որ անհնար էր նրանց նմանը նորից լիներ, իսկ եթե կար, ապա անպայման, երկրորդ անգամ աշխարհ եկած, նրանցից մեկն էր:
Երբ առաքյալներից լսեց ժողովրդի կարծիքը, ցանկացավ նրանց էլ փորձել: «Դու՛ք, ուրեմն,- ասաց,- ի՞նչ եք կարծում. այս կարծիքներից ո՞րն եք ընդունում. ձեր կարծիքով ես ո՞վ եմ»: Հարցը միանգամայն ուղղված էր բոլոր առաքյալներին: Հարցն ավելի էր կարևորվում, քանի որ Հիսուս Իր փառքից ու ժողովրդի ցուցմունքներից զրկված էր երևում: Գալիլիացիների սառնության պատճառով հեռացել էր Գլիլիայից և թափառում էր հեռավոր ու օտար երկրներում, ուր շատ քիչ հրեաներ կային, իսկ բնակչության մեծ մասը կազմում էին հեթանոսները: Ընդհանուր կյանքը հեթանոսական կերպարանք ուներ և արդարացնում էր Գալիլիա հեթանոսաց կոչումը, թեպետ իշխանը հրեա էր: Երբ Կառափնայումում առաջին անգամ հակառակության նշաններ երևացին և ցրվեցին աշակերտները, Հիսուս այն ժամանակ անհրաժեշտ էր գտել փորձել աշակերտների հավատքը (Հովհ. 6:61-72):
Բոլոր նմանօրինակ հանգամանքներում ուշադրություն հրավիրեցինք Պետրոսի առաջ նետվելու և ամենքի անունից խոսելու վրա: Այս անգամ էլ նույնը կատարվեց: Հիսուսի հարցին պատասխանեց Պետրոսը, ասելով, թե Հիսուս որպես Աստծու Որդի է ճանաչվել և դավանվել. «Դու ես Քրիստոս՝ Որդի Աստուծոյ կենդանւոյ»,- հիշատակում է Մատթեոսը, Մարկոսն այսպես է ասում. «Դու ես Քրիստոսն», իսկ ըստ Ղուկասի, ասվում է. «ԶՔրիստոսն Աստուծոյ»: Մարկոսն ու Ղուկասը լոկ Մեսիայությունն են նշում, իսկ Աստվածորդի լինելը չեն ակնարկում, որի մասին հիշատակում է միայն Մատթեոսը: Բայց առաջին անգամը չէ, որ առաքյալները Հիսուսին իբրև Աստծու Որդի են ճանաչում և խոստովանում՝ ճշմարիտ մեսիայությունը Աստծու Որդի լինելու հետ միավորելով ու նույնացնելով: Ամենասկզբում և ուղղակիորեն Բարթողիմեսն այդ վկայեց Հորդանանի եզերքին և դավանեց. «Դու ես Որդի Աստուծոյ» (Հովհ. 1:43-51): Պետրոսը ևս, այս դեպքից փոքր ինչ առաջ, Կափառնայումի քարոզչությունից և աշակերտներին տիրած վարանումից հետո, առաքյալների անունից նույնը կրկնեց «Դու ես Քրիստոսն՝ Որդի Աստուծոյ» (Հովհ. 6:61-72): Հետևաբար, բոլորովին նորություն կամ առաջնապտուղ դավանություն չէր այս անգամ հայտնվածը, այլ նշանավոր պարագայում ասված մի հայտարարություն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: